Տեղերի ոչ ճիշտ պլանավորո՞ւմ, թե՞ կառավարման ապաշնորհություն
Ընդունելության հիմնական փուլի նախնական արդյունքներն օրերս ներկայացրեց Գնահատման եւ թեստավորման կենտրոնի տնօրեն Արմեն Փաշայանը, ով բուհերին հատկացված պետական պատվերով եւ վճարովի տեղերի համալրման վերաբերյալ որոշ վիճակագրություն ներկայացրեց՝ նշելով, որ այս տարի բուհական համակարգում թափուր է մնացել ավելի քան 6 հազար 300 վճարովի եւ 271 պետական պատվերով տեղ։
Թափուր մնացած տեղերի պատկերը մտահոգիչ է գնահատել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ով անընդունելի է համարել, որ տարիներ շարունակ արձանագրվում է թափուր տեղերի մեծ քանակ: Ըստ նախարարի, դա պայմանավորված է նրանով, որ տեղերի պլանավորումը եւ բաշխումն ի սկզբանե ճիշտ չեն արվում։ «Կարծում եմ՝ պետությունն այս առումով պետք է տեղերի պլանավորման մոտեցումները փոխի: Բուհերը, աշխատելով Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեի հետ, պետք է տեղերի նպատակային եւ իրատեսական պլանավորում կատարեն՝ հատկապես վճարովի տեղերի ճիշտ բաշխման մասով»,- ասել է Անդրեասյանը՝ հավելելով, որ իրատեսական պլանավորումը շահեկան է նաեւ բուհերի համար:
Ի դեպ, անցած տարի եւս պատկերը խիստ մտահոգիչ էր, եւ բուհերում թափուր էր 15 հազար 984 վճարովի տեղերի կեսից ավելին՝ 8 հազար 764-ը, ինչպես նաեւ՝ 350 անվճար տեղ։ 2022-ին էլ բուհական համակարգում թափուր էր մնացել 14 հազար158 տեղ, որից 13 հազար 900-ը՝ վճարովի, 258-ը՝ անվճար:
Ընդունելության քննությունների պատկերը որքան մտահոգիչ, նույնքան էլ օրինաչափ է դարձել, որն այլեւս ոչ ոքի չի զարմացնում։ Կրթության փորձագետ Վիկտոր Մարտիրոսյանի գնահատմամբ՝ այս պատկերն ուղիղ համեմատական է կրթության հանդեպ հետաքրքրության անկմանը։ «Ընդհանրապես, դա խոսում է կրթության արժեքի հանդեպ անկման մասին։ Մեծ հիասթափություն կա երիտասարդության մեջ, եւ, ցավոք, հասանք նրան, որ երիտասարդության մեծ մասի աչքն ավելի շատ դեպի դուրս է, քան դեպի ներս՝ ուղղված երկրի տնտեսությանը, երկրի ապագային, ու այս պատկերը դրա արտահայտություններից մեկն է։ 2-րդ գործոնը ֆինանսական կողմն է, ահավոր դժվար է՝ հատկապես մարզերի բնակիչների համար, Երեւանում ուսանող ունենալը, այդ հանրակացարանային համակարգն ամբողջությամբ դուրս եկավ, վարձավճարների հետ կապված զիջումներ կամ խրախուսումներ չեն անում, հույսը դրել են այդ ուսանողական վարկերի վրա, բայց ժողովրդի մեծ մասը ռիսկ չի անում մոտենալ կամ չգիտի էլ ինչպես օգտվի դրանից։ Նաեւ կա 3-րդ գործոնը՝ տնտեսությունը, ի վերջո, բարձրագույն կրթության զարգացման պայմանը տնտեսությունն է։ Եթե կա տնտեսություն՝ կա մասնագետների կարիք, կա հետագայում զբաղվածության հարց լուծելու հնարավորություն, եւ մարդիկ գնում են այդ ճանապարհով։ Սակայն այսօր կարո՞ղ եք ասել, թե տնտեսության որ ճյուղն է զարգանում, որտեղ են աշխատատեղեր բացվում։ Ի դեպ, այդ աշխատուժի մի զգալի մասն էլ տեղական աշխատուժ չէ։ Այս ամենն իրար գումարվում է եւ դառնում է այն, ինչ այսօր մենք ունենք։ Այսինքն՝ ինչպես հասարակությունն է ցաքուցրիվ եղած, նույն ձեւով էլ ցաքուցրիվ վերաբերմունք կա կրթության նկատմամբ»,- ընդգծում է Վ․ Մարտիրոսյանը։
Արդարացվա՞ծ է նախարարի այն գնահատականը, թե տեղերի պլանավորումը եւ բաշխումն ի սկզբանե ճիշտ չեն արվում։ Արդյո՞ք սա է խնդիրը։ «Եթե պլանավորման հետ կապված խնդիր կա, էլի իրենց ձեռքին է, այդ ե՞րբ են կողքից որեւէ կարծիք լսում, «Հայոց պատմություն» առարկայի օրինակը դրա վառ ապացույցն է, հանրային քննարկման դրված նախագծի ամփոփաթերթն եմ նայում՝ բոլորը դեմ են, բայց վերջում մարդիկ այդ որոշումն ընդունեցին։ Այդ ե՞րբ են հանրության կարծիքը հաշվի առել, հիմա տեղերի պլանավորումն էլ, բաշխումն էլ կառավարության ձեռքին է, թող տեղերի ճիշտ վերաբաշխում անի, այնպիսի մեխանիզմ ստեղծի, որ կարողանա այդ ճկունությամբ ապահովել կրթական կարիքները։ Իրականում սա այսօր ընդամենը կառավարման ապաշնորհությունն է եւ չպետք է կապել միայն տեղերի պլանավորման հետ»,-համոզմունք է հայտնում փորձագետը։
Պետությունն իր համար սահմանել է առաջնահերթ նշանակություն ունեցող ոլորտներ, ինչպիսիք են՝ գյուղատնտեսությունը, շինարարությունը, արդյունաբերությունը։ Այդ մասնագիտություններով ընդունվածներին նախատեսվում է տրամադրել բարձր կրթաթոշակ՝ 50 հազար դրամ։ Վ․ Մարտիրոսյանը կարծում է, որ խրախուսման այս մեխանիզմն արդյունավետ չէ․ «Փորձը ցույց տվեց, որ դրանք մեծ ազդեցություն չեն ունենում, ինչո՞ւ, որովհետեւ գյուղատնտեսի մասնագիտություն ունենալու համար պետք է ֆերմերային տնտեսություններ ունենայիր, բայց դու չունես այդ տնտեսությունները, գյուղացուն թողել ես իր 1000-1500 մետր հողի վրա, եւ նա ո՛չ գյուղատնտեսի, ո՛չ անասնաբույժի կարիք չի զգում։ Այդ մասնագիտությունները մենք սպանեցինք այդ ոլորտը սպանելուն զուգահեռ, եւ այսօր մեղադրել պետք չէ, որ որեւէ մեկը չի ուզում անասնաբույժ դառնալ, ո՞ւր գնա, որտե՞ղ աշխատի։ Նույնը՝ նաեւ գյուղատնտեսական մասնագիտություններով։ Իրենք հասան նրան, որ գյուղացին քիթը մտցնի իր հողի մեջ, մտածի միայն այդ հողից ինչ-որ բան պոկելու եւ շուկա տանելու մասին, օտարվի պետությունից, դառնա քաղքենիական անտարբեր խավի մի մաս։ Ու հիմա այդ ֆոնին ի՞նչ են ուզում անել՝ մասնագիտական ոլո՞րտ զարգացնել։ Չի ստացվի, քանի որ աշխատանք չկա, ու հանրությունն էլ պատրաստ չէ այդ մասնագետներին տեղավորելու, որովհետեւ հանրության մեջ այդ ոլորտը պարզապես բացակայում է»։
Կարծիքներ