Գյումրիում իրենց ողջ պերճանքով հետ են վերադարձել նախկին բարքերը․ քաղաքապետի թեկնածու

Գյումրիում իրենց  ողջ պերճանքով հետ են վերադարձել նախկին բարքերը․ քաղաքապետի թեկնածու

Հաշված օրեր են մնացել հոկտեմբերի 17-ի ՏԻՄ ընտրություններին: Հանրապետության երկրորդ քաղաքում նախընտրական տրամադրություն կա, բայց եռուզեռ չկա: Գյումրիում ընտրությանը հայտ ներկայացրած 10 քաղաքական ուժերից  ոչ բոլորն են այս օրերին լծված ակտիվ  քարոզարշավներ իրականացնելուն, ոմանք էլ ընտրել են նոր մեթոդներ՝ համարելով այն ավելի արդյունավետ:
«Գյումրին կըռնա» դաշինքը գլխավորող քաղաքապետի թեկնածու Վարդան Սրտաշյանի խոսքերով, պասիվ քարոզարշավի հիմնական մեղավորն իշխանական ուժերն են:

«Գյումրիում իր ողջ պերճանքով հետ են վերադարձել նախկին բարքերը՝ թաղային հեղինակություններ, քրեական տարրեր, վարչական լծակների շահագործում: Այս բոլորը իշխող կուսակցության կողմից իրագործվում է: Մոլորության մեջ են գցում մարդկանց՝ իբրև սոցհարցումներ են անում, եւ ըստ այդմ՝ իրենց աջակիցների թիվը շատ-շատ է, մինչդեռ մեր սոցհարցումները բոլորովին այլ բան են ասում: Նույնիսկ ընտրական հանձնաժողովներից անհասկանալի պատճառով տեսախցիկները հանեցին, մինչդեռ նախորդ ԱԺ ընտրություններին դրանք կային: Թեկնածուների կողմից որևէ լուրջ վերլուծություններ, հոդվածներ, բանավեճեր չենք տեսնում, էս որակի մեջ ենք»,- hraparak.am-ի հետ զրույցում ասաց նա:

Քաղաքապետի թեկնածուն նշում է, որ իրենք  քարոզարշավում նորարարության են անցել. տեսահոլովակներ, վերլուծական հոդվածներ են հրապարակում՝ ընտրազանգվածին առավել հասու:

«Մոտ 70 գաղափարախոսական տեսահոլովակներ ենք պատրաստել, պատրաստ ենք ակտիվ բանավեճերի, ԶԼՄ-ներից չենք խուսափում, համաձայնել ենք նաև հոկտեմբերի 15-ին մասնակցել Հանրային հեռուստաընկերության նախաձեռնած բանավեճին: Թեպետ Հ1-ի ուղղվածությունն ու տրամադրվածությունը գիտենք, բայց մենք համարժեք պատասխան, նույնիսկ ավելին տալու ենք»:
Վարդան Սրտաշյանը, անկախ ընտրությունների արդյունքից, գրեթե  բացառում է «Գյումրին կըռնա» եւ իշխանական ուժերի համագործակցությունը․«Եթե դա լինի աստվածաշնչյան անառակ որդու վերադարձի տեսքով, գուցե,․․․․ մենք գաղափարի կռիվ ենք տալիս, եթե իրենց գաղափարները համընկնի մեզ հետ, միայն այդ դեպքում»: