ԱԳ նախարարը դժվա՞ր է ընկալում պարզունակ հարցերը

ԱԳ նախարարը դժվա՞ր է ընկալում պարզունակ հարցերը
Զոհրաբ Մնացականյան

Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանին հարց ուղղելու համար, պարզվում է, պետք է դիվանագիտական կրթություն եւ աստիճան ունենալ, արցախյան հարցով դիսերտացիա պաշտպանած լինել, տիրապետել արտաքին քաղաքականության բոլոր նրբություններին, ստորագրված միջպետական փաստաթղթերին, ինչպես նաեւ լինել հոգեբան, որ կարողանաս նրա դեմքի «բովանդակային» արտահայտությունից կռահել՝ արդյոք նա տրամադրություն ունի՞ պատասխանելու քո հարցերին, թե՞ ոչ, քո տված հարցը նրան դուր կգա՞, թե՞ ոչ։

Այս բոլոր հմտություններն ունենալու դեպքում, սակայն, կարող էինք միանգամից ԱԳ նախարար աշխատել, ո՛չ թե լրագրող, որը պետք է դժբախտություն ունենա պարբերաբար շփվելու այնպիսի նախարարների հետ, ինչպիսին Զոհրաբ Մնացականյանն է։ Նա երեկ մեր հարցերին պատասխանելիս այնպիսի տարօրինակ վարք ցուցաբերեց, որ ակամա հարց առաջացավ մեզ մոտ՝ ինչպե՞ս է նա նման «դիվանագիտությամբ» հարաբերվում, ասենք, Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ։ Մնացականյանը գուցե վատ դեսպան չէր, բայց հեռու է լավ նախարար լինելուց՝ առնվազն լրագրողների հարցերի տարափի տակ իրավիճակին ադեկվատ վերաբերվելու, մեր հարցերին խելամիտ պատասխաններ տալու տեսանկյունից։ Նա չի կարողանում տարրական դիվանագիտություն ցուցաբերել լրագրողների հետ շփումներում, բայց գնում ու «դուխով» բանակցություններ է վարում արցախյան թեմայով։ Ինչպե՞ս։

Ո՞րն է նրա վարած բանակցությունների արդյունքը։ Օրինակ՝ երեկ նա հայտարարեց, որ Մամեդյարովի հետ իր հանդիպումները շարունակվում են, բանակցային գործընթացը չի կանգնել։

Փորձեցինք հետաքրքրվել՝ այդ բանակցային գործընթացում որեւէ տեղաշարժ կա՞, արդյոք։ Բայց այս պարզ հարցն իսկական փորձանք դարձավ մեր գլխին։ Մնացականյանը նախ չընկալեց, թե ինչ ենք հարցնում։ «Ձեր հարցը շատ լավ չեմ հասկանում»,- մի քանի վայրկյան մտածելուց հետո արձագանքեց նախարարը։ Կրկին ձեւակերպեցինք հարցը՝ այդ հանդիպումներն ու բանակցությունները, որ ընթանում են արցախյան խնդրի կարգավորման ուղղությամբ, որեւէ դրական արդյունք, դրական տեղաշարժ արձանագրե՞լ են այս ընթացքում։ «Ձեր հարցը մասնագիտորեն շատ վատ ձեւակերպված է»,- ոչ դիվանագիտական պատասխան տվեց դիվանագետ նախարարը։

Փորձեցինք մենք դիվանագիտություն բանեցնել իր փոխարեն՝ հարցնելով․ «Ինչպե՞ս ձեւակերպեմ հարցը, որ Ձեզ համար ընդունելի լինի, պարոն նախարար։ Կարծում եմ՝ Դուք կարող եք մասնագիտորեն ավելի պրոֆեսիոնալ պատասխան տալ։ Որեւէ դրական տեղաշարժ կարո՞ղ ենք արձանագրել այդ բանակցություններում՝ սա է հարցի էությունը»։

«Դրական՝ ո՞ւմ համար»,- տարօրինակ հարց տվեց ԱԳ նախարարը՝ կարծես թե պիտի ասեինք՝ Ադրբեջանի համար։

- Դրական՝ մեզ համար, բնականաբար, Հայաստանի համար։

- Եթե Դուք ասում եք՝ դրական այն առումով, որ մենք ուզում ենք մեր դիրքորոշումները, որոնց շուրջ կառուցում ենք մոտեցումը եւ որոնց շուրջ փորձում ենք կառուցել այն կոնսենսուսը, որին պիտի հասնենք Ադրբեջանի հետ, սա մեր արած գործն է։

- Խնդիրը հետեւյալն է՝ դեպի մեզ համար ցանկալի նպատակակետը, որը դրել է իր առջեւ ՀՀ կառավարությունը, այդ նպատակակետին հասնելու հարցում որեւէ առաջընթաց կա՞, թե՞ ոչ։ Կարծում եմ՝ շատ պարզ եմ ձեւակերպում հարցը։

Այստեղ նախարար Մնացականյանի մոտ կարծես ինչ-որ բան արգելակեց՝ թերեւս նա դարձյալ չէր հասկացել մեր հարցը, ուստի կանգ առավ ու սկսեց մտածել։ Նորից փորձեցինք վերաշարադրել հարցը, թե խոսքն այն ողջամիտ լուծմանը հասնելու մասին է, որը կբավարարի Հայաստանի եւ Արցախի ժողովրդին։ «Միայն կարա լինի Հայաստանին եւ Արցախին բավարարող լուծում, նաեւ ինչպես որ վարչապետն է  հայտարարել՝ Հայաստանին, Արցախին եւ Ադրբեջանին բավարարող»,- վերջապես պատասխանեց պարոն Մնացականյանը։

Դեպի այդ լուծումը գնացող ի՞նչ տեղաշարժ կարող ենք արձանագրել վերջին մեկ տարում ընթացող բանակցությունների արդյունքում։ «Որ մենք․․․ շատ պարզունակ բան եք հարցնում, որովհետեւ այդ գնահատականը տալու համար, եթե Դուք հարցնում եք ինձ, թե որքանով ենք մենք կարողանում հստակ պահպանել եւ ձեւակերպել այն, ինչը մեզ համար առաջնային նշանակություն ունի, եւ որքանով է դա տրամաբանական եւ որքանով է դա մտնում այն շրջանակների մեջ, որոնց շուրջ աշխատում են նաեւ համանախագահները, մենք կարողացել ենք շատ հստակ ձեւակերպել այն, ինչը մեզ համար առաջնային է։ Բազմիցս խոսել ենք դրա մասին»,- փորձեց ինչ-որ գնահատականներ տալ Զոհրաբ Մնացականյանը։

Իսկ հնարավո՞ր է առաջիկայում որեւէ փաստաթուղթ ձեւակերպվի, որը կարող ենք ստորագրել։
«Այ, սա արդեն կոնկրետ հարց եք տալիս ինձ, որովհետեւ, ինչ վերաբերում է կոնկրետ փաստաթղթին, որեւէ փաստաթղթին անցնելը, մենք հիմա որոշ չափով գտնվում ենք այն շրջանում, երբ որ մենք նայում ենք սկզբունքներին, որոնց շուրջ կառուցվում են։ Փաստաթղթի առումով, Դուք շատ լավ գիտեք, որ փաստաթուղթ հասկացածը դա բազմաթիվ պարամետրեր են, որոնք 28 տարվա ընթացքում ձեւավորվել են այս ժամանակահատվածում։ Մեզ համար ամենակարեւորը համադրումն է այն պարամետրերի, որոնց մեջ մենք տեսնում ենք մեր շահերի արտահայտումը»,- ասաց մեր բծախնդիր զրուցակիցը։

Ապա սկսեց քննել մեզ՝ հարցնելով, թե որքան ժամանակ է, որ զբաղվում ենք Ղարաբաղի հարցով, ղարաբաղյան հարցի մասնագե՞տ ենք, թե՞ ոչ, ո՞ր լրատվամիջոցն ենք ներկայացնում եւ այլն։ Երբ հարցերի պատասխանն ստացավ, սկսեց մուննաթ գալ մեզ վրա, թե Ղարաբաղի հարցով էլ մասնագետ չենք ու եկել իրեն հարցեր ենք տալիս։ Փաստորեն, Զոհրաբ Մնացականյանը պատրաստ է պատասխանել միայն նրանց հարցերին, որոնք ղարաբաղյան հարցով թեկնածուական են պաշտպանել, գրքեր ունեն գրած եւ խորացել են այդ խնդրի մեջ դեռեւս 1988 թվականի Շարժումից սկսած։ Նույն տրամաբանությամբ՝ ֆինանսների նախարարն էլ պիտի պատասխանի միայն ֆինանսիստների հարցերին, սպորտի նախարարը՝ միայն սպորտսմեններին, կրթության նախարարը՝ գիտնականներին ու մանկավարժներին եւ այլն։

Ի վերջո, առաջարկեցինք գնահատականներ չտալ մեր հարցերին ու աշխատանքին եւ վերադառնալ կառուցողական դաշտ ու մի հարցի էլ պատասխանել՝ կապված Մադրիդյան սկզբունքների հետ։ Բայց նախարարը չպատասխանեց հարցին, շնորհակալություն հայտնեց ու հեռացավ։