«Հրապարակ». Սահմանամերձ գյուղերում դպրոցներ են կառուցում, բայց աշակերտ չկա
Սեպտեմբերի 4-ին Վայոց Ձեր կատարած այցելությունից հետո Նիկոլ Փաշինյանն ինքնաներշնչանքի սեանս արեց` ֆեյսբուքյան լայվի միջոցով։ «Հայաստանի Հանրապետությունը զարգանում է շոշափելի տեմպերով»,- արձանագրեց նա՝ նմանվելով ռուսական հայտնի ֆիլմի հերոսուհուն, ով կանգնում էր հայելու առաջ ու արձանագրում․ «Ես ամենագրավիչն եմ ու ամենահմայիչը»։
Այս անգամ էլ նա գնացել էր կիսակառույց շենքեր ու ճանապարհներ նայելու, ասֆալտ, 23 թվականի սուբվենցիոն ծրագրերի ընթացքին ծանոթանալու։ Ջերմուկում դիտահրապարակի շինարարությունը նայեց, որը մյուս տարի են հանձնելու, Եղնիկի արձանի ճանապարհի լուսավորության ապահովման աշխատանքներին ծանոթացավ, պուրակների ու այգիների, փողոցների, Գնդեվանքում քայլարշավային արահետի բարեկարգմանը հետեւեց։ Ելփին գյուղում կիսակառույց մանկապարտեզը ցույց տվեցին վարչապետին, որի վրա 343,4 մլն դրամ է ծախսելու գործադիրը։ Ռինդում «Նոա օֆ Արենի» ընկերության հիմնած խաղողի այգում եղավ` կաթիլային եղանակով ոռոգվող։ Սա արդեն այցելության ավարտն էր, գիշեր էր, մութ, ու հասկանալի չէր, թե ինչ է նա տեսնում լապտերների լույսի տակ։ Արենիում նորակառույց, գունավոր սենյակներով մանկապարտեզը տեսավ, որի վրա 1,3 մլրդ է ներդրվել, Քարագլուխ բնակավայրում թենիս խաղաց նոր մարզադպրոցի սաների հետ, Խաչիկ-Գնիշիկ ճանապարհի եզրին խոսեց գյուղացիների հետ, քարտեզ նայեց, մի երեխայի հետ նկարվեց, որն իրեն Նիկոլ պապիկ էր ասում։ Ամենուր ձեռքսեղմումներ, ծափեր, գյուղացիների երջանիկ ժպիտներ, Փառք ու Կեցցե։
Մի՞թե ամեն ինչ այսքան հիասքանչ է, ու բոլորը երջանիկ են Վայոց Ձորում, որ իրենց ՀՀ վարչապետն է այցելել։ Խոսեցինք սահմանամերձ Սերս եւ Նոր Ազնաբերդ գյուղերի բնակիչների հետ։
Նոր Ազնաբերդը Վայքի սահմանապահ գյուղերից է։ Մինչեւ սահման մոտ 700 մետր է։ Բնակավայրի հողերը հիմնականում կրակային գոտում են։ «Մեր գյուղը լավ պոտենցիալ ունի՝ երկու գետ է հոսում, լավ հողեր կան։ Բայց կյանքն այստեղ մեռած է։ Նախկին գյուղապետերը վարձակալել են էդ հողերը` 25 տարով։ 5 հեկտար հող է, որը քիչ չէ, անտեր երկիր է»,- գանգատվում է Նոր Ազնաբերդի բնակիչներից մեկը։
Նոր Ազնաբերդի վարչական ղեկավար Եղիշ Հովհաննիսյանը հայտնեց, որ այդ հողերի վարձակալն Արայիկ Հարությունյանն է, նախկին գյուղապետը։ «Ծառ է տնկել, այգի է մշակում»,- ասաց Հովհաննիսյանը։ Բայց իրավունք ունե՞ր ամբողջ գյուղի հողերը վերցնել, մանավանդ որ հողը քիչ է։ «Ինձ մի ասեք, դա իմ օրոք չի եղել»,- պատասխանում է վարչական ղեկավարը։ 6 տարում նա ոչ մի սուբվենցիոն ծրագիր գյուղի համար չի բերել։ Վարչական ղեկավարի հետ զրույցից պարզեցինք, որ Նոր Ազնաբերդը ո՛չ դպրոց ունի, ո՛չ մանկապարտեզ, ո՛չ գյուղապետարան։ Բայց գյուղապետը գոհ է։ Ոռոգման վիճա՞կը՝ «ընտիր», խմելու ջո՞ւր՝ «ունենք»։ Հովհաննիսյանի գլխավոր ցավը գրասենյակի բացակայությունն է։ «Մենակ գրասենյակի խնդիր ունենք»,- ասում է նա։ Վստահեցնում է, որ ունի 3 աշխատող՝ թոշակառու հավաքարար, օպերատոր ու ջրվար, որը բաշխում է ոռոգման ջուրը։ Ինչն է մաքրում հավաքարարը, եթե գրասենյակ չկա՝ հայտնի չէ։ Գյուղացիները պատմում են, որ կա նաեւ կազմակերպիչ, որը գումար է ստանում, բայց հայտնի չէ, թե ինչ է կազմակերպում, թոշակառու հավաքարարն էլ գյուղապետի զոքանչն է։
Գյուղի երեխաներն ամենօրյա շրջագայությունների մեջ են` դպրոցականները գնում են Խնձորուտ, մանկապարտեզի երեխեքը՝ Զառիթափ։ «Երեխեքին ամեն առավոտ տանում ենք գազելով` անվճար, առավոտը տանում ենք, ժամը 4-ին բերում ենք։ Համայնքն է գազելը տրամադրել»,- ասում է վարչական ղեկավարը։
Գյուղում ընդամենը 18-20 ընտանիք է մնացել։ Երեւանից մի երիտասարդ է եկել, տուն առել, «դաչայի» նման մնում է, բերք է հավաքում։ «Ձմեռը մի երեք ամիս գնում են Երեւան, էլի գալիս են»,- ուրախ պատմում է գյուղապետը։ Թե ինչ են փնտրում երեւանցիներն այս հեռավոր գյուղում, Հովհաննիսյանը չասաց։ Պարզվում է՝ կառավարության 16 մլն դրամ աջակցությունից օգտվելով են եկել «դաչնիկները», որ գյուղը զարգացնեն։ Բա ձեր գյուղում հեչ սուբվենցիոն ծրագիր-բան չի՞ իրականացվում, սահմանապահ եք, ի վերջո։ «Ծրագրեր ներկայացրել ենք, որ առաջվա հին պոմպակայանը սարքենք, որ ավելի շատ ջուր ունենանք, եկել-չափագրել, գնացել են»։ Իսկ դպրոց ե՞րբ են կառուցելու, թե՞ չի լինելու։ «Դեռ պետք է երեխեքով ապահովենք, որ լինի»,- պատասխանում է վարչական ղեկավարը։ Ընդամենը 18-20 մշտաբնակ ընտանիք է մնացել Նոր Ազնաբերդում։ Նրանք 17 երեխա ունեն։ Վայքի մյուս սահմանապահ գյուղում՝ Սերսում, 2 հարկանի դպրոց կա, որտեղ ընդամենը 6 աշակերտ է սովորում, մոտ 12-13 ուսուցիչ է աշխատում։
Սահմանամերձ Գոմքում էլ 26 աշակերտ կա։ Նրանց համար կառավարությունը սուբվենցիոն ծրագրով ահռելի` 2 հարկանի դպրոց է կառուցել, որի բացմանը վարչապետը մասնակցեց սեպտեմբերի 4-ին՝ իր այցի ժամանակ։ Նշվեց, որ սա գյուղի ողջ պատմության ընթացքում կատարված ամենամեծ ներդրումն է, որը կարելի է պատմական իրադարձություն համարել: Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է՝ սահմանամերձ գյուղական բնակավայրերում բնակապահովության 16 մլն դրամի պետական աջակցության ծրագրի երկրորդ փուլի մեկնարկը սկսել Գոմք բնակավայրից: Վարչապետի գնահատմամբ՝ այն պետք է լինի հասցեական եւ նպաստի գյուղերի զարգացմանը։ Իսկ տեղացիները պատմում են, որ այդ սուբվենցիոն ծրագրերից երեւանցիներն են օգտվում, որոնք գյուղերում տներ են կառուցում ու թողնում-գնում, ինչպես Նոր Ազնաբերդի երիտասարդը։ Այսպիսի տեղեկատվություն վարչապետին, իհարկե, չեն հասցրել։
Վայոց Ձորի նախկին փոխմարզպետ Նանե Ասատրյան- Բագրատունին կարծում է, որ համայնքների ակտիվությունից է կախված` կլինե՞ն ծրագրեր, թե՞ ոչ։ Արենին, Խաչիկն ակտիվ համայնքներ են, եւ այնտեղ շատ ծրագրեր կան, իսկ Բարձրունին ու Խնձորուտն աջակցության կարիք ունեն։ «Ինչքանով համայնքները կկարողանան պահանջել, համագործակցել, եզրեր գտնել, այդքան առաջնային ծրագրեր կիրականանան։ Նաեւ կառավարությունից է կախված, որ կարեւորություն տան հենց համայնքի բարձրացրած հիմնախնդիրներին։ Հաճախ դրանք ավելի կարեւոր են, քան եթե Երեւանում նստեն ու մտածեն՝ որտեղ ինչ անել։ Մեր երկրում գերատեսչությունների երկխոսության խնդիր կա։ ՏԻՄ-մարզպետ-կառավարություն երկխոսության բացակայության պատճառով նման ծրագրերը քիչ արդյունավետ են, ավելի արդյունավետ կարող էին լինել՝ այսպես ասեմ»։ Ըստ նախկին փոխմարզպետի, ծրագրերի բեւեռացում կա․ «Նայում են, որ խաչիկցիները լավ են ծրագիր անում, այնտեղ շատ ծրագրեր են արվում, մյուսներում՝ ոչ»։
Կարծիքներ