Հայկ Հարությունյանի ընկերները չեն հավատում ինքնասպանության վարկածին

Հայկ Հարությունյանի ընկերները չեն հավատում ինքնասպանության վարկածին

ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի առեղծվածային մահը շոկ է առաջացրել նրա ընկերների, նախկին գործընկերների շրջանում: Նրանք դժկամությամբ են անդրադառնում կատարվածին:  

Գեղարքունիքի փոխմարզպետ Անդրանիկ Հակոբյանը, որը երկար տարիներ Հայկ Հարությունյանի մտերիմ ընկերն է եղել, չի հավատում Հարությունյանի ինքնասպանությանը: «Ես հանրապետությունում չեմ, հիմա չեմ կարող խոսել: Բայց ես ասելիք ունեմ, հետո կխոսեմ, ինքնասպանությանը չեմ հավատում»,- ասաց նա մեզ: 

Գեներալ լեյտենանտ Արարատ Մահտեսյանը նույնպես բառեր չուներ եւ խուսափում էր հարցերին պատասխանելուց: 2008 թվականի մարտի 1-ի արյունալի իրադարձությունների ժամանակ նա զբաղեցնում էր ՀՀ ոստիկանապետ Հայկ Հարությունյանի առաջին տեղակալի պաշտոնը։ «Ես ոչինչ չեմ կարող ասել: Ողբերգական զգացողություն, միայն դա կարող եմ ասել, մնացածը վաղը չէ, մյուս օրը գերեզմանի մոտ կասեմ, ես խոսք ունեմ այնտեղ ասելու»,- ասաց նա: Իսկ Դուք հավատո՞ւմ եք գեներալ Հարությունյանի ինքնասպանության վարկածին: «Ես միայն փաստերին եմ հավատում, երբ որ փաստերն իմանանք, կասենք»: Հարցին, թե կարո՞ղ էր օպերատիվ աշխատանքի ահռելի փորձ ունեցած մարդը՝ դժվարին իրավիճակներում աշխատած, նման քայլի դիմել, Արարատ Մահտեսյանը պատասխանեց. «Ես որքանով որ իրեն ճանաչում եմ, չէր կարող»: 

Մահտեսյանը 2008 թվականի մարտի 4-ին ասուլիս էր տվել եւ հայտարարել, որ զանգվածային անկարգություններ կատարելու հրահանգները խռովարարները ստացել են Նիկոլ Փաշինյանից եւ Լեւոն Զուրաբյանից, եւ որ ի սկզբանե երկրի ղեկավարության կողմից բացառվել է ուժի կիրառումը: Այն ժամանակ ասուլիսի ժամանակ ասել էր մոտավորապես այն, ինչ Հայկ Հարությունյանը՝ Մարտի 1-ի գործով ցուցմունքներում: 

Քննչական կոմիտեն, ինչպես հայտնի է, հաղորդել է, որ նախկին ոստիկանապետի մահվան փաստով հարուցված քրեական  գործով հարցաքննվել է միակ վկան, որը եղել է գեներալի հետ նրա Բջնիի առանձնատանը։ Մեր տեղեկություններով՝ նա կին է, ում հետ ապրում էր Հարությունյանը: «Վերջինս հայտնել է Հայկ Հարությունյանի հետ ունեցած խոսակցության բովանդակությունը, որն առնչություն չի ունեցել Մարտի 1-ի դեպքերի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում նրա վրա ճնշումներ գործադրելու եւ, առհասարակ, որեւէ անձի կողմից ճնշումներ գործադրելու հետ»,- ասված է հաղորդման մեջ:

ՔԿ-ն հաղորդել է նաեւ, որ Հարությունյանը դեպքին նախորդած ժամանակահատվածում օգտագործել է զգալի քանակությամբ ալկոհոլ: Թեեւ ալկոհոլ օգտագործելն ինքնասպանության հանգեցնող գործոն համարել չի կարելի։ Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ «Ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը»: