Ինչու կրթության ոլորտում ռեֆորմներ չեն եղել և ինչ է պետք անել

Ինչու կրթության ոլորտում ռեֆորմներ չեն եղել և ինչ է պետք անել

ՀՊՏՀ ռեկտորի նախկին ԺՊ Ռուբեն Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ինչու կրթության ոլորտում ռեֆորմներ չեն եղել և ինչ է պետք անել
Այն, որ կրթությունը չափազանց բարդ համակարգ է, և մեր երկրի դեպքում առկա են բազմաթիվ օբյեկտիվ սահմանափակումներ, որոնք արգելակում են այդ համակարգի զարգացումը, անհերքելի է: Սակայն, սուբյեկտիվ գործոնները, ցավոք, ոչ պակաս նշանակություն են ունեցել 30 (այդ թվում՝ վերջին 2.5) տարվա անհաջողությունների գործում: Թվում է, թե իրական ռեֆորմները երբեք չեն եղել ոլորտի պատասխանատուների օրակարգում, որովհետև, կրթության ոլորտի առանձնահատկություններից ելնելով, դրանց արդյունքները հասարակության համար տեսանելի են դառնում 5-20 տարի հետո, իսկ տվյալ պահին պաշտոնավարող պատասխանատուները պոտենցիալ ռեֆորմների դափնիները վայելելու փոխարեն միայն ստանալու են նույն համակարգի՝ հավերժ վերարտադրման տենչացող տարրերի դժգոհությունը և տարբեր ինտենսիվության դիմադրությունը: Հետևաբար, կրթության ռեֆորմների լինել-չլինելու խնդիրը հանգում է այդ արատավոր շրջանը ճեղքելու վճռականությանը և անձնազոհ գործունեությանը, որովհետև այսպիսի իրավիճակում մասնագիտական կոմպետենտության բարձր մակարդակը պատասխանատուների համար անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է: 
Սակայն, որքան էլ բարդ է պայքարը, վերջին կործանարար պատերազմը հատուկ թերահավատների համար հերթական անգամ, բայց արդեն շատ բարձր ազդարարում է, որ այլ տարբերակ պարզապես չունենք. մարդկային կապիտալի զարգացումը մեր միակ փրկությունն է: Չկան կրթության ոլորտում իրական, կտրուկ ռեֆորմեր այսօր՝ չենք ունենալու ո՛չ անհրաժեշտ քանակությամբ և որակի անօդաչու թռչող սարքեր, ո՛չ բարեկեցիկ կյանքով ապրող հասարակություն:
Այս տարիների ընթացքում մշակվել են բազմաթիվ ռազմավարական փաստաթղթեր, զարգացման հայեցակարգեր, օրենքներ և ենթաօրենսդրական ակտեր, որոնք, բոլոր բացթողումներով հանդերձ, պարունակում են դրույթներ, որոնց բարեխիղճ իրագործումը միայն բավարար կլիներ համակարգն էապես բարեփոխելու համար: Սակայն, ռեֆորմների փոխարեն եղել է ռեֆորմների իմիտացիա, անգամ ցանկության փոխարեն է եղել ցանկության իմիտացիա: Հետևաբար, շարունակում ենք ընդամենը նոր փաստաթղթեր մշակել՝ փաստացի ոչինչ չփոխելով: Եթե գործող փաստաթղթերի արդյունավետ և անվիճելի դրույթներն անգամ անտեսվում են, չեն իրագործվում վերոնշյալ պատճառներով, ապա ո՞րն է ավելի գեղեցիկ փաստաթուղթ ունենալու տրամաբանությունը: Որպես օրինակ՝ բուհերի մասին գործող օրենքում կա հստակ և շատ տրամաբանական նորմ (հոդված 19), ըստ որի բուհի դասախոսները պետք է անցնեն մրցութային ընտրություն՝ թափուր պաշտոնները համալրելու համար: Եվ այս պարզ, բայց արդյունավետ մեթոդը ոչ թե զարգացման ծրագրի հերթական դրույթն է, որը կարող է նաև թերակատարվել, այլ օրենքի իմպերատիվ պահանջ է, որը, սակայն, սովորականի պես համատարած խախտվում է բուհերում, զուտ որպեսզի գործող անձնակազմը չդժգոհի և պատասխանատուների համար ավելորդ անհարմարություն չստեղծի: Ի՞նչ է այս դեպքում անում նախարարությունը: Ճիշտ է՝ բուհերի մասին նոր օրենք է մշակում:
Բայց, ի վերջո, բոլորս պետք է անկեղծորեն որոշենք՝ կրթությունը մեզ համար իսկապե՞ս առաջնահերթություն է, թե՞ այդքան էլ չէ: Եթե առաջնահերթություն է, ապա, թերևս, պետք է սկսենք այդ բառի իմաստն ընկալելուց, այն է՝ կրթության որակի բարձրացմանն ուղղված գործողություններն առաջնային են, գերակա են, և այդ նպատակին հասնելու գործընթացում առաջացող անխուսափելի խնդիրները, այդ թվում՝ կարճաժամկետ սոցիալական խնդիրները պետք է ստորադասվեն՝ հանուն բոլորի երկարաժամկետ բարեկեցության: Հակառակ պարագայում, մասնագիտական կարողությունների փոխարեն հասարակության մեջ վերարտադրվելու և հավերժանալու են այդ նույն սոցիալական խնդիրները:
Պատասխանատուները, որոնք նկարագրված խնդիրների պատճառով չեն ցանկացել իրական ռեֆորմներ անել, և նախընտրել են դրանց իմիտացիան, հատուկ այդ նպատակով, որպես արդարացում, շրջանառության մեջ են դրել և զարգացրել կրթության բնագավառի ամենաանտրամաբանական միֆերից մեկը՝ «Կրթության ոլորտում կտրուկ փոփոխություններ անելը ճիշտ չէ»: Այս թեզը ոչ միայն հերքման ենթակա է, այլև ամենակտրուկ և վճռական ռեֆորմները առաջնահերթ պետք է իրականացվեն հենց կրթության ոլորտում` առնվազն 2 պատճառով. նույնիսկ համակարգի արմատական փոփոխությունների դեպքում փաստացի արդյունքները հասանելի են լինելու մի քանի տարի անց, իսկ այդ արդյունքներից կախված է մնացած բոլոր ոլորտների զարգացման հնարավորությունը:
Հ.Գ.
Սույն գրառման նպատակը կարևորագույն խնդիրների վերաբերյալ հասարակության, մասնավորապես՝ երիտասարդների ընկալումների ձևավորմանը նպաստելն է, այն հասցեագրված է բոլորին, հատկապես՝ կրթության ներկա և ապագա կառավարիչներին, իսկ 30 տարիների ապաքաղաքական քննադատությունը պարունակում է նաև ինքնաքննադատություն»: