Վարակի տարածման հարցում ինչո՞ւ են տարբերություն դնում մարդկանց միջեւ

Վարակի տարածման հարցում ինչո՞ւ են տարբերություն դնում մարդկանց միջեւ

Գաղտնիք չէ, որ մեկուկես տարուց ավելի է, ինչ կորոնավիրուսը փոփոխական տատանումներով՝ առանց խտրականության, աշխարհում արդեն հնձել է 4 միլիոնից ավելի մարդ, եւ հունձը շարունակվում է: Սա աշխարհի առջեւ ծառացած առաջնային խնդիր է, որին փորձում է լուծում տալ երկրագնդի ողջ բնակչությունը: Մեր երկրի պարագայում եւս այն դարձել է ազգային անվտանգության՝ առաջնային խնդիր, եւ տարաբնույթ միջոցներ են ձեռնարկվում այդ հրեշի դեմն առնելու ուղղությամբ: Թե վերջին օրերին պատվաստումների եւ թեստավորման առումով երկրում ինչ իրավիճակ է տիրում, բոլորին է տեսանելի, քանզի սարսափելի մեծ հերթեր են գոյացել, ու դրա հիմքում ընկած է մարդկանց վախը, որպեսզի աշխատանքային վայրերում նրանք ավելորդ անախորժությունների առաջ չկանգնեն:

Մարդիկ վախենում են, որ իրենց աշխատանքից կազատեն, որովհետեւ բոլորն են հասկանում, թե այսօր ինչ է նշանակում աշխատանք կորցնելը: Բնավ այնպես չէ, որ մարդիկ հերթերի տակ պատվաստվում կամ թեստավորվում են, որպեսզի նվազի կորոնավիրուսի տարածումը, այլ վերջին կոպեկը ծախսում են, որ աշխատանքը չկորցնեն: Այլ կերպ ասած, մարդիկ այդ ամենին գնում են ոչ թե կամովին՝ գիտակցաբար, այլ՝ պարտադրված:

Ես մնում եմ այն կարծիքին, որ պարտադրանքը ճիշտ չէ, մարդիկ դրան պետք է գնան կամովին՝ գիտակցելով դրա կարեւորությունը, մանավանդ որ կա շատ մեծ հավանականություն, որ այս մեծաքանակ հերթերի եւ լաբորատորիաների փոքր քանակի պարագայում նրանք ֆիզիկապես չեն հասցնի այդ քանակի թեստավորումները 1-2 օրվա ընթացքում իրականացնել ու տեղեկացնել մարդկանց, որպեսզի նրանք չուշանան նախարարի հրամանում նշված ժամկետներից։ Հետեւաբար, առնվազն դրանց մի մասի, եթե ոչ բոլորի վերաբերյալ հենց այնպես, կամայական՝ ապրիորի  պատասխաններ կարող են գրվել, որի վնասը շատ ավելի մեծ է լինելու, քան մարդկանց ընդհանրապես չթեստավորվելու դեպքում:

Սրանք նուրբ եւ կարեւոր հարցեր են, որոնց լուծումը չի տեղավորվում 1-2 օրվա մեջ: Որպեսզի ժամանակի սղության պատճառով բժշկական լաբորատորիաներն ստիպված չլինեն անիրական պատասխաններ ներկայացնել, լուծումը մեկն է. պետք է նախարարի հրամանում նշված ժամկետների փոփոխություն կատարել՝ դրանք խելամիտ չափով երկարացնել, հավանական սխալներից խուսափելու համար, ուժեղացնել պետական վերահսկողությունը լաբորատորիաների աշխատանքի նկատմամբ: Այլապես թեստավորման արդյունքների ոչ ճշգրիտ պատկերն էապես դժվարացնելու է հիվանդության դեմ տարվող պայքարը եւ նվազեցնելու է դրա արդյունավետությունը:

Եվ, վերջապես, կարեւոր մի նկատառում. պետության կողմից որոշվել է, որ համայնքների ավագանիները, համայնքապետերը, քաղաքապետերը, պատգամավորները, նախարարները եւ որոշակի այլ արտոնյալ պաշտոնյաներ ազատված են պատվաստումներ եւ թեստեր հանձնելու գործընթացից, ինչն առաջացրել է շատ ու շատ մարդկանց զարմանքը: Տպավորություն է առաջանում, որ կա՛մ այս պաշտոնյաները բավականին աղքատ են, եւ պետությունը նրանց ազատել է այդ ծախսերից, կա՛մ էլ նրանք սովորական միս ու արյունից չեն եւ վարակի աղբյուր չեն կարող հանդիսանալ: Կարծում եմ՝ բոլորը կհամաձայնեն, որ այս որոշումը լրիվ աբսուրդի է նման: Այն խոսում է լոկ քաղքենության եւ հասարակության սորտավորման մասին, որը հակասում է «բոլորը հավասար են օրենքի առաջ» հիմնարար թեզին: Միեւնույն է, սա աբսուրդ է…        

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ