Փաշինյանն արել է մի քայլ, որ անգամ Աթաթուրքը չի արել

Փաշինյանն արել է մի քայլ, որ անգամ Աթաթուրքը չի արել

Նախորդ շաբաթ հայկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի միջև։ Կրեմլից հայտնում են, որ Հայաստանի վարչապետն ընդունել է ՌԴ նախագահի հրավերը և մասնակցելու է մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք հոբելյանական միջոցառումներին՝ նվիրված Հաղթանակի 80-ամյակին։ Հաղորդվում է, որ հեռախոսազրույցի ժամանակ շոշափվել են ռուս-հայկական փոխշահավետ հարաբերությունների հետագա զարգացման որոշ հարցեր։ Հայտնի է, որ Իլհամ Ալիևը նույնպես ներկա է գտնվելու Մոսկվայում կայանալիք միջոցառումներին: Ըստ որոշ գնահատականների, վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձում է Ռուսաստանի հետ վատթարացած հարաբերությունները վերականգնել: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի կարծիքով՝ Միացյալ Նահանգների վարչակազմի փոփոխությունից հետո իշխանությունը՝ Փաշինյանի գլխավորությամբ, քաղաքական հովանավորների փնտրտուքի մեջ է: «Վերջին 10-15 օրերի, անգամ քաղաքական լրահոսից ակնհայտ է, որ շփումներն ինտենսիվացել են», - նկատել է պատգամավորը:

Հայ-ռուսական հարաբերությունների, մայիսի 9-ին կայանալիք հանդիպման և հնարավոր զարգացումների մասին «Հրապարակը» զրուցել է քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանի հետ:

- Տեսակետ կա, որ Փաշինյանը փորձում է Հայաստանը նորից ռուսական ազդեցության գոտի տանել: Աշխարհաքաղաքական վերջին զարգացումները, հայ-ռուսական վերջին շփումները նման տպավորություն են թողնում: Ձեր կարծիքով` ի՞նչ հնարավոր զարգացումներ են սպասվում այս համատեքստում: Մայիսի 9-ին Կրեմլում ներկա են գտնվելու մեկ հարկի տակ Ալիևը և Փաշինյանը: Ի՞նչ սպասել:

- Այն տեսակետները, որ Նիկոլ Փաշինյանը նորից թեքվում է Ռուսաստանի կողմ, ինձ համար հասկանալի չեն: Ասեմ, որ Հայաստանը մշտապես նույն տեղում է, այդ Նիկոլ Փաշինյանն է, որ վեկտորների մասով խաղեր է փորձում իրականացնել: Տարածված ձևակերպում է դարձել վերջին շրջանում, որ Նիկոլ Փաշինյանը վերադառնում է ռուսական նավահանգիստ: Արձանագրենք հետևյալը` Նիկոլ Փաշինյանը 2018 թվականից սկսած քայլեր է իրականացնում, որոնք ակնհայտորեն Ռուսաստանի Դաշնության դեմ են: Լավ է դա, թե վատ է, բայց մեր պետականությունը կառուցված էր մի շարք էլեմենտների շուրջ, որոնց առանցքում Մոսկվայի և Երևանի միասնական անվտանգության համակարգն էր, ինչպես նաև` Երևանի և Ստեփանակերտի միասնական անվտանգության համակարգը, պայմանագրեր ՌԴ-ի հետ, ռուսական տնտեսական ներկայություն Հայաստանում, էներգետիկ գոտի և այլն: Այս ամենը Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն վերացրել է 2018 թվականից սկսած: Այս մարդու արտաքին քաղաքական վեկտորը միշտ նույնն է եղել: Նա մի անգամ Վլադիմիր Պուտինին ծննդյան տարեդարձի կապակցությամբ և զանգահարեց, և նամակ գրեց, եթե մենք դա դիտարկենք պրոռուսականության դրսևորում, ապա կնշանակի, որ մակերեսային ենք հարցերը դիտարկում: Խորքային քաղաքական տեսանկյունից Նիկոլ Փաշինյանի քաղաքական վեկտորը եղել է Թուրքիան և մնում է Թուրքիան: Փաշինյանն անգամ դրան անուն է հորինել` տարածաշրջայնացում, իրականում Հայաստանն ինտեգրում է թուրքական աշխարհի մեջ: Ինչ վերաբերում է մայիսի 9-ի այցին, ապա մի քանի դիտարկում այս մասով. Փաշինյանն աշնանը Հանրային հեռուստաընկերությանը հարցազրույց է տվել և ՀԱՊԿ-ի դեմ կոնկրետ հայտարարություններով է հանդես եկել: Այժմ էլ երկրորդ ընթերցմամբ «Եվրաքվե» կոչվածն են ԱԺ մտցրել: Սրանք քայլեր են, որոնք հստակ ցույց են տալիս` արտաքին քաղաքական վեկտորի հարցում իշխանությունները չեն պատրաստվում փոփոխությունների գնալ: Ստացվում է, որ բալանսների վրա խաղում են, մայիսի 9-ին գնում են Մոսկվա, բայց հերթական անգամ թքում են ՀԱՊԿ-ի ուղղությամբ, մայիսի 9-ին գնում են Մոսկվա, բայց ԵՄ անդամակցության վերաբերյալ բանաձև են բերում: Նիկոլ Փաշինյանին ցավալիորեն թվում է, թե այդ ամենը երկար կարող է աշխատել դեռ, որ ռուսական կողմն այս ամենը անարձագանք է թողնելու: Երկար ժամանակ հակառուսականության հովանավորը Հայաստանում Արևմուտքն էր, հիմա այդ հովանավորը Թուրքիան է դառնալու: Նիկոլ Փաշինյանն այսօր առավել քան երբևէ չի կարողանալու բալանսավորված խաղ խաղալ, թուրքերը մի կողմից են ճնշելու, ռուսները` մի: Երկու կողմը գործնական ապացույցներ է ուզելու, Եվրոպան էլ իր հերթին: Այս ամենի արանքում Նիկոլ Փաշինյանը չի կարողանալու խաղեր խաղալ: Նա վերջնական պետք է իր ընտրությունը կատարի: Պայմանականորեն մտածենք` այս մարդը եթե հիմա գնաց ռուսների կողմ և ասաց, որ փոխում է իր քաղաքական վեկտորը դեպի ՌԴ, պարզ է, որ Ռուսաստանն էլ իր շահերի համար սկսելու է օգտագործել Հայաստանը, կարող են ինչ-որ զիջումներ կորզել, օրինակ` տնտեսական առումով: Ռուսաստանն իրավիճակից փորձելու է օգտվել` ինչպես Եվրոպան, ինչպես Թուրքիան: Փաշինյանը գնում է Եվրոպա, ասում է` մենք մոտ կգանք ԵՄ-ին այնքան, որքան թույլ կտաք, Եվրոպան ասում է` ատոմակայանը հանիր Հայաստանից, ռուսներին «Զվարթնոցից» հանիր, Մարգարայի անցակետից հանիր և այսպես շարունակ: Հիմա ռուսները կարող են նույնպես գործնական քայլեր պահանջել: Այդ ամենի արդյունքում տուժելու ենք մենք: Նման ենք դիվանագիտական պինգպոնգի` գնդակի կարգավիճակում ենք, այլ ոչ թե խաղացողի:

- Բայց եթե Թրամփ-Պուտին հարաբերությունները մերձենում են, Հարավային Կովկասը նորից անցնում է ռուսական ազդեցության գոտի, հնարավոր չէ՞, որ Փաշինյանը անգամ ստիպված փոխի արտաքին քաղաքական վեկտորը: ԱՄՆ-ն ու Եվրոպան փաստացի լվանում են ձեռքերը տարածաշրջանից:

- Այո, բայց Թուրքիան մնում է իր դիրքերում: Նիկոլ Փաշինյանի ռազմավարական ընտրությունը 2018 թվականից Թուրքիան է, գուցե ավելի վաղ էլ է այդպես եղել: Միակ համակարգը, որտեղ կարող են մարդուն պարգևատրել Արցախը հանձնելու համար, դա Թուրքիան է: Եթե դու Արցախը հանձնել ես Ադրբեջանին, իսկ Հայաստանը ինտեգրում ես թուրքական աշխարհին, դու անում ես մի քայլ, որ անգամ Աթաթուրքը չի արել: Փաշինյանին կարող են պարգևատրել, մի քիչ էլ հանդուրժեն իրեն որպես պետության ղեկավար, իսկ Հայաստանը` որպես պետություն: Նույնիսկ Ֆրանսիայի համար Նիկոլ Փաշինյանն ընկալելի ղեկավար չէ: Ֆրանսիայի Սենատը մի բանաձև էր ընդունել, ըստ որի պետք է ճանաչվեր Արցախի անկախությունը: Ասածս այն է, որ միակ պետությունը, որ ողջունում է Արցախն Ադրբեջանին հանձնելը, դա Թուրքիան է: Նիկոլ Փաշինյանը չի կարող Ռուսաստանի հետ ռազմավարական հարաբերությունները վերականգնել: Նա ոչնչացրել է այդ ամենը, այլ հարց է, որ այդ ամենի համար Փաշինյանին պատասխանատվության ենթարկելուց առաջ, փորձելու են օգտագործել:

- Իսկ հնարավո՞ր է, որ Մոսկվայում մայիսի 9-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր պայմանագիր կնքվի:

- Եթե Ադրբեջանը համարում է, որ Հայաստանը «Արևմտյան Ադրբեջան» է, ի՞նչ պետք է անի հիմա, կստորագրի՞ արդյոք: Իհարկե` ոչ: Իմ խորին համոզմամբ ՀՀ տարածքային ամբողջականությունը, անվտանգությունը պահպանելու միակ ճանապարհը 2020 թվականի նոյեմբերի 9-ի պայմանագրին վերադառնալն է: Ուրիշ հնարավորություն չկա, բայց քանի որ այդ պայմանագիրը հակասում է թուրքական շահերին, շատ քիչ է հավանականությունը, որ Հայաստանը կարող է այդ պայմանագրին վերադառնալ: