Իսկ ինչու՞ մեկ անգամ այդ մասին չբարձրաձայնեց

Իսկ ինչու՞ մեկ անգամ այդ մասին չբարձրաձայնեց

ԱՀ նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանի գրասենյակը նախկին վարչապետ եւ դարձյալ նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանին մեղադրում է բյուջեից միլիարդավոր գումարներ մսխելու մեջ: Խոսքը ժողովրդագրական իրավիճակի բարելավման ծրագրերի մասին է, որ այդպես էլ իրականություն չեն դարձել՝ ըստ Բալասանյանի գրասենյակի:

Վիտալի Բալասանյանը 2005-2010 թ.թ. եղել է Արցախի Ազգային ժողովի պատգամավոր: Արայիկ Հարությունյանը վարչապետ է նշանակվել 2007թ.-ին, եւ Բալասանյանի մատնանշած ծրագրերը հաստատվել են Ազգային ժողովում՝ որպես կառավարության գործունեության ծրագրի մաս: Բնականաբար, պետական ֆինանսավորումն էլ արվել է բյուջեի միջոցներոով: Իսկ բյուջեն եւ դրա կատարման տարեկան հաշվետվությունը հաստատում է Ազգային ժողովը, որտեղ Վիտալի Բալասանյանը, կրկնեմ, պատգամավոր էր:

Ինչու՞ բյուջեից գումարներ մսխելու մասին նա չի բարձրաձայնել, չի պահանջել, որ Ազգային ժողովն իր իրավասությունների շրջանակներում ուսումնասիրի ծնելիության եւ բազմազավակության խթանման պետական ծրագրի կատարման ընթացքը: Վիտալի Բալասանյանի խմբակցությունը 2007թ,-ից, Բակո Սահակյանի նախագահ ընտրվելուց հետո պարտաճանաչ կողմ է քվեարկել եւ պետական բյուջեի նախագծին, եւ բյուջեի կատարման տարեկան հաշվետվությանը, եւ կառավարության ներկայացրած բոլոր միջնաժամկետ ծախսային ծրագրերին: Ավելին, այդ խմբակցությունն իրեն համարել է նախագահ Բակո Սահակյանի քաղաքական հենարանը, դրանով իսկ պատասխանատվություն ստանձնել կառավարության գործունեության համար:

Ստացվում է, որ երեք տարի՝ 2007-10թ.թ., լինելով Ազգային ժողովի պատգամավոր, Վիտալի Բալասանյանը ոչ մի քննադատական ելույթ չի ունեցել, չի բարձրաձայնել, որ ծնելիության եւ բազմազավակության խթանման պետական ծրագիրը չի իրականանում, հատկացված գումարները մսխվում են: Նա այդ մասին չի խոսել նաեւ 2012թ. նախագահական իր քարոզարշավի ժամանակ: Ինչու՞: Ինչու՞ է այդքան երկար սպասել: Որպեսզի բացառապես Արայիկ Հարությունյանի՞ն  թիրախավորի: Այն էլ՝ «Ազատ հայրենիք» կուսակցության մամլո խոսնակի՝ իր հասցեին քննադատություն պարոունակող ֆեյսբուքյան գրառումից հետո՞: Ավելին, Վիտալի Բալասանյանը երկու տարի Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար է պաշտոնավարել եւ կարող էր իր կողմից հնչեցված հարցերը բարձրացնել ի պաշտոնե, հետամուտ լինել ճշմարտության բացահայտմանը: Ոինչ չի ձեռնարկել: Ինչու՞: Որովհետեւ փաստեր չունի: