Կարող էր շատ ավելի վատ լինել. «Աստղիկ» ԲԿ-ի տնօրեն

Նախկին ու ներկա իշխանությունների սիրելի օլիգարխ Սամվել Ալեքսանյանին պատկանող «Աստղիկ» ԲԿ-ի տնօրեն Ասատուր Ասատրյանի համար կառավարությունն ու նախարարությունն ինչ անում են այս օրերին, լավ են անում, ճիշտ են անում, կարելի է ասել՝ ամեն ինչ հրաշալի է։ Իսկ թե ինչու է ամեն ինչ այդքան վատ, եթե ամեն ինչ այդքան հրաշալի է, փորձեցինք պարզել պարոն Ասատրյանի հետ զրույցում, ում համոզմամբ՝ Արսեն Թորոսյանի ղեկավարած գերատեսչությունն ամեն ինչ շատ գրագետ է անում։
Նկատենք միայն, որ ոլորտի շատ մասնագետներ բազմաթիվ խնդիրներ են արձանագրում նախարարության աշխատանքում, մինչդեռ ոչ մի խնդիր չեն ուզում տեսնել հիմնականում նրանք, որոնք կախում կամ ֆինանսավորում ունեն նախարարությունից։
«Ի՞նչ գնահատական տամ, եթե, Աստված չանի, հիվանդների հոսքը շատանա, մենք պատրաստ ենք ընդունել։ Մենք հիմա պլանային վիրահատություններ չենք կատարում, միայն շտապօգնությամբ անհետաձգելի բուժօգնությամբ դիմած հիվանդներ ենք ընդունում։ Եղել են հիվանդներ, որոնք ընդունվել են կասկածով, բայց մեր հիվանդանոցում կորոնավիրուսով հիվանդներ չեն եղել»,-«Աստղիկ» ԲԿ-ում վերջին օրերին տիրող իրավիճակը հակիրճ ներկայացրեց Ասատուր Ասատրյանը։
-Այսինքն՝ մարդկանց հոսքին զուգահեռ նաև հիվանդանոցի բյուջե մուտքե՞րն են նվազել։
-Այո, անգամներ է իջել, որովհետև մարդիկ զգույշ են, կարանտնի մեջ են, և եթե կարող են հետաձգել իրենց վիրահատությունները, հետաձգում են։
-Իսկ նախարարության աշխատանքն ինչպե՞ս եք գնահատում, հատկապես, որ նախարարը երկու օր առաջ ասում էր՝ արդեն վերահսկողությունից դուրս է եկել իրավիճակը։
-Ի՞նչ եք ուզում, որ ես ասեմ։ Իմ կարծիքով՝ նախարարության կողմից ամեն ինչ արվում է բարձր մակարդակով, վիրուսը ինքն իրենով շատ տարածվող է, ունի 14 օր ինկուբացիոն շրջան, որ կարող է մարդ չիմանա, որ հիվանդ է ու տարածի, այսինքն՝ անպայման չի մտածել, որ նախարարությունն է մեղավոր։ Չգիտեմ, եթե նախարարն ասել է՝ վերահսկողությունից դուրս է եկել, էդ ամբողջ աշխարհում է վերահսկողությունից դուրս եկած, բայց դա չի նշանակում, որ առողջապահական համակարգն է վատ աշխատում։ Կարող էր շատ ավելի վատ լինել, ու հաստատ ավելի վատ կլիներ, եթե նման գրագետ ձևով չաշխատեին։
-Բայց կարող էր նաև ավելի լավ լինել, ինչպես մեր հարևան Վրաստանում, որտեղ կարողացան կանխել, դեմն առնել, որ վիրուսի շղթայական տարածումը այդքան մեծ չլինի։
-Դե, չգիտեմ, Վրաստանին ես ծանոթ չեմ՝ ինչքանով է իրենց թվերը ստույգ, բայց, իմ կարծիքով, էստեղ ահռելի մեծ աշխատանք է տարվում, որ չտարածվի։
-Նախարարին ու մյուսներին քննադատում են, որ եթե ժամանակին ավելի լուրջ մոտենային, չասեին՝ սա թեթև վիրուս է, պինցետով կքաշեն կհանեն, տնական օղիով էլ կոչնչացնեն, ժողովուրդը ավելի զգոն կլիներ։ Փաստորեն, բանը բանից անցավ, նո՞ր հասկացան, որ վիճակը լուրջ է։
-Իսկ ժողովուրդը հիմա զգո՞ն է։ Որ նայում եք, էլի դուրս են գալիս, էդ ասելը ի՞նչ կապ ունի, ես կարծում եմ՝ էդ ասելը կապ չունի վիրուսի տարածման հետ։ Էն ժամանակ, երբ որ դա ասվել է, եթե նույնիսկ էդ ժամանակ կարանտին էլ անեին, ոչ ոք չէր հասկանա՝ էդ ինչ բան է, ինչու են անում էդ կարանտինը ու ինչու չեն թողնում՝ դուրս գան մարդիկ։
-Դե, եթե վերահսկողությունը խիստ չի, բնականաբար ժողովուրդն էլ զգոն չի լինում, հիմա կարանտին է, բայց շատ վայրերում մարդիկ էլի դրսում ազատ ման են գալիս։
-Դե, ժողովուրդն էլ իրենց բակերն են դուրս գալիս․․․ եթե մարդն ինքը չի ուզում պաշտպանվի, շատ դժվար է վերահսկելը, էդպես չի՞, չե՞ք կարծում․․․ եթե թույլ են տվել, որ մարդ գնա սուպերմարկետ առևտուր անի, մարդն էլ օրը հինգ անգամ է գնում։
-Բայց նույն Վրաստանում ոստիկանները գնում հսկում են, որ սոցիալական հեռավորություն պահպենեն, ամեն մեկին թույլ չեն տալիս մտնի խանութ․․․
-Դե, Դուք ինձնից լավ եք տիրապետում, ի՞նչ ասեմ․․․
-Ի դեպ, ասում են, որ թեստերի հետ կապված խնդիր է առաջանում, որ մի քանի օր ուշացնում են թեստավորումը կամ դրանց պատասխանները։ Այստե՞ղ ով է մեղավոր։
-Հիմա արդեն մեր հիվանդանոցում էլ ենք թեստ անում՝ շատ օպերատիվ, շատ արագ, երևի մի օրվա մեջ տալիս ենք պատասխանը։ Մենք երեկվանից ենք սկսել անել, ու օրական մի 100 թեստ կարող ենք անել։
-Իսկ նախարարի, նախարարության հետ ակտիվ շփում ունե՞ք, խորհրդակցո՞ւմ եք, օրինակ, նախարարի հետ։
-Ամենօրյա ռեժիմով աշխատում ենք, այո։
-Լինո՞ւմ են ինչ-որ թերություններ, խնդիրներ, որ արձանագրեք, իրենց ասեք, որ շտկեն, կամ դրական բաներ լինեն, էլի ասեք։
-Դե, դրական բան է, որ մենք արդեն կարողանում ենք թեստավորել, թույլտվություն ենք ստացել, թեստեր ենք ստացել և անվճար անում ենք։ Ամեն հարցով մեզ աջակցում են, բա ո՞նց։
-Իսկ եղե՞լ է դեպք, որ պացիենտը գա ձեզ մոտ, թեստավորեն, պարզվի՝ վիորուսակիր է։
-Մենք ունենք իզոլյատոր (վարակակիրների համար նախատեսված հատուկ մեկուսարան), բոլոր հիվանդները, որոնք գալիս են էդ կասկածով, իրենք սկզբնական անցնում են այդ թեստավորումը, բացասական պատասխանի դեպքում արդեն ընդունում ենք հիվանդանոց, իսկ դրականի դեպքում ուղարկում ենք Ինֆեկցիոն կամ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։ Իզոլյատորը հագեցած է ամեն ինչով՝ ռեանիմացիոն ծառայությամբ, մնացած ամեն ինչով, և հիվանդի անվտանգությունն ապահովված է 100 տոկոսով։ Եղել է, մեկ-երկու դեպք եղել է, որ պատասխանը դրական է եղել ու տեղափոխվել է համապատասխան բուժհաստատություն։
Կարծիքներ