Ոչ ոք չգիտի

Ոչ ոք չգիտի

Ոչ ոք, իհարկե, չի հաշվարկել, թե ինչ ազդեցություն կարող են թողնել հայ ընտրողի վրա Ռուսաստան կատարվող այցելությունները, Պուտինի կողքին լուսանկարվելը եւ հայ-ռուսական հարաբերությունների մասին ճամարտակելը, բայց ավանդաբար հենց ընտրությունների նախօրեին մեր «իսրայելօրիների» քարավաններն ուղղվում են դեպի Մոսկվա։ Ոչ ոք չի հաշվել, թե կոռուպցիայի դեմ պայքարի, թալանը հետ բերելու, թալանչիներին պատժելու մասին բոցաշունչ ճառերն այսօր ինչ ազդեցություն կարող են գործել հայ շարքային ընտրողի գիտակցության վրա, բայց այս ընտրությունների շեմին եւս քաղաքական ուժերը, հատկապես այս թեմատիկայի մեջ հիմնովին խորացած իմքայլականները, նորից նույն ճառերը կասեն՝ մոռանալով, որ արդեն 3 տարի է՝ իրենք են իշխանության գլխին, իսկ կոռուպցիան, որպես կանոն, գործող իշխանություններին է բնորոշ։ Ոչ ոք չգիտի, թե ինչ ազդեցություն է ունենալու Արցախի ու պատերազմի, բանակի ու մեր կորուստների թեման մեր ընտրողների վրա, եւ այդ թեմաներով ինչ են ուզում լսել մարդիկ՝ որ տոնայնությամբ է հարկավոր խոսել նրանց հետ, որ նրանք վստահեն իրենց քվեն եւ հավատան, որ տվյալ քաղաքական ուժն ի վիճակի է երկրի անվտանգությունն ապահովել։

Վերջապես՝ ոչ ոք չգիտի, թե ինչպես շահագրգռել, ակտիվացնել ընտրողին, ինչ անել, որ նա դուրս գա իրեն պատած թմբիրից, մասնակցի երկրում իշխանությունների ձեւավորման կարեւորագույն պրոցեսին, եւ հունիսի 20-ին, եթե կայանան արտահերթ ընտրությունները, գնա ընտրատեղամաս եւ իր ձայնը տա ամենաարժանավորին։ Ինչպես բացատրել մարդկանց, որ իրենց հիասթափությունը քաղաքական ուժերից եւ քաղաքական գործիչներից միանգամայն հասկանալի է, բայց իշխանություն ձեւավորելու այլ եղանակ, քան ընտրություններին մասնակցելն է, մարդկությունը դեռեւս չի հորինել։