«Հրապարակ». Երեք գերատեսչություն՝ մի ՊԷՏ-սկան

«Հրապարակ». Երեք գերատեսչություն՝ մի ՊԷՏ-սկան

Կորոնավիրուսը հետին պլան է մղել ոչ պակաս կարեւոր հիվանդությունների բուժման խնդիրները` դժվար կացության մեջ են օնկո-հիվանդները, որոնք ճշգրիտ դիագնոստիկա եւ բուժում ստանալու համար արտասահման էին մեկնում: Ընդ որում՝ ուղղությունները բազմաթիվ էին՝ Գերմանիա, Իսրայել, ավելի հաճախ՝ Վրաստան: Այժմ նման եւ այլ հիվանդներին երկրից դուրս գալու թույլտվություն պետք է տա պարետատունը: Այնուհանդերձ, արդեն մեկ ամիս է՝ Մերգելյան ինստիտուտում (որը պատկանում է ԿԳՄՍ նախարարությանը) գործում է 9 տարի առաջ Հայաստան բերված, սակայն այդպես էլ չաշխատած ՊԷՏ-սկանը ( PET - positron - emission tomography)։ Արսեն Թորոսյանը դեռ 2 տարի առաջ ասել էր` մի քանի ամսից կգործի, բայց հիմա նոր սկսեց աշխատել: Սակայն աբսուրդն այն է, որ ՊԷՏ-սկանը գտնվում է պետական գույքի կառավարման կոմիտեի իրավասության ներքո, այսինքն՝ 3 գերատեսչություն մի ՊԷՏ-սկան են աշխատեցնում։ Առողջապահության նախարարի խորհրդական Աշոտ Սարգսյանից հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ է այդպես։ «Նախ` պետք է ասել, որ կարեւորը` հետազոտությունը, պետության ենթակայության տակ է, տրված չէ մասնավորին, որ ինչ ուզենա, անի։ Երկրորդ․ առողջապահության ենթակայության հիմնարկ չէ, այո, սակայն առողջապահական ողջ ցիկլը հետեւողական վերահսկվում է։ Ինչ վերաբերում է պետգույքի կառավարման տակ գտնվելուն, ապա ժամանակին, երբ փորձում էին հիվանդանոցներն օտարել, պետգույքը զբաղվում էր դրանց վաճառքով, այդպես էլ ՊԷԴ-սկանը մնացել է նրա ենթակայության տակ»: Փողերը գնում են պետգույքի կոմիտեի՞ն։ «Պետությանը»: Կկարգավորվի՞, ի վերջո, այդ խառը վիճակը։ «Կդժվարանամ ասել»։