Ոչ միայն մուղամ, այլև կարող է կազմակերպվել ջազ կամ քոչարի

Ոչ միայն մուղամ, այլև կարող է կազմակերպվել ջազ կամ քոչարի

Վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը, այսօր «Կանայք, խաղաղություն եւ անվտանգություն» խորագրով համաժողովի ժամանակ ներկայացրել է «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնությունը, խոսել է այդ արշավի նպատակների մասին, եւ ի թիվս բազում հայտարարությունների, որոնց մեջ՝ նաեւ որոշ վիճահարույց հայտարարությունների, Ադրբեջանի փոխնախագահ Մեհրիբան Ալիեւային հրավիրել է Արցախ՝ մուղամ լսելու, արձագանքելով նրա այն գրառմանը, թե իր երազանքն իրենց մուղամը Ղարաբաղի հողում լսելն է։ Աննա Հակոբյանն ասել է, որ այդ մուղամը Ղարաբաղում լսելու միակ եղանակը իր հրավերն ընդունելը եւ Ղարաբաղ այցելելն է, ինքն էլ պատրաստ է հետագայում այցելել Բաքու։

Մենք Արցախի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանից ճշտեցինք՝ ինչպե՞ս են Ստեփանակերտում վերաբերվում այս հրավերին, պատրա՞ստ են ընդունել Մեհրիբան Ալիեւային իրենց մոտ։ «Մենք պատրաստ ենք ընդունել յուրաքանչյուր մարդու՝ որպես հյուրի։ Եվ, ընդհանրապես, Ադրբեջանն անընդհատ ասում է, որ Արցախում պետք է ծածանվի ադրբեջանական դրոշը, դրան էլ ենք համաձայն, բայց էդ դրոշը պիտի լինի ադրբեջանական դեսպանատան վրա, եւ որ այն մենք տրամադրենք, եթե Ադրբեջանը ճանաչի Արցախի Հանրապետոթյունը։ Եվ Արցախը որեւիցե մեկին ազգային պատկանելության հողի վրա չի մերժել ու հալածանքների չի ենթարկել»,- ասաց Դավիթ Բաբայանը։ Աննա Հակոբյանն ասել է, որ կապահովվի Ալիեւայի համար մուղամ լսելու հնարավորությունը։ Դավիթ Բաբայանն ի պատասխան ասաց․ «Տարբեր հյուրանոցներում կարելի է տարբեր սերվիսներ մատուցել։ Եթե հիմա Ադրբեջանական Հանրապետության 1-ին փոխնախագահը կատարի պաշտոնական այց, կարող է կազմակերպվել նաեւ ջազ կամ քոչարի»։

Նշենք, որ ադրբեջանական Haqin az. կայքը, որը հրապարակում է հայաստանյան բազմաթիվ լուրեր, հրավերի վերաբերյալ որեւիցե մեկնաբանություն չի հրապարակել եւ լուրն անտեսել է։ Նշենք, որ վերջին շրջանում կարծես թե փորձ է արվում ներդնել երեք երկրներում փոխայցելությունների ինստիտուտը։ Մեր լրագրողներն այցելեցին Բաքու, նրանք՝ Երեւան ու Արցախ։ Դավիթ Բաբայանն ասում է, որ  նախկինում նման կուլտուրա եղել է, բայց Իլհամ Ալիեւի նախագահության օրոք բոլոր տեսակի նմանատիպ շփումները դադարեցվել են։

Հիշեցնենք, որ վերջին մի քանի օրերին Ադրբեջանում տեղի են ունենում գործընթացներ, որոնք վերլուծաբաններն անգամ անվանում են թավշյա իշխանափոխություն՝ փոխհամաձայնեցված Ալիեւների ու Փաշաեւների կլանների միջեւ։ Ինչպես հայտնի է՝ երկրի  խորհրդարանը հատուկ նիստի ժամանակ հայտարարել է ինքնալուծարման մասին, եւ նախատեսվում է, որ հաջորդ տարի կանցկացվեն արտահերթ ընտրոթյուններ։  «Մոդուս վիվենդի» կենտրոնի հիմնադիր Արա Պապյանը կարծում է, որ սա Մեհրիբան Ալիեւային իշխանության բերելու ձեւ է։ «Ակնհայտ է, որ երբ տարիներ առաջ նրան տրվեց առաջին փոխնախագահի պաշտոնը, էդ ժամանակ արդեն կային տվյալներ, որ իշխանափոխությունը պետք է տեղի ունենա ընտանիքի ներսում՝ հաշվի առնելով ե՛ւ Ալեւի զավակի շատ երիտասարդ լինելը, ե՛ւ նրա մոտ հիվանդությունների առկայությունը, Մեհրիբանը մի որոշ շրջան կլինի տեղապահ։ Իսկ հետո, ըստ հանգամանքների, իշխանությունը կա՛մ կգնա Իլհամին, կամ որդուն»,- ասաց Պապյանը։