Հրաժեշտ «երկաթյա  ֆրաուին»

Հրաժեշտ «երկաթյա  ֆրաուին»

BBC-ի ռուսական ծառայության անդրադարձը Գերմանիայի հեռացող կանցլերի անձին և անցած ճանապարհին:

Անգելա Մերկելը հեռանում է, ձևականորեն նա դեռ կշարունակի պաշտոնավարել կանցլերի պաշտոնում մինչև սեպտեմբերի 26-ի ընտրություններից հետո նոր կառավարության ձևավորում։ Բայց նրա որոշումը վերջնական է։ Թե ում և ինչպես կհաջողվի փոխարինել նրան, անհայտ է։ Մերկելը գրեթե 16 տարի Գերմանիայի գլխին լինելով՝ տարել է իր երկիրը ԵՄ-ի՝ Սահմանադրության՝ Լիսաբոնյան համաձայնագրի, հունական և փախստականների ճգնաժամերի, «Բրեքսիթի», Թրամփի նախագահության և վերջապես՝ համավարակի միջով։ Նա միանգամից չի գնա, նոր կառավարության ձևավորումը կարող է ամիսներ տևել։ Բայց հեռացող կաբինետը, համաձայն ավանդույթի, ոչ մի ռազմավարական բնույթի որոշումներ չի ընդունելու՝ նորերին ոչ ցանկալի ժառանգություն թողնելու համար։ Աշխարհի առաջատար պարբերականները նրան անվանել են աշխարհի ամենաազդեցիկ կինը և անգամ՝ Թրամփի նախագահության օրոք «ազատ աշխարհի նոր առաջնորդը»։

Մերկելը Գերմանիայի կառավարությունը գլխավորող առաջին կինն է։ Կանցլերի պաշտոնում տարիների թվով նա վաղուց ի վեր առաջ է անցել  Կոնրադ Ադենհաուրին և միայն մի փոքր «չի ձգել» Հելմուտ Քոլին։ Այսինքն՝ կանցլերների, որոնց անունները խորհրդանիշ էին հետպատերազմյան Գերմանիայի համար։ Նրանցից ավելի երկարատև կանցլերի պաշտոնում պաշտոնավարել է միայն Օտտո ֆոն Բիսմարկը։ Ըստ որում, ի տարբերություն Ադենհաուերի և Քոլի, Անգելան կամավոր է հեռանում։

Չնայած, որ Մերկելն իր ապագա պաշտոնաթողության մասին հայտարարել էր դեռ 3 տարի առաջ, նա ամենևին էլ «կաղ բադիկ» չէ։

«Մուտտին»՝ «մայրիկ», ում գերմանական մամուլը այս անունով, շարունակում է մնալ երկրի ամենաճանաչված քաղաքական գործիչը։

Երիտասարդ Մերկելին իշխանության աստիճաններով առաջ էր Գերմանիայի ամենածանրակշիռ քաղաքական գործիչներից մեկը՝ նախկին կանցլեր Հելմութ Քոլը, որը նրան անվանում էր «աղջիկս»։ 1990-ին Մերկելը դարձավ միավորված Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր, 1991-ին՝ նախարար։ Շատերը պարզապես չեն կարողանում պատկերացնել, թե ինչպիսին կլիներ Գերմանիան առանց Մերկելի։ Իսկ կանցլերի ներկայիս հավակնորդները՝ սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Օլաֆ Շոլցը, Մերկելի կուսակցության առաջնորդ Արմին Լաշեթը և «կանաչների» առաջնորդ Անալենա Բերբոքը նախընտրական ողջ քարոզարշավի ժամանակ իրենց այս կամ այն կերպով փորձում էին մատուցել որպես Մերկելի քաղաքականության շարունակող։ Հարցումներից դատելով՝ դա ամենալավը ստացվում է Շոլցի մոտ։
 
Մերկելը երբեք իր համերկրացիների ուշադրությունը չէր հրավիրում ճչացող կարգախոսներով, զանգվածների այսրոպեական ցանկություններին ընդառաջ  չէր գնում և կոշտ արմատական բարեփոխումներ չէր իրականացնում։ Նա մշտապես զբաղված էր ձանձրալի փոխզիջումների փնտրտուքով, համոզելով, ճնշելով, նահանջելով։ Ինչով ահավոր նյարդայնացնում էր վճռական քայլերի կողմնակիցներին, բայց իր կողմը քաշում առաջատար քաղաքական գործիչների ու գերմանացի ընտրողների մեծամասնությանը։
 
Մեծ հաշվով, Մերկելը միայն երկու անգամ է պնդել մեծամասնության համար ոչ ցանկալի իր որոշումները։ Մեկը՝ հունական և եվրագոտու ճգնաժամի, մյուսը՝ դրան գրեթե անմիջապես հետևած փախստականների ճգնաժամի ժամանակ։ Այդ ճգնաժամերից պատմության մեջ մնացել է Անգելա Մերկելի երկու թևավոր խոսք։

«Որտեղ կա ցանկություն, այնտեղ կգտնվի ելք»,-Մերկելն իր այս արտահայտությունը մի քանի անգամ կրկնեց հունական պարտքային ճգնաժամի շուրջ պայմանագրի քննարկման ընթացքում։ Հույները վրդովված էին և 2015-ին ընտրեցին ձախակողմյան վարչապետ Ալեքսիս Ցիպրիսին,ապա հանրաքվեով դեմ քվեարկեցին իրենց տնտեսության փրկությանը։ Աթենքում հայտարարվեց դեֆոլտ։ Գերմանական շատ ֆինանսիստներ և գործարարներ ցանկանում էին Հունաստանին դուրս հրավիրել եվրագոտուց՝ հասկանալով, որ իրենց միլիարդավոր եվրոների ներարկումներով միգուցե կարողանան փրկել եվրոն, բայց իրենց փողերն այլևս չեն տեսնի։ Մերկելը, որը համարում էր, որ ամենակարևորը համաեվրոպական արտարժույթի փրկությունն է, նրանց բոլորին համոզեց։