Ինչ է ուզում Ամուլսարի հարակից համայնքների «ժողովուրդը»

Ինչ է ուզում Ամուլսարի հարակից համայնքների «ժողովուրդը»

Երեկ հերթական բախումը տեղի ունեցավ Ամուլսարում հանքը շրջափակած ակտիվիստների և «Լիդիանի» պահնորդական ծառայության աշխատակիցների միջև։ Ակտիվիստներից բերման է ենթարկվել 10 հոգի, ևս 4-ը պահնորդներից։ Այսօրվա դրությամբ բոլորը ազատ են արձակվել։ Հանքը շրջափակած ակտիվիստները պարբերաբար պնդում են, որ Ջերմուկի ու հարակից մյուս համայնքների բնակիչները իրենց հետ են և աջակցում են իրենց, այսպես ասած՝ «ժողովուրդը ուզում է, որ հանքը չաշխատի»։ Նախկին աշխատակիցներն էլ պնդում են, որ ակտիվիստները ամենևին չեն ներկայացնում ժողովրդին ու նրանց շահերը, և իրականում տարածքի մի քանի բնակիչների հետ հանքի տարածքը փակել են Երևանից գնացած անհասկանալի ֆինանսավորմամաբ ակտիվիստներ։ Թեմայի առնչությամբ մենք զրուցեցինք հանքին հարակից համայնքների ղեկավարների հետ՝ նրանց հարցնելով, թե ի՞նչ է ուզում իրենց համայնքում ապրող ժողովուրդը։ Գորայք համայնքի ղեկավար Աշոտ Աղաջանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ կարծիքները տարբեր են․ կան մարդիկ որ ուզում են, կան մարդիկ, որ ոչ․

«Ես հարցում չեմ անցկացրել, չեմ կարող ասել, թե ովքեր են ավելի մեծ թիվ կազմում, բայց տարբեր կարծիքներ կան»։ Աղաջանյանն ասաց, որ իր ղեկավարած Գորայք համայնքից հանքում աշխատել է 31 հոգի, հարցրինք՝ ինչպե՞ս են ապրում բնակիչները հիմա, երբ հանքը չի աշխատում․

« Մարդիկ նորմալ ապրում էին մինչև հանքի ստեղծվելն էլ, այնպես չէ, որ հանքը ստեղծվել է ու սկսել է ծաղկունք ապրել, մեր բնակիչները միշտ էլ արարել են, ստեղծել են, նույնը շարունակում են անել»։ Աղջանյանը կոնկրետ չկարողացավ ասել, թե հանքը շրջափակած ակտիվիստներից քանի հոգի գորայքցի կա, սակայն մոտավորապես 1 հոգու կարողացավ ասել։

Գնդեվազի համայնքապետ Հայրապետ Մկրտչյանն մեզ հետ զրույցում ասաց, որ իրենց համայնքից կան մարդիկ, որոնք շրջափակել են հանքը։ Մկրտչյանի խոսքով՝ միայն «Լիդիան» ընկերությունում Գնդեվազից աշխատում էր 90 հոգի, իսկ թե կապալառուների մոտ քանի բնակիչ էր աշխատում, համայնքապետը չկարողացավ կոնկրետ թիվ ասել։ Համայնքապետը վստահեցրեց, որ 2 կողմերը համայնքում իրար հետ հաշտ են ապրում, հաշիվներ պարզել չեն փորձում՝ «որպես գյուղացին գյուղացու հետ նորմալ շփում է, այնպես չէ, որ կապված հանքի հետ իրար նկատմամաբ խնդիրներ լինի, շրջափակողներից կան մարդիկ, որոնք նախկինում «Լիդիանում» աշխատել են»,- ասաց համայնքապետը՝ ասելով, որ շրջափակողների թվում իրենց համայնքից մոտավորապես 15 ընտանիք է։ Համայնքապետին հարցրինք, թե ո՞ր տրամադրություններն են համայնքում գերակշռում․ հանքը պիտի՞ աշխատի, թե՞ ոչ․

«Ես կասեմ հետևյալ կերպ, մեր ժողովուրդը սպասում է կառավարության որոշմանը․ կբացվի, կաշխատեն, չի բացվի, իրենց համար ուրիշ գործ գտնեն, աշխատեն, ապրեն։ Այս պահին այդպիսի մթնոլորտ է։ Նորմալ է եղել նախկինում, մարդիկ աշխատել են, իրենց ընտանիքը պահել են, բայց քանի որ վիճակը այսպես է, իրենք սպասում են, հիմա ոնց կլինի, այնպես էլ կանեն»,- ասաց Մկրտչյանը։

Զառիթափի համայնքապետ Սիմոն Բաբայանն էլ վստահեցրեց, որ իրենց համայնքի բնակիչները բախումներին չեն մասնակցել։ Ըստ համայնքապետի՝ հանքում իրենց համայնքից աշխատել է 32 հոգի, իսկ շրջափակող ակտիվիստների շարքում իրենց համայնքի բնակիչներից չկան, իսկ հանքի շահագործման հետ կապված տրամադրությունների վերաբերյալ համայնքապետը ասաց հետևյալը․
«Ուզում են, որ բնապահպանական նորմերը պահպանվեն, հանքը աշխատի, իրենք էլ աշխատեն, ապրեն»։