Դու հո «բուդելնիկ չես», որ հեծանիվով ծնգծնգացնում ես․․․

Դու հո «բուդելնիկ չես», որ հեծանիվով ծնգծնգացնում ես․․․

Ազգային ժողովից վերջը մի բան հասկացանք։ Նիկոլ Փաշինյանը  բարձր ամբիոնից հայտարարեց, թե ինչու՞ է հեծանիվ քշում։ Տեսեք ինչ է ասում․ «Ընկերնե՛ր, ես ձեր տների պատերի տակով եմ հեծանիվ քշում, այն ժամերին, որ ես քշում եմ, դուք քնած եք, ընդ որում՝ խորը։ Ծնգծնգացնում եմ՝ մի հատ վառվող լույս չկա»։ Մի բան հիշեցի, գյուղում մի աքաղաղ ունեինք, որ լույսը դեռ չբացված՝  ծուղրուղու էր կանչում ու բոլորիս արթնացնում։ Մի քանի օր տևեց նրա «ծնգծնգացնելը»։ Տատս մի օր վեր կացավ, ոլորեց նրա վիզը ու կաթսայի մեջ խաշեց։ Հիմա Փաշինյանին հարցնում եմ՝ դու ի՞նչ իրավունք ունես հեծանիվդ ծնգծնգացնես, որ գիշերը ժամը երեքին կամ չորսին քնածներին արթնացնես։ Դու հո «բուդելնիկ չես», որ հեծանիվով ծնգծնգացնում ես․․․ Գաղտնիք չէ, որ քո իշխանության գալուց հետո, երբ երկիրը դժոխքի է վերածվել, չնկարագրեմ, մարդիկ քուն ու դադար կորցրել են։ Երևի միայն դու ես գործից տուն գնում ու պառկում՝ հանգիստ քնում։ Առավոտն էլ վեր կենում՝ հեծանիվ քշում։ Նման կենցաղ վարող շատ մարդիկ կան։ Առավոտ շուտ գնա  «Հաղթանակ զբոսայգի» ու տես, թե քանի քեզ նման մարդիկ են վազում «լճի շուրջ»։

Ժամը իննին քնում, հինգին արթնանում, գնում են՝ վազելու կամ հեծանիվ քշելու։ Բայց նրանցից մեկին չտեսա, որ իր վազելը, վարժություն անելը կամ հեծանիվ քշելը գցի սոցիալական ցանցեր։ Միտք էի անում՝ ինչու՞ ես հեծանիվդ քշելդ գցում սոցիալական ցանցեր, ու՞մ ես զարմացնում, որ հեծանիվ քշել գիտես։ Հետևիցդ էլ մի խումբ «մարդիկ ես գցում»՝ ոնց որ թե թշնամու վրա ես գրոհում։ Բանից պարզվում է, որ ոչ թե հեծանիվ ես քշում, այլ ծնգծնգացնում ես, որ մեզ արթնացնես։ Վատ բան չես անում, ասեմ, բայց քո հեծանիվ քշելու ժամին հազիվ ժողովուրդը քնում է։ Էնպես դարդ չես տվել, որ աչք փակենք․․․ Առավոտ ծեգը ծեգին  ծնգծնգացնելու համար, ամենամեղմը՝ տուգանք է հասնում։ Գործի բացահայտողն էլ դու ես՝ սելֆիներիդ միջոցով։ Միայն մի բան չեմ հասկանում՝ եվրոպաներում ինչու՞ ես քշում։ Միջազգային մակարդակի գործ ես անում, հա՞․․․