Ստյոպա Սաֆարյանը քննիչին բացատրություն է տվել

Ստյոպա Սաֆարյանը քննիչին բացատրություն է տվել

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի՝ գլխավոր դատախազին ուղղված դիմումի հիման վրա ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ՔՕ 137-րդ հոդվածով եւ 226-ի 2-րդ մասով: Հարուցված քրեական գործերը միացվել են իրար եւ քննվում են մեկ քրեական գործի շրջանակում: Խոսքը վերաբերում է ֆեյսբուքյան տարբեր օգտատերերի կողմից հնչեցված սպառնալիքներին՝ ուղղված ԱԺ պատգամավորին։ Մասնավորապես, «Ռեգինա Պրազյան» եւ «Մանե Էլբակյան» անուններով ֆեյսբուքյան էջերին, որոնք, ամենայն հավանականությամբ, կեղծ էջեր են՝ ֆեյքեր։ Մենք տեղեկացանք, որ Նաիրա Զոհրաբյանը նաեւ անուններ է նշել, թե ովքեր կարող են կանգնած լինել այդ հայհոյախոս ֆեյք էջերի հետեւում։ Մեր տեղեկություններով, նա նշել է Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանի եւ ԱԺ պատգամավոր Արփի Դավոյանի անունները, իր էջում էլ նրանց մասին գրառումներ է արել։

Հարուցված քրեական գործի շրջանակներում քննիչը բացատրություն է վերցրել Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանից։ Նա մեզ ասաց․ «Քննիչը եկել է՝ շատ շուտ, իմ բացատրությունները գրել է, պարզաբանումներ եմ տվել, որ ես որեւէ առնչություն չունեմ, չեմ կարող ունենալ եւ չեմ ճանաչում այդ անձին։ Ես 3 նախադասություն եմ գրել՝ չեմ ճանաչում, կապ չունեմ, չգիտեմ ով է»։ Հարցրինք՝ իսկ չե՞ն հարցրել, թե արդյոք ի՞նքն է «Ռեգինա Պրազյան» էջի իրական օգտատերը։ «Ինձ նման հարց չի տրվել, ինձ հարցրել են՝ ճանաչո՞ւմ եք, գիտե՞ք, եւ ոչ ավելին։ Ես կարդացել եմ Նաիրա Զոհրաբյանի ուղարկած նամակը գլխավոր դատախազին, եւ այդտեղ է եղել, որ ըստ օդում կախված լուրերի եւ այլն․․․ ես դրա հետ կապված՝ հրապարակային արձագանքել եմ, ես այդ ժամանակ պահանջել էի Նաիրա Զոհրաբյանից՝ ներողություն խնդրել իր գրառման համար, որից հետո քննիչն ինձ այդ հարցերն է տվել եւ ոչ ավելին, ավելին չէի էլ կարող գրել, որովհետեւ ես ո՛չ ճանաչել եմ, ո՛չ էլ կարող էի կապ ունենալ»,- ասաց Սաֆարյանը։