Ինչու է Շուշիի՝ ադրբեջանական զորքերի կողմից գրավումից հետո Պուտինը զանգել Ալիեւին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ 44-օրյա պատերազմի ընթացքում բնականաբար Մոսկվան մշտական կապ էր պահպանում պատերազմող կողմերի հետ ամենաբարձր մակարդակով։ Նա մանրամասնել է, որ պատերազմի մեկնարկից հետո ինքն ու Պուտինն առաջին անգամ հեռախոսազրույց ունեցել են հոկտեմբերի 7-ին՝ նրա ծննդյան օրը։
Այդ ժամանակ պատերազմի մեկնարկից արդեն տասը օր անցել էր եւ քննարկել են հարցեր, թե ինչ է պետք անել, որ պատերազմը դադարեցվի։
«Ռուսաստանի նախագահն իր հարցազրույցներից մեկում այդ օրերի մասին արդեն խոսել է եւ ներկայացրել է այդ պահին եղած առաջարկները, որոնք ռուսական կողմը աջակցել է, եւ ես էի ներկայացրել, սակայն հայկական կողմը մերժել է եւ կարծում եմ, որ դրանով էլ կատարել է իր ճակատագրական ու ողբերգական սխալը, քանի որ եթե այդ առաջարկները ընդունվեին, որոնք ես էի ներկայացրել եւ Ռուսաստանը աջակցել էր, ապա պարտությունը այդքան ստորացուցիչ չէր լինի եւ հազարավոր զինվորականներ թե մեր կողմից, թե հայկական կողմից, ողջ կմնային։ Այսինքն, այդ զոհերի համար պատասխանատուն հենց հայկական ղեկավարությունն է, որը առնվազն երկու անգամ պատերազմի ժամանակ պատմական պահ է բաց թողել իր ձեռքից»,- ասել է Ալիեւը, մանրամասնելով, որ Հայաստանի ղեկավարությունը հույս է ունեցել, որ նրանց արեւմտյան բարեկամները կօգնեն իրենց։
«Այն բանից հետո, երբ ադրբեջանական վերահսկողությունը հաստատվեց Շուշայում / Շուշի քաղաքի անվանումը, ըստ Ալիեւի ուղիղ խոսքից է մեջբերված․- խմգ/, Վլադիմիր Վլադիմիրովիչը զանգեց ինձ եւ ասաց, որ հայկական կողմը պատրաստ է կատարելու այն, ինչը պետք է կատարեր։
Նա ինձ հարցրեց, թե արդյոք ես մնում եմ իմ դիրքորոշումներին եւ ես պատասխանեցի, որ իմ դիրքորոշումները չեմ փոխում, եւ եթե նրանք հաստատեն իրենց զորքերի դուրսբերման օրերը մնացած տարածքներից, մենք կանգ կառնենք»։
Դա, ըստ Ալիեւի, եղել է նոյեմբերի ութի երեկոյան։ «Ամսի իննի համար պայմանավորվեցինք նորից կապի դուրս գալ, քանի որ Վլադիմիր Վլադիմիրովիչն ակտիվ դերակատարություն ուներ այս ամենում եւ իմ ուղերձներն էր փոխանցում Փաշինյանին, իսկ նրա ուղերձները՝ ինձ։ Դա տեւեց մինչեւ ամսի իննի վաղ առավոտից մինչեւ ուշ երեկո։ Իհարկե, շատ հարցեր կային, որոնք պետք է համաձայնեցվեին։ Ամեն բան նման արագ ընթացքով էր տեղի ունենում։ Պատկերացրեք, երբ մեկ օրում համաձայնեցնում են տեքստ երկու թշնամական պետությունների միջեւ, եւ, բնակաբաբար, այդ տեքստը պետք է հաշվի առներ իրականությունը, որ կար այդ պահին»,- ասել է Ադրբեջանի նախագահը։
Կարծիքներ