«Հրապարակ». Իշխանությունը հարստացնում է բանկերին, որ դրանք իրեն հավատարիմ մնան

Հայաստանի բանկերը պետություն են՝ պետության մեջ: Երկրում ավելանում է աղքատության ցուցանիշը, տնտեսությունը չի աշխատում կամ վատ է աշխատում, հարկերն ավելանում են, փոքր բիզնեսը հազիվ է շնչում, ներդրումներ չկան, իսկ բանկերը, որոնք, ըստ էության, վաշխառուական գործունեություն են ծավալում, մեզանում օր-օրի բարգավաճում են: Անցյալ տարի դրանք ահռելի շահույթ են ունեցել:
2024 թվականին Հայաստանում գործող բանկերի ընդհանուր շահույթը նախորդ տարվա համեմատ աճել է 61 տոկոսով, կազմելով 363 մլրդ ՀՀ դրամ՝ 2023 թվականի ցուցանիշից մոտ 150 մլրդ-ով ավելի: Հայաստանում գործող բոլոր 18 բանկերը 2024 թվականին շահույթ են գրանցել։ Առյուծի բաժինն ընդհանուր շահույթում Արդշինբանկինն է՝ 133 մլրդ դրամ: Անցյալ տարի այն գնել է HSBC Հայաստան բանկը եւ վերանվանվել է Արդշինինվեստբանկ: Ամենացածրը եղել է Բիբլոս բանկ Արմենիայինը՝ 1,5 մլրդ դրամ:
25 տոկոսով աճել է բանկերի վարկային պորտֆելը, սակայն ոչ մի ներդրում տնտեսության ռեալ հատվածում բանկերը չեն կատարել, ոչ մի արտադրություն, գործարան, երկարաժամկետ պրոյեկտ չի ֆինանսավորվել: «Ընդհանուր առմամբ, հիպոթեքային եւ սպառողական վարկերը միասին կազմում են առեւտրային բանկերի վարկային պորտֆելի շուրջ 45%-ը, իսկ գյուղատնտեսության ոլորտի վարկավորման ծավալը՝ մոտ 5%-ը»․ սա Բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանի օրերս ցիտած թվերն են: Նա նկատել է նաեւ, որ 2024 թվականին տրամադրված վարկերի 50%-ը բաժին է ընկել ֆիզիկական անձանց: Գործարարները չեն կարողանում վարկեր վերցնել:
Երեք ոլորտում է անցյալ տարի երկրում աշխատավարձ բարձրացել՝ բարձր տեխնոլոգիաներ, խաղային բիզնես եւ բանկեր: «Բանկերում աշխատավարձը 900 հազար դրամ է: 18 բանկ, որտեղ 20 հազար մարդ է աշխատում, ստանում են այնքան շահույթ, որքան ամբողջ տնտեսությունը, որտեղ աշխատում է 1 մլն մարդ»։ Սա էլ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի դիտարկումն է:
Ինչպե՞ս է ստացվել, որ բանկերի անցյալ տարվա շահույթն այդքան մեծ է եղել, ինչի՞ հաշվին, մանավանդ որ ոչ մի տեսանելի խոշոր ինվեստիցիա չեն արել, վարկերը հիմնականում ֆիզիկական անձանց են տվել, ոչ մի էական հարստություն չեն ստեղծել երկրի համար: ՀՀ նախկին վարչապետը պատասխանում է, որ չի վերլուծել բանկերի թվերը, բայց մի երկու գործոն, որոնք կարող էին բերել բանկերի անհամաչափ հարստացման, նա, այնուամենայնիվ, նշում է. «Նախ՝ ավելի շատ պետական պարտատոմս են վաճառում, որից մեծ շահույթ ունեն»:
Պարզաբանման կարգով նշենք, որ պետությունը 6 տարում ներքին պարտքն աճեցրել է 1 մլրդ դոլարից մինչեւ 7 մլրդ դոլար: Այսինքն՝ 6 մլրդ-ով ավելացել է ներքին պարտքը: Դրա մեջ մտնում են դոլարային կամ դրամական արժեթղթերը, որոնք ժողովուրդը գնում է: Մարդը հաճախում է բանկ, նրան առաջարկում են դեպոզիտի փոխարեն ավելի բարձր տոկոսով արժեթուղթ, ենթադրենք՝ 9 տոկոսով, եւ նա համաձայնում է: «Բանկը պետությունից վերցնում է, ասենք, 14 տոկոսով, քեզ տալիս է 9 տոկոսով, 5 տոկոսը կազմում է իր շահույթը: Սա ունիկալ դեպք է, որովհետեւ, նախ, դրանից պետական պարտքն է ավելանում, եւ երկրորդը՝ ի՞նչն է խանգարում պետությանը՝ միանգամից ինձ վաճառել այդ արժեթուղթը ոչ թե 14, այլ, ասենք` 10 տոկոսով: Պետք էր դրա համար ընդամենը մի տասը գրասենյակ ստեղծել Հայաստանով մեկ, բանկերից տարածք վարձակալել եւ սա անել: Արդեն 20 տարի է՝ ասում ենք, որ սրանով արհեստական թանկացնում են պետական ներքին պարտքը»,- ասում է Հրանտ Բագրատյանը:
Երկրորդ գործոնը, որը բերում է բանկերի հարստացմանը, ըստ նրա, վարկերն են, որոնք ահռելի թվով դուրս են գրել բանկերը: «Այսինքն՝ քեզ վարկ է տալիս, դու կա՛մ կարողանում ես վճարել, կա՛մ չես կարողանում ու եթե չես կարողանում, դա դուրս է գրվում պետությանը տրվող հարկերի հաշվին: Եվ, վերջապես, շահույթն ավելանում է, որովհետեւ դոլարի կուրսը բավականին բարձր են պահում, եւ բանկերը շահում են դրանից: Այսինքն՝ պետության մեջ, օրինակ, գործարանները, ձեռնարկությունները վնասաբեր են, բայց բանկերի շահութաբերությունն աճում է»:
Բանկերը Նիկոլ Փաշինյանի հենարանն են: Բանկերի հարստացումը Փաշինյանի կողմից հատուկ վարվող քաղաքականություն է: Նա բանկերին հարստացնում է ամեն գնով: Օրինակ, սուբսիդավորելով գյուղատնտեսությունը` պետությունը գումարը տալիս է բանկին, եւ հետո փոքր տոկոսով էդ գումարը կա՛մ հասնում է գյուղացուն, կա՛մ՝ ոչ: Օրինակ, գյուղացին հանձնել է ցորեն, պետք է գնա եւ իր քարտի վրա ստանա գումարը: Բայց երբ գնում է այդ փողը ստանալու, պարզվում է, որ ե՛ւ քարտը, ե՛ւ փոխանցումն ինքնին գումար արժե: Բանկային ծառայությունների գներն էլ պարբերաբար ավելանում են: Իհարկե, բանկերը հրապարակային հայտարարություններ չեն անում՝ իրենց ծառայությունների գները բարձրացնելու վերաբերյալ, այլ հաճախորդներին գների փոփոխության մասին անձնական նամակներ են ուղարկում՝ չբացատրելով, թե ինչով է պայմանավորված այդ փոփոխությունը` հօգուտ բանկի: Բանկերի գերշահույթը միայն ՀՀ քաղաքացիներից չէ․ Հայաստան եկած ռելոկանտների՝ ռուսների կողմից հաշիվներ բացելը, գումարի կանխիկացումը եւս ահռելի եկամուտներ բերեցին բանկերին:
Մանր ժուլիկությունն էլ է փող բերում: Օրինակ, օդանավակայանում դոլարն ընդունում են 300 դրամով, վաճառում են 500 դրամով, ինչը չլսված թալան է: Իհարկե, Կենտրոնական բանկը պետք է վերահսկի նման երեւույթները: Վերահսկողության բացակայությունն էլ հատուկ քաղաքականություն է, որը ԿԲ-ն իրականացնում է` համաձայնեցնելով վարչապետի հետ: Նպատակը՝ բանկերը կմնան մեզ հավատարիմ:
Բայց բանկերի շահութաբերության բարձրացումը տեղի է ունենում համընդհանուր տնտեսական անկման ֆոնին: 2025 թվականի փետրվարին Փաշինյանի «սիրած» տնտեսական ակտիվության ցուցանիշը, որով նա հաճախ էր պարծենում կառավարման առաջին տարիներին, կազմել է ընդամենը 1.5%: Անցյալ տարվա փետրվարին այն 17 տոկոսից ավելի էր: Արդյունաբերության անկումը կազմել է 26,6 տոկոս, հանքարդյունաբերությունը նվազել է 19.2%-ով, առեւտուրը նույնպես անկում է ապրել: Հունվար-փետրվարին Հայաստանից արտահանումը կազմել է 1 մլրդ դոլար՝ նախորդ տարվա նույն ամիսների համեմատ նվազելով 59.7%-ով։ Իսկ ներմուծումը, որը 2025 թվականի հունվար-փետրվարին եղել է 1.7 մլրդ դոլարի, 2024 թվականի հունվար-փետրվարի համեմատ կրճատվել է 45.8%-ով։
Կարծիքներ