612 նախագծի առաջարկ Առաջին ալիքում

612 նախագծի առաջարկ Առաջին ալիքում

Հանրային հեռուստաընկերությունը հունիսի 10-ից մինչև հուլիսի 10-ը հայտարարել էր նոր նախագծերի ընդունման մրցույթ։  Հայտարարության մեջ նշվում էր, որ ցանկացողները կարող են ներկայացնել իրենց գաղափարները, որոնք կքննարկվեն հեռուստաընկերության գեղարվեստական խորհրդում։

Մեր գրավոր հարցմանն ի պատասխան՝  հեռուստաընկերությունից տեղեկացնում են, որ 10․06․2019-10․07․2019թթ․ ընկած ժամանակահատվածում  Հանրային հեռուստաընկերությունը ստացել է թվով 612 նախագծերի առաջկներ, որոնք եղել են կրթական, մշակութային, երաժշտական, սպորտային, ժամանցային, մանկական, հասարակական, քաղաքական ուղղվածության։ Եղել են նաև նովելաշարեր, վավերագրական ֆիլմեր և սփյուռքին ուղղված նախագծեր։

Անհատական նախագծերը թվով գերազանցել են ստեղծագործական թիմերի կողմից ներկայացրած նախագծերին։ Եղել են դեպքեր, որ անհատ մասնակիցը ներկայացել է թիմի անունից։ Այս պատճառով անհատական և թիմային նախագծերի տարանջատում չի եղել։ 

Հանրային հեռուստաընկերության հասարակայնության հետ կապերի ավագ մասնագետ Մարտինա Սարդարյանը նշում է, որ օգոստոս ամսվա կեսին հեռուստաընկերության գեղարվեստական խորհուրդը՝ ոլորտի այլ մասնագետների հետ միասին կկազմի նախընտրելի նախագծերի ցուցակ, որից հետո բոլոր մասնակիցները հայտերում նշված էլեկտրոնային հասցեներին կստանան պատասխան նամակ։

«Հայտատուների հետ հանդիպումից հետո և քննարկումներից հետո կիրականացվի վերջնական ընտրություն։ Նախագծերի նախնական ընտրության և գեղարվեստական խորհրդի ու ոլորտի այլ մասնագետների քննարկումների արդյունքների մասին առաջիկայում տեղյակ կպահվի հանրությանը։ Հանրային հեռուստաընկերությունը շնորհակալություն է հայտնում բոլոր հեղինակներին առաջարկների համար»,- ասվում է՝ մեր հարցմանն ի պատասխան։