Այդ հայտարարությունները, մեղմ ասած, հեռու են իրականությունից
Հանրային հեռուստաընկերության «Կերպարից դուրս» հաղորդման շրջանակում երգիչ, ռեփեր Սուպեր Սաքոյի հնչեցրած ձևակերպումը մեծ սկանդալի առիթ է դարձել` երեկվանից բոլորը քննարկում են Սուպեր Սաքոյի խոսքը «մուղամի» մասին, Կոմիտասի մասին, որ Կոմիտասը ոչնչացրել է մուղամը։ Նա ասել է. «Մուղամը մերն է եղել: Կոմիտասը եկել և մաքրել է դա, քանի որ, երբ մատուցել է այդ երաժշտությունը Եվրոպային նրանք չեն հասկացել այդ նոտաները, իսկ ինքը հայ երգը տարածելու համար եկել ու ջնջել է այդ նոտաները, ես գիտեմ այդ պատմությունը և պարզապես տարածելու համար նա ջնջել է նման նոտաները, բայց ռաբիսը միշտ մերն է եղել»: Մենք զրուցել ենք Հանրային հեռարձակողի խորհրդի նախկին անդամ, լեզվաբան Լևոն Գալստյանի հետ, ով Հանրայինով հեռարձակվող «Երգ երգոց» երաժշտական նախագծի սցենարի հեղինակն է:
- Պարոն Գալստյան, երեկվանից հասարակությունը Սուպեր Սաքոյի «մտքի գոհարներն» է քննարկում: Հանրային հեռուստաընկերությունն` ըստ Ձեզ, ինչո՞ւ է նման մակարդակի երգիչների հրավիրում: Չկա՞ արդյոք համապատասխան մեխանիզմ այս առումով:
- Երգիչներն, իհարկե, կարող են ունենալ իրենց կարծիքը, հայտնել դրանք, երգիչն էլ մարդ է: Ինչ վերաբերում է Կոմիտասին, ապա Կոմիտասը խորագիտակ, լայն իմացության տեր մտավորական էր, գիտնական ու երաժշտագետ, որը ծանոթ էր թե արևելյան երաժշտությանը, և թե բոլոր տեսակի երաժշտական ժանրերին: Ինչ վերաբերում է Կոմիտասի երաժշտությանն ու արվեստին, ապա մենք գործ ունենք մի այնպիսի գանձարանի, հարստության, հայկականության հետ, որն ընկալել այդ համատեքստում, պարզապես անմտություն է: Չի կարող լինել նման բան: Այլ հարց, որ իր գիտական պրպտումների արդյունքում Կոմիտասը նաև տարածաշրջանի այլ ժողովուրդների երաժշտություններն էլ է ուսումնասիրել, որն ավելի է բարձրացնում նրա անունը, որպես գիտնականի, սակայն կրկնում եմ` իր երաժշտությունը մեր ժողովրդին է վերադարձրել միայն մեզ բնորոշ մաքուր հայկական երաժշտություն, այս մասին անգամ վատ եմ զգում, հաստատել մի բան, որն ավելի քան ակնհայտ է ու վաղուց հաստատված փաստ:
- Հանրային հեռուստաընկերությունը պե՞տք է տարբերվի մասնավոր հեռուստաընկերություններից, թե՞ ում ասես, ինչքան ասես, ինչ ֆորմատով ասես պետք է եթեր տրամադրի, քանի որ անունը Հանրային հեռուստաալիք է:
- Մարդու իրավունքն է, թե ինչպես է մտածում, սակայն ճիշտ կլիներ, որ լիներ մի ընդդիմախոս մասնագետ, երաժշտագետ, ով ամեն ինչ կդներ տեղը: Տվյալ հայտարարությունների հեղինակը եղել է մենակ և, այսպես ասած, նրա խոսքերը օդից կախված են մնացել: Այդ հայտարարությունները մեղմ ասած հեռու են իրականությունից, սա ոչ միայն երաժշտագետները գիտեն, այլև այն մարդիկ, որոնք քիչ թե շատ կրթություն ունեն:
- Դուք «Երգ երգոց» նախագծի սցենարի հեղինակն եք: Մի քանի տարի առաջ նախագիծը Հանրայինի ամենապահանջված ու դիտված նախագիծն էր: Հիմա՞ է՞լ է այդպես:
- Որքանով տեղյակ եմ` այո, հիմա ևս ունի մեծ պահանջարկ: Ըստ իմ տեղեկությունների` այսօր ևս այն ամենադիտվածն է:
- Ի՞նչ չափանիշներով են, օրինակ, «Երգ երգոցում» երգիչներին ընտրում:
- Երգիչների ընտրությունը երաժշտական խումբն է որոշում, պրոդյուսերի հետ միասին: Ես այդ պրոցեսին չեմ մասնակցում, որովհետև ինքս երաժիշտ չեմ:
Կարծիքներ