Գրիգոր Ամալյանի՞, թե՞ Շմայսի հետքերով

Գրիգոր Ամալյանի՞, թե՞ Շմայսի հետքերով

Մեզ այլեւս հնարավոր չէ զարմացնել պետական ընտրովի կամ նշանակովի պաշտոն զբաղեցնող անձի ցինիզմով ու  ինքնավստահությամբ։ Մենք այս տարիներին շատ բան ենք տեսել՝ ե՛ւ լրագրողներին վիրավորելու, ե՛ւ խնդիրը հիվանդ գլխից առողջին փոխանցելու, ե՛ւ պարզապես մեր հարցերին պատասխանելուց հրաժարվելու դեպքեր։ Մեզ թվում էր՝ կան մարդիկ, որոնք չեն տրվի պաշտոնից բխող գայթակղություններին եւ զերծ կմնան լրագրողի աշխատանքի հանդեպ քամահրանքից, քանզի իրենք որոշակի եւ շատ սերտ առնչություններ են ունեցել լրատվության հետ ու գիտեն, որ առանց ազատ մամուլի չկա առաջադիմություն եւ չկա ժողովրդավարություն։ Սակայն պարզվում է՝ սխալվել ենք։ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը որոշել է լրատվության դասեր տալ ոչ միայն հեռուստատեսություններին, այլեւ ողջ մամուլին առհասարակ։ Նա իր ֆեյսբուքյան էջում հեռուստաեթերից մեջբերումներ է անում վերջերս եւ մեղադրական տոնով ու մուննաթով արձանագրում, որ տեսեք՝ թույլատրում ենք մարդկանց կարծիք հայտնել եւ քննադատել իշխանություններին։ Մենք փորձեցինք մեկնաբանություններ ստանալ այդ գրառումների եւ օդում կախված այլ հարցերի շուրջ, նա մեզնից գրավոր հարցեր պահանջեց եւ գրավոր պատասխանեց, որոնք դժվար է պատասխան անվանելը, սակայն ներկայացնում ենք անփոփոխ՝ հետեւությունները թողնելով ընթերցողին, որի վճարած հարկերից են աստղաբաշխական աշխատավարձեր ստանում ՀՌՀ անդամները։ 

1. Դուք ֆեյսբուքյան էջում վերջերս հրապարակումներ եք արել՝ առանձնացնելով 2 հեռուստաընկերությունների՝ հարցազրույցի ժանրում հեռարձակվող հաղորդումների ժամանակ հնչած կարծիքները։ Ի՞նչ նպատակ են հետապնդում այդ հրապարակումները։ Չե՞ք կարծում, որ անգամ եթե չեք նշում, որ արգելված է կարծիք հայտնելը եթերում, Ձեր գրառումները կարող են գրաքննության ազդեցություն ունենալ՝ հարցազրույց վարողների եւ հարցազրույց տվողների համար։
ա. Եթե ուշադիր կարդաք, ապա նպատակն ու մտահոգությունները գրառումներիս բովանդակության մեջ կգտնեք,
բ. Ոչ, չեմ կարծում: Կարծիք հայտնելու յուրաքանչյուր քաղաքացու իրավունքը չի կարող դիտարկվել որպես գրաքննություն (առաջարկում եմ ծանոթանալ գրաքննության սահմանումներին, գործիքակազմին):

2. Դուք Ձեր գրառումներով կասկածի տակ եք դնում հեռուստաընկերությունների հյուրերի եւ հեռուստաընկերությունների՝ պետության շահերով առաջնորդվելը։ Չե՞ք կարծում, որ դրանով վնաս եք հասցնում այդ ընկերությունների գործարար համբավին։ ՀՌՀ-ի կանոնադրական ո՞ր կետին է համապատասխանում Ձեր արածը։ Ինչո՞ւ եք Ձեր նկատառումները հայտնում Ֆեյսբուքում, դրանք անհատ անձ Տիգրան Հակոբյանի՞, թե՞ ՀՌՀ նախագահի կարծիքն են արտահայտում։
ա. Այո, կասկածի տակ եմ դնում։
բ. Կխնդրեմ բացատրեք. 
1) Ինչպե՞ս կարելի է վնաս հասցնել ինչ-որ մեկի գործարար համբավին, եթե չի նշվում այդ ինչ-որ մեկի անվանումը։
2) Արդյո՞ք չոր փաստերի շարադրանքը վնասում է գործարար համբավին: 
գ. ՀՌՀ կանոնադրություն գոյություն չունի (առաջարկում եմ ծանոթանալ ՀՀ Սահմանադրության եւ օրենսդրության այն դրույթների հետ, որոնցով կարգավորվում է Հանձնաժողովի գործունեությունը): 

3. Այդ հեռուստաընկերությունները, բացի Ձեր նշած հաղորդումները, հեռարձակում են նաեւ կառավարության եւ ԱԺ նիստերը, հարցազրույցներ են վարում իշխանության ներկայացուցիչների հետ։ Ի՞նչ եք կարծում, Ձեր գրառումներում պատկերն օբյեկտի՞վ է ներկայացվում։ Իսկ ինչո՞ւ չեք անդրադառնում պետական պաշտոնյաների, իշխանության ներկայացուցիչների հայտարարություններին, որտեղ նրանք վիրավորում են հանրային այս կամ այն խմբին ու անձանց, կասկածելի կարծիքներ են հայտնում, իսկ առավել հաճախակի՝ անմեղության կանխավարկած են խախտում։
ա. Ո՞ր հեռուստաընկերությունները։
բ. Ինչպե՞ս կարող են բառացի մեջբերումներն օբյեկտիվ չլինել, եւ եթե մեջբերումները, օբյեկտիվությունը կասկածի տակ եք դնում, ապա ինչքանո՞վ են օբյեկտիվ եւ անկողմնակալ բամբասանքներից, ենթադրություններից եւ մանիպուլյատիվ հնարքներից բաղկացած Ձեր հարցերը:
գ. ՀՌՀ-ն մշտադիտարկում է ոչ թե քաղաքական եւ պետական գործիչների հայտարարությունները, այլ եթերի բովանդակությունը՝ օրենսդրությանը համապատասխանության առումով (խորհուրդ եմ տալիս եւս մեկ անգամ ուշադիր կարդալ գրառումներս):

4. Դուք նշել եք, որ նախորդ իշխանության օրոք հեռուստաեթերում նման ձեւակերպումներ չեն հնչել, նախկինում է՞լ եք նման մոնիթորինգ իրականացրել։ Եթե այո՝ ինչո՞ւ չեք հրապարակել դրանք։ Դուք նշանակվել եք նախկին իշխանությունների ժամանակ, խնդրում եմ ասեք՝ ի՞նչ տարբերություններ կան նախկինում Ձեր աշխատանքի եւ այսօրվա միջեւ։ Ի՞նչ հրահանգներ էիք ստանում առաջ եւ ինչ հրահանգներ եք ստանում հիմա՝ գործող իշխանություններից։
Ձեր այս հարցում բացակայում են տրամաբանությունն ու պատճառահետեւանքային կապը, այնուամենայնիվ, փորձեմ պարզաբանել. 

ա. Հեռուստաեթերի մշտադիտարկումն իրականացվում է 2004 թվականից, եւ, այո, նման ձեւակերպումներ եթերից չեն հնչել (կարող եք լրագրողական հետաքննություն անցկացնել եւ համոզվել), իսկ եթե չեն հնչել, ինչպե՞ս եք պատկերացնում գոյություն չունեցող արտահայտությունների հրապարակումը։
բ. Նախագահի պաշտոնին ընտրվել եմ 2019 թվականի հունվարին, ուստի նախորդ իշխանության ժամանակ այս լիազորությունները չունեի եւ չեմ կարող համեմատել, ինչպես Դուք՝ անհամեմատելին։
գ. Որպես մեդիայի խնդիրներով զբաղվող լրագրող՝ պետք է տեղյակ լինեք, որ ՀՌՀ անդամը ոչ թե նշանակվում, այլ ընտրվում է ԱԺ-ի կողմից, եւ Ձեր պնդումը՝ նշանակման մասին, պարզ ապատեղեկատվություն է եւ մանիպուլյացիա։ 
դ. Հանձնաժողովը գործադիր իշխանության մաս չի կազմում, ուստի իշխանությունը չի կարող հրահանգներ տալ ՀՌՀ-ին կամ ՀՌՀ նախագահին (եւս մեկ անգամ առաջարկում եմ ծանոթանալ ՀՀ Սահմանադրության եւ օրենսդրության այն դրույթների հետ, որոնցով կարգավորվում է Հանձնաժողովի գործունեությունը, եւ երաշխավորվում է ՀՌՀ անկախությունը): 

5․ Պատրաստվո՞ւմ եք մոնիթորինգ անել ատելության խոսքի հետ կապված եւ մասնավորապես՝ ուսումնասիրել ՀՀ վարչապետի հայտարարությունները, պարզելու համար, թե կա՞ն այնտեղ ատելություն, զրպարտություն կամ վիրավորանք պարունակող արտահայտություններ։ 
Ոչ, չենք պատրաստվում, քանի որ. 
ա. Ատելության խոսքի սահմանումը օրենսդրությունից բացակայում է եւ իրավական հետեւանքներ չի առաջացնում (հուսով եմ՝ նոր օրենքում այս խնդիրը կարգավորում կստանա, ինչպես բոլոր ժողովրդավարական երկրներում)։
բ. Կրկնեմ․ Հանձնաժողովի լիազորություններից դուրս է ցանկացած քաղաքացիների, այդ թվում պաշտոնյաների, այդ թվում վարչապետի հայտարարությունների բովանդակության մշտադիտարկումը: Իմ գրառումը այլ ու շատ մտահոգող խնդրի մասին էր, ինչը, ցավոք, վրիպել է Ձեր ուշադրությունից:

6. Տեղեկություններ են շրջանառվում, որ հեռուստադաշտի նկատմամբ վերահսկողությունն իշխանությունն իրականացնում է Ձեր միջոցով՝ անցյալում հեռուստաընկերությունները կառավարում էին նախագահականից, հիմա Հեռուստատեսության հանձնաժողովն է այդ գործառույթն իրականացնում։ Ըստ այդ տեղեկությունների, Դուք անձամբ կապվում եք ՀԸ-ների տնօրենների ու լրագրողների հետ եւ զգուշացնում եք այս կամ այն արտահայտության, այս կամ այն հյուրին հրավիրելու ոչ նպատակահարմարության մասին՝ ակնարկելով դրա անցանկալի հետեւանքների մասին։
Անհեթեթ եւ սադրանք պարունակող հարց: Խոսեք հեռուստա եւ ռադիոընկերություններում աշխատող հարյուրավոր լրագրողների, ղեկավարների, սեփականատերերի հետ եւ բերեք գոնե մեկ օրինակ, որը կհաստատի Ձեր պնդումը, հակառակ դեպքում հակված եմ կարծելու, որ փորձում եք ապատեղեկատվություն եւ զրպարտանք տարածել: 

7. Ճի՞շտ է, որ «Շանթ» հեռուստաընկերության սեփականատիրոջն ասել եք, որ հետ գնի իր ՀԸ բոլոր բաժնետոմսերը, հակառակ պարագայում հեռուստաընկերությունը կզրկվի հաճախականությունից։ 
Բացատրեք, խնդրեմ. 
1. Ինչո՞ւ եւ ինչպե՞ս կարող է հեռուստաընկերության սեփականատերը հետ գնել իրեն պատկանող բաժնետոմսերը։ 
2. Կխնդրեմ ծանոթանալ լիցենզիայից զրկելու գործընթացին, եւ միգուցե հասկանաք Ձեր հարցադրման անհեթեթությունը: 
Պարզ զրպարտանք է: 

8. Շուտով կմեկնարկեն կապուղիների մրցույթները։ Հնարավո՞ր է, որ քննադատական դիրքերից հանդես եկող «Արմնյուզ» եւ Հ5 հեռուստաընկերությունները զրկվեն կապուղիներից, եւ նրանց փոխարեն դաշտում հայտնվեն նոր՝ իշխանությունների կողմից կառավարելի հեռուստաընկերություններ, որոնք միայն «դրական» լուրեր հաղորդեն հեռուստադիտողին եւ եթեր հրավիրեն իշխանական բանախոսների։

Գտեք, խնդրեմ, եւ ներկայացրեք օրենսդրության մեջ գեթ մեկ կետ, որը կիրառելով, հնարավոր կլինի զրկել ՀԸ-ն լիցենզիայից՝ քննադատական դիրքերից հանդես գալու համար: 

ՀԳ․ Եվ վերջում՝ բարեկամական խորհորդ Ձեզ. պաշտոնատար անձին (հատկապես ինձ, որը լրատվամիջոցներում աշխատելու, մեդիաոլորտը ղեկավարելու եւ համակարգելու, լրագրողական առարկաներ դասավանդելու հսկայական փորձ, գիտելիքներ եւ հմտություններ ունի) հարցեր ուղղելուց մի քիչ նախապատրաստվել եւ հարցազրույցով ճշմարտությունը բացահայտելու խնդիր դրեք: Ցավոք, Ձեր հարցադրումները լրագրողական էթիկայից, կանոններից, պարզ տրամաբանությունից դուրս են: