Ռոբերտ Քոչարյանի անցյալի ուրվականը

Ռոբերտ Քոչարյանի անցյալի ուրվականը

1998-2008թթ. ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին այս շաբաթ հերթական անգամ կալանավորեցին: Իր պաշտպանական խումբը կալանավորման որոշումը բողոքարկելու է վճռաբեկ դատարանում, ինչ կորոշվի` կտեսնենք: Սակայն հետաքրքիր է այլ հանգամանք, այն, թե ինչու է Քոչարյանն իր հայաստանյան անցյալի այնքան վիճահարույց, դատապարտելի, քրեական մեղադրանքների առիթ դարձած էջերը հարկի-անհարկի հրապարակավ թերթում, իրականությունն աղավաղում` մարդկանց էլ ավելի իր դեմ տրամադրելով: 
Իրեն բավական չէ՞ այն, որ անգամ քաղաքականություն վերադառնալու մասին իր հայտարարություններից հետո իրեն հրապարակավ շատ քիչ մարդ է զորակցություն հայտնում: Այն դեպքում, երբ, դիցուք, 1998-ին Կարեն Դեմիրճյանի կամ 2008-ին Տեր-Պետրոսյանի` քաղաքականություն վերադառնալը, երբ նրանց զորակցություն հայտնելու ոչ մի կարիք էլ չկար, տասնյակ հազարների էր փողոց հանել, Երեւանի հրապարակներն ու փողոցներն էին թնդում: 

Իրավական ընթացք, քաղաքական ռեզոնանսներ  

Շուրջ մեկ տարի տեւած նախաքննությունից, Քոչարյանի պարբերական, օրինական կամ ապօրինի կալանավորումներից, ազատ արձակումներից, տեսական ու սահմանադրական վեճերից հետո Քոչարյանի եւ այլոց դեմ քրեական գործը վերջապես հասել է դատարան: Տարբեր մարդիկ տարբեր սպասումներ ունեն դատավարությունից` ոմանք սպասում են, որ Քոչարյանին ներկայացված մեղադրանքները դատարանում կապացուցվեն, կհաստատվեն, եւ նա կդատապարտվի ազատազրկման: Այլոք հավատում եւ ակնկալում են հակառակը` որ մեղադրանքները դատարանում չեն հաստատվի, Քոչարյանը կարդարացվի եւ ազատ կարձակվի:
Բազմաթիվ ուրիշներ էլ այս կամ այն չափով հետեւում են զարգացումներին՝ առանց սպասումների: Քանի որ չարությանը պետք է պատասխանել արդարամտությամբ, բավական է այնքանը, որ Քոչարյանը կանգնեցվել է արդարադատության առաջ: Մնացյալը կտնօրինի արդարադատությունը, երբեմն էլ, ճակատագրի հեգնանքով, այն դատավորները, որոնց Քոչարյանը ժամանակին նշանակել է այլոց ճակատագրեր տնօրինելու համար, զորօրինակ՝ Արմեն Դանիելյանին: Այդքանից հետո ինչպե՞ս չհավատաս Աստծո արդարությանը… 
Տեսնենք դատավարությունն ինչեր կբացահայտի: Ինձ համար, օրինակ, մի կարմիր գիծ կամ ռուբիկոն կա այդտեղ` արդյո՞ք իրականությանը համապատասխանում է տարիների պնդումը, թե ԼՂՀ-ից Երեւան են բերվել հատուկջոկատայիններ կամ թեկուզ Պաշտպանության բանակի շարքային զինծառայողներ եւ օգտագործվել Մարտի 1-ի ցույցերի ճնշման գործողությունում: Եթե դատավարությունում դա հաստատվի, ապա, ըստ իս` վերջ… Դա ծանրագույն քրեական հանցագործություն է, ծանրագույն ռազմական հանցագործություն, ծանրագույն պետական հանցագործություն: Իսկ եթե մարտի 1-ին զինուժի կիրառման հետ կապված հանցագործություններում իշխանությունը դրսից զինուժ ներգրավելու ռուբիկոնին չի հասել, կմնա արդեն չեզոք հետեւել, թե Քոչարյանին ու մյուսներին մեղսագրվող հանցագործություններից ինչն է հերքվում եւ ինչն է հաստատվում դատավարության ժամանակ: 
Իհարկե, շատ վատ է, որ հնչեղ դատավարությունների արատավոր շրջանը երկրում չի ավարտվում: 90-ականների կեսերին ՀՅԴ-ի դեմ  «Դրոյի» եւ մյուս դատավարություններն էին, 2000-ականներին՝ Հոկտեմբերի 27-ի գործով դատավարությունը, մի քանի տարի հետո՝ Մարտի 1-ի գործերը, հիմա` նույն Մարտի 1-ի այլ ռակուրսով դատաքննությունը, երբ դերերով փոխատեղվել են մեղադրողներն ու մեղադրյալները; Սակայն ի՞նչ կարող ես անել, ի՞նչ է հնարավոր փոխել… Ոչինչ:     Ի դեպ, եթե հնչեղ դատավարություններն ու դրանց ռեզոնանսները մնային լոկ իրավական դաշտում, վիճակն այնքան վատ չէր լինի, որքան իրականում: Մինչդեռ իրականում բոլոր հնչեղ դատավարությունները` «Դրո», «Հոկտեմբերի 27», «Մարտի 1», «Քոչարյան», ունեցել են եւ ունեն շատ ավելի մեծ քաղաքական ամպլիտուդ եւ ռեզոնանս, քան իրավական: 

Չակերտավոր տպավորիչ քանակ եվ լուրջ պոտենցիալ 

Ի պաշտպանություն Քոչարյանի ակցիաներ իրականացնող մարդիկ ամեն առիթով հայտարարում են իրենց տեսիլքների մասին, որոնցում Քոչարյանն իրենց երեւում է իշխանության գահին բազմած: Թե մի քանի հարյուր, անգամ` հազար հոգի համախմբող Քոչարյանն ինչ հրաշքով պիտի իրեն հանդուրժել չկարողացող իշխանության եւ 3 միլիոնանոց հասարակության դիմադրությունը հաղթահարի եւ բարձրանա իշխանության Օլիմպոս, ոչ մի կերպ չեն բացատրում: 
Այն Քոչարյանը, որ 1998-ին Վազգեն Սարգսյանի ղեկավարությամբ «Երկրապահի» իրականացրած ընտրակեղծիքներով, իսկ 2003-ին՝ արդեն բռնություններով, լույսեր անջատելով, քվեատուփեր լցոնելով, ծեծուջարդերով, ոստիկանության ահռելի ուժերով, Բաղրամյան պողոտան օրեր փակած փշալարերով կարողացել է մնալ նախագահի աթոռին, այժմ առանց իշխանական ռեսուրսի, իրեն մերժող միջավայրում պիտի կարողանա՞ իշխանության գալ: Քոչարյանի համակիրների հույսն այն է, թե իբր ՌԴ նախագահ Պուտինը պետք է Քոչարյանին ու իրենց իշխանության բերի: Թե Պուտինն ինչպես պիտի դա անի, արդեն իրենց հասկացողությունից վեր է… Էհ, ինչ ասես՝ հուսացեք, երազեք՝ որքան կարող եք:  
Փաստ է, որ 1998-ի նախագահական ընտրություններում ճնշումներով եւ կեղծարարությամբ Քոչարյանին իշխանության բերելուց հետո, ընդամենը ամիսներ անց Վազգեն Սարգսյանն իր կատարած սխալը գիտակցեց, գուցե նաեւ համոզվեց, որ ընտրություններ կեղծելով, նրան իշխանության բերելով՝ խնդիրները չեն լուծվում, եւ դիմեց ընտրություններում Քոչարյանի մրցակցին` Կարեն Դեմիրճյանին, նրան ամիսներ շարունակ խնդրեց-համոզեց, մինչեւ ի վերջո 99-ի խորհրդարանական ընտրություններում «Միասնություն» դաշինք կազմվեց: Դեմիրճյանի հեղինակության, նրա հանդեպ հասարակության սիրո հաշվին էլ Վազգեն Սարգսյանը կարողացավ առանց կեղծումների իշխանության գալ, վարչապետի աթոռը զբաղեցնել եւ Քոչարյանին դարձնել անգլիական թագուհի, որին դժվար թե իշխանությունից չհեռացնեին, եթե Հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը չպատահեր: 
Գալով Քոչարյանի երկրորդ ժամկետի` 2003-ի նախագահական ընտրություններին, այդտեղ արդեն սեւ փիարը, լցոնումները, ծեծուջարդը, փաստաթղթերի կեղծումներն այնքան համատարած էին, ՍԴ ներկայացված ընտրախախտումների ապացույցներն այնպիսի ահռելի ծավալ ունեին, որ ՍԴ-ն ճարահատյալ որոշեց, թե մեկ տարի հետո վստահության հանրաքվե պետք է անցկացնել: Սա է եղել Քոչարյանի նախագահության դեմքը, որի համար էլ այսօր հատուցում է իր ճակատագրի, անգամ իր հանդեպ գործադրվող ապօրինությունների հանդեպ Հայաստանի ժողովրդի անտարբերությամբ:  
Երկրում, որտեղ իր անցյալը համարյա բոլորն են հիշում, Քոչարյանի քաղաքական դերակատարության, նույնիսկ իշխանության ձգտելու ցուցադրությունները ոչինչ չեն փոխում: Քաղաքական հեքիաթասացությունն օգնում է, թերեւս միայն, որ քոչարյանականները գոտեպնդվեն եւ իրենց շարքերը կոնսոլիդացնեն: Բայց մի քանի հարյուր հոգին փողոցներում, մի քանի հազարն էլ՝ երեւի վիրտուալ հարթակներում տպավորիչ քանակ եւ իշխանության գալու լուրջ պոտենցիալ չեն երեք միլիոնանոց երկրում… 

Փաշինյանի փրկօղակն ու խարիսխը

Գալով գործող իշխանությանը, Քոչարյանի քաղաքական հավակնությունները, նրան ներկայացված մեղադրանքները, ընթացող դատավարությունը, պարբերական կալանավորումները Փաշինյանի թիմի` իշխանության մնալու ներքաղաքական հաղթաթուղթն ու խարիսխն են դարձել: 
Ես չգիտեմ՝ Փաշինյանն իրո՞ք իլյուզիաներ է ունեցել, թե ինքը պիտի կարողանա երկիր ղեկավարել, քաղաքական համակարգ կայացնել, կառավարման արդյունավետություն բարձրացնել, տնտեսություն ամրապնդել, արդյունաբերություն գործարկել, գիտություն զարգացնել, մշակույթ տարածել եւ այլն։ Հասարակությունում էլ իրո՞ք եղել են այնպիսի, մեղմ ասած, միամիտներ, որոնք հավատացել են, թե Փաշինյանի նմանօրինակ խոստումները կարող են հանկարծ իրականություն դառնալ: Այդուհանդերձ ակներեւ է, որ Փաշինյանի կատարյալ տապալումը թվարկված բոլոր ոլորտներում, ինչին ականատես ենք արդեն մեկ տարի, չի խոչընդոտում նրան իշխանության ղեկին մնալուն: Եվ չի էլ խոչընդոտի այնքան ժամանակ, քանի դեռ Փաշինյանին իշխանության բերած ոչ թե լոզունգային, այլ իրական-մոտիվացիոն շարժառիթները` ՀՀԿ-ին իշխանությունից հեռացնելը եւ Հայաստանի իշխանական համակարգը «ղարաբաղյան կլանից» մաքրելը հասարակական օրակարգում եւ գիտակցության մեջ մնում են կարեւորված: 
Փաշինյանն իշխանության ղեկին կմնա այնքան, քանի դեռ կենսամակարդակը երկրում շեշտակի անկում չի գրանցել անցյալի համեմատ: Այդքան ժամանակ ե՛ւ Փաշինյանը, ե՛ւ հասարակությունը համարելու են, թե երկրում իրագործվել է ամենակարեւորը` կանխվել է ապագայի ճահճացումը` շնորհիվ ՀՀԿ-ին իշխանությունից հեռացնելու եւ Մելիք-Ադամյան 2-ում պարփակելու, եւ պատժվել է «ամենայն չարյաց արմատը»` ի դեմս ղարաբաղյան կլանին իշխանությունից արմատախիլ անելու եւ Ռոբերտ Քոչարյանին արդարադատության առջեւ կանգնեցնելու: 
Իրականում, ինչ խոսք, ո՛չ ՀՀԿ-ին իշխանությունից հեռացնելը, ո՛չ էլ Քոչարյանին կալանավորելը, անգամ դատապարտելը երկրի զարգացման նախադրյալներ չեն երաշխավորում, բայց հասարակության վարքը շատ ավելի ենթակա է բնության օրենքներին, քան մարդկային բանականությանը: Ճոճանակը միշտ էլ մի կետից հասնում է ճիշտ հակադիր կետին, այլ ոչ թե կանգնում է կես ճանապարհին: 20 տարի գեներացած մերժումն ու ատելությունն իշխանությունների հանդեպ դուրս են հորդացել, եւ ճոճանակը դեռ բավականին տարուբերվելու է, մինչեւ այդ բացասական էմոցիան եւ էներգիան պարպվեն: 
Իշխանության շահերից բխում է, որ այդ ընթացքը որքան հնարավոր է ձգվի, որպեսզի մարդիկ իշխանության ձախողումների վրա չկենտրոնանան: Փաշինյանին կենսականորեն անհրաժեշտ է իր անտիպոդը՝ ի դեմս Քոչարյանի, որպեսզի անվերջ նրան մատնացույց անի եւ անկախ բոլոր տապալումներից, հասարակության աչքում նախընտրելի մեկը մնա: 
Եթե Քոչարյանն այսքանը չի գիտակցում, ուրեմն մեծ սխալմունք է եղել իր` հասարակական կյանքում, առավել եւս` քաղաքականությունում հայտնվելը: Իսկ եթե գիտակցում է, ապա ինչո՞ւ է հարկի-անհարկի «ես, որ հերոս» կեցվածքով խոսում Հայաստանի անցյալի մասին եւ մարդկանց ավելի ու ավելի իր դեմ տրամադրում: Վկա՝ կալանավորման նախօրեին 5-րդ ալիք հեռուստաընկերությանը տված հարցազրույցը 1998-ի Երեւանի, «ճանապարհներ ու հարյուրավոր դպրոցներ կառուցելու», տնտեսություն զարգացնելու, նախորդներին չհետապնդելու մեծահոգության եւ այլնի մասին: