Երկու էմոցիա անհնարին են դարձնում առաջընթացը

Երկու էմոցիա անհնարին են դարձնում առաջընթացը

Թվում է` այսօր արժեհամակարգային մեծ փոփոխություններ են կատարվում, եւ դրանք մեծ ծրագրի մի մասն են: Ասենք, հետեւողականորեն ոչնչացվում, արժեզրկվում են որոշ գաղափարներ, նենգափոխվում են շատ հասկացություններ: Օրինակ, եռագույն դրոշն ինչ-որ պահից նույնացվեց փողոցային պայքարի եւ ընդդիմության հետ, խաղաղության գաղափարը դարձավ պարտության հոմանիշ, Արցախի հանդեպ սերն ու հոգածությունը փոխարինվեցին նրանով, որ այն որպես բեռ է ընկալվում որոշ հայաստանցիների կողմից եւ այլն: Հոգեբան Աննա Գալստյանը մեզ հետ զրույցում խոսել է ընդդիմության շարժման եւ իշխանությունների կեցվածքի մասին։

«Ներկա քաղաքական շարժումը մի կարեւոր բան հաշվի չի առնում` մարդկանց խորքային կամ անգիտակցական էմոցիաները։ Ի՞նչ են զգում մարդիկ «նախկիններ» ասելով։ Երբեւիցե որեւէ հոգեբանական կամ սոցիոլոգիական հետազոտություն արվե՞լ է՝ պարզելու, թե ինչու ժողովուրդը չի համախմբվում։ Բայց չէ՞ որ նույն ժողովուրդը ցավ է ապրում՝ պատերազմի հետեւանքների հետ կապված, դժգոհ է իր կյանքից ու երկրում տիրող իրավիճակից։ Մեծ մասը ներկա կառավարությանը չի վստահում ու չի ընդունում, շատերն ուզում են, որ ներկա կառավարությունը փոխվի, բայց... չեն էլ սատարում ընդդիմադիր շարժմանը։

Իմ հարցումների ու դիտարկումների արդյունքում ես երկու էմոցիա կարող եմ մատնանշել, որոնք առկա են ու որոնք էլ անհնարին են դարձնում առաջընթացը։

Վախ։ Սա մեր ամենախորքային, բնազդային ինքնապաշտպանական էմոցիան է։ Դրա բացակայությունը վտանգում է մեր կյանքն ու գոյությունը, իսկ շատ լինելը սահմանափակում է մեզ։ Մարդուն, որը մի անգամ ուժեղ վախեցել է շներից, դժվար է համոզել՝ շանը մոտիկ գնալ, շոյել, սիրել։ Իսկ ի՞նչ եք կարծում՝ տանը պահել նա կհամաձայնի՞։

Ի՞նչ է զգում մարդկանց մեծ մասը, երբ օձ է տեսնում։ Հատկապես, եթե իմանում են, որ թունավոր է. սարսա՞փ, թե՞ հիացմունք։ Այն, որ օձը վտանգավոր սողուն է, ոչ ոք սեփական փորձով չի համոզվել, ո՛չ շփվել է մոտիկ տարածության վրա, ո՛չ էլ երբեւէ օձը խայթել է իրեն կամ ծանոթներին։ Միայն լուրերով ու ասեկոսեներով գիտեն։ Բայց դժվար կլինի մարդուն համոզել, որ օձ տեսնելիս չվախենա կամ ապրի տարածքում, որտեղ մի օձ կա, անգամ եթե այդ օձը թունավոր չէ։ Դա մարդու անգիտակցական վախն է, որը գրեթե չի վերահսկվում։ Օձի փոխարեն ցանկացած վայրի կամ թունավոր կենդանու կարող եք դնել․ էֆեկտը գրեթե նույնն է։ Փորձեք ցանկացած մարդու հարցնել. «Եթե ընտրելու միայն երկու հնարավորություն ունենաս, ո՞րը կընտրես` ապրել մի տան մեջ, որտեղ օ՞ձ կա, թե՞ շուն»: Պատասխանը գրեթե 98%-ով կլինի` շուն։ Գուցե շունը, որը մարդու բարեկամն է, կատաղած է, իսկ օձը թունավոր չէ։ Դա, կարծում եմ, կփորձի պարզել ժողովրդի ընդամենը 2%-ը։ Մնացած մասը կենթարկվի վախին` ամենախորքային բնազդին։

Զզվանք։ Այս էմոցիան բացասական էմոցիաներից, թերեւս, ամենակայուններից է։ Եթե ատելությունը, հիասթափությունը, տխրությունը, բարկությունը եւ այլն կարող են ժամանակի ընթացքում վերանալ կամ տրանսֆորմացվել, զզվանքը շատ դժվար է լինում փոխել։ Մարդ, որը զզվում է սխտորից, դժվար կկարողանա օգտագործել ուտելիք, որի մեջ սխտոր կա։ Այդ զզվանքը տարածվում է բոլոր ուտելիքների վրա, որից անգամ սխտորի հոտ էլ չի գալիս։ Պատկերացրեք մի իրավիճակ, երբ մարդը պետք է ընտրի երկու ուտելիքի միջեւ։ Օրինակ` սխտորով աղցանի ու մի աղցանի, որից մի քանի անգամ ստամոքսի խանգարում է ունեցել։

Ի՞նչ եք կարծում՝ ո՞րը կընտրի. համոզված կարող եմ ասել` երկրորդ տարբերակը։

Որքան էլ մարդուն սոված թողնեք, ինչ էլ անեք, նա չի ընտրի սխտորը։ Նրա ողջ օրգան-համակարգը կընդվզի ու տարբեր խոչընդոտներ կառաջացնի։ Չնայած սխտորով աղցանը շատ օգտակար է, քան երկրորդը, որից արդեն մի քանի անգամ համոզվել է, որ վտանգում է առողջությունը։ Սխտորը փոխարինեք ցանկացած ուտելիքով, որը զզվանք է առաջացնում։

Այս երկու էմոցիաներից վախն ավելի ուժեղ է, այն պարալիզացնում է մարդուն, ռացիոնալ մտածելու նրա ունակությունը։ Կաշկանդում է շարժումները, ապագան տեսնելու հնարավորություն չի տալիս։ Որոշ քաղաքական դեմքեր մարդկանց մոտ նման զգացողություն են առաջացնում։ Ուստի պետք է ձկանը տալ որդ, չնայած դուք ելակ եք սիրում։ Այն, որ դուք որդ չեք սիրում, չի օգնում ձեզ ձուկ բռնել։ Դրոշի եւ խաղաղության գաղափարն այսպես ներկայացնելը թերեւս հատուկ է արվում՝ հերթական անգամ մարդկանց հույզերի եւ էմոցիաների հետ խաղալու նպատակով: Այս ամենն այնքան ակնհայտ է, որ թերեւս սրա մասին երկար-բարակ խոսելն անիմաստ է»: