Գժությունը՝ որպես ՔՊ-ի վարքագծի նորմ

Հայաստանի խորհրդարանի ՔՊ-ական մեծամասնությունն ընդունել է օրենք, որով Հայաստանը ԵՄ-ին անդամակցության գործընթաց է սկսում, իսկ Հայաստանի կառավարության կազմում ԱԳ նախարար աշխատող Արարատ Միրզոյանը հայտարարում է, որ Հայաստանը ԵՄ-ին անդամակցության հայտ չի ներկայացրել եւ այդ ուղղությամբ որեւէ աշխատանք չի տանում: Ո՞նց հասկանալ այս հակասությունը․ Արարատ Միրզոյանը սովորական օրինախա՞խտ է, որը չի կատարել խորհրդարանի ընդունած օրենքը, նա կապ չունի՞ գործող կառավարության հետ, կառավարությունը կապ չունի՞ խորհրդարանի եւ դրա ընդունած օրենքների հետ, թե՞ ընդհանրապես Հայաստանում ամեն ինչ արվում է իմիտացիայի համար, այդ թվում եւ օրենքներն ընդունվում են ոչ թե կատարման-իրագործման համար, այլ՝ հենց այնպես:
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ռուս լրագրողը Միրզոյանին հարցնում է, որ Հայաստանը ԵՄ-ին ինտեգրվելու ճանապարհն է բռնել, ինչը հակասության մեջ է մտնում Հայաստանի` ԵԱՏՄ-ին անդամակցության հետ, եւ հարցնում է, թե ինչպես է Հայաստանը պատրաստվում համատեղել ԵՄ-ի հետ ինտեգրումը ԵԱՏՄ-ին անդամակցության հետ: Միրզոյանն էլ պատասխանում է, որ Հայաստանը ԵՄ-ին անդամակցելու հայտ չի ներկայացրել, ու այդ ուղղությամբ որեւէ աշխատանք չի կատարվում, այնպես որ՝ հարցն անտեղի է: Սրանից ավելի մեծ գժություն կարելի՞ է պատկերացնել:
Ավելի քան մեկ տարի առաջ` 2024 թվականի մարտին, Եվրախորհրդարանը 504 կողմ, 4 դեմ, 32 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունեց Եվրամիության եւ Հայաստանի միջեւ կապերի մասին հատուկ բանաձեւը, որով Եվրամիության օրենսդիր մարմինը գործադիր իշխանությանն առաջարկում է դիտարկել Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու հնարավորությունը: Դրանից հետո Հայաստանում մի ուրախություն եւ հրճվանք սկսվեց, որի ամբողջ իմաստն այն էր, որ, ահա, տեսեք՝ ԵՄ-ն դրական է արձագանքում մեր եվրաինտեգրացիոն ձգտումներին, եւ մեր իմաստուն քաղաքականության արդյունքում Հայաստանը շուտով ԵՄ թեկնածուի կարգավիճակ կստանա: Անդրադառնալով Եվրախորհրդարանի այդ որոշմանը՝ ԵՄ արտաքին հարաբերությունների խոսնակ Պետեր Ստանոն ասել էր. եթե Հայաստանն ուզում է միանալ ԵՄ-ին, պետք է համապատասխան հայտ ներկայացնի, որն էլ կքննարկվի ԵՄ երկրների կողմից եւ համապատասխան ընթացք կստանա: Ստացվում է, որ Հայաստանը ԵՄ-ին միանալու ոչ մի ցանկություն չունի: Այդ դեպքում ինչո՞ւ են խոսում դրա մասին, իսկ խոսում են շատերը եւ շատ:
Օրինակ, նույն Արարատ Միրզոյանը մի հարցազրույցում ասել էր․ «Հաշվի առնելով այն բոլոր մարտահրավերները, որոնց մենք ստիպված ենք դիմակայել վերջին 3-4 տարիների ընթացքում՝ Հայաստանում ակտիվորեն քննարկվում են առկա նոր հնարավորությունները։ Գաղտնիք չեմ բացահայտնի, եթե ասեմ, որ այդ շարքում է նաեւ Եվրամիությանն անդամակցության գաղափարը»: Դրան հետեւեց այս տարվա սկզբին խորհրդարանի ՔՊ-ական մեծամասնության կողմից Հայաստանի` ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրենքի ընդունումը, որի քննարկումների ժամանակ բոլոր ելույթ ունեցողները խոսում էին այն պայծառ հեռանկարի մասին, որը կբացվի Հայաստանի առաջ ԵՄ անդամակցության դեպքում: Ենթադրվում է, որ դրանից անմիջապես հետո Հայաստանի իշխանությունը պետք է ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացներ՝ որպես այդ գործընթացը սկսելու առաջին քայլ: Բայց Հայաստանի կառավարությունը խախտում է օրենքը, ոչ միայն հայտ չներկայացնելով, այլեւ դրա շուրջ քննարկում չնախաձեռնելով:
Փաշինյանը եւս բազմաթիվ անգամներ հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է ԵՄ-ին մոտենալ այնքան, որքան ԵՄ-ն դա թույլ կտա, ԵՄ-ն երբ թույլ տա, իրենք պատրաստ են նաեւ անդամ դառնալ, թեկուզ՝ հենց վաղը: Ինչու այդ դեպքում Հայաստանը ԵՄ-ին անդամակցելու հայտ չի ներկայացնում, այլ տարբեր պաշտոնյաներ միայն խոսում են դրա մասին կամ օրենք են ընդունում` օրենքից բխող գործողություններ չանելով, վարկաբեկում երկրի օրենսդիր համարվող մարմինը:
2021 թվականին գաղտնազերծված մի ձայնագրությամբ` Փաշինյանի խոսքից պարզ դարձավ, որ նա միջազգային հարաբերություններում իրեն գժի տեղ է դնում, ներկայանում է գժի կերպարով, որ կարողանա խաբել այլ պետությունների ղեկավարներին: Ամենայն հավանականությամբ, սա հերթական դեպքն է, որ Փաշինյանն իրեն գժի տեղ է դնում, գնում է եվրոպական երկրներ եւ հայտարարում, որ Հայաստանը պատրաստ է ԵՄ անդամ դառնալ: Փաշինյանը խաբում է ԵՄ անդամ երկրներին եւ ԵՄ կառույցների ներկայացուցիչներին, որ իրեն վերաբերվեն որպես յուրայինի, եւ ինքը դրա դիմաց ինչ-որ բան կպցնի, կամ՝ ներողամտորեն վերաբերվեն իր կողմից դրսեւորվող բռնապետական վարքագծին՝ համարելով, որ դա արվում է հանուն եվրաինտեգրացիայի: Միայն թե Փաշինյանն արդեն չի բավարարվում միայն իրեն գժի տեղ դնելով, պարտադրում է, որ իրենց գժի տեղ դնեն նաեւ իր կառավարության եւ խորհրդարանի անդամները: Երբ մարդը կամ մարդկանց ինչ-որ խումբ իրեն անվերջ գժի տեղ է դնում, դա դառնում է ոչ թե բացառություն, այլ՝ վարքագծի նորմ:
Ընդհանրապես, գժերին լուրջ չեն վերաբերվում, կարող է ինչ-որ տեղ նույնիսկ կարեկցեն, խղճան, բայց լուրջ չեն վերաբերվի: Մարդիկ կարող են ասել, բայց այսքանից հետո Փաշինյանը կամ Միրզոյանն ինչպե՞ս են որեւէ եվրոպական երկրի կամ եվրոպական կառույցի ղեկավարի հետ զրուցելիս խոսելու Հայաստանի ԵՄ անդամակցության հեռանկարի մասին: Նրանց ասելու են, չէ՞, որ դուք միայն խոսում եք, բայց ոչ մի գործնական քայլ չեք անում: Բայց բանական մարդու եւ գժի միջեւ տարբերությունն էլ հենց այն է, որ բանական մարդն իրեն հաշիվ է տալիս իր ասածի եւ արածի համար, բանական մարդը մտածում է, թե ինչպես կարձագանքեն իր վարքագծին շրջապատում, իսկ գժի համար նման խնդիր չկա, ինքը պատասխանատու չէ ո՛չ իր խոսքի եւ ո՛չ էլ արարքների համար, եւ շրջապատն էլ նրան/նրանց վերաբերվում է համապատասխանաբար: Ողբերգությունն այն է, որ սրանց գժության արդյունքում տուժում են ոչ թե իրենք, այլ՝ երկիրը եւ հասարակությունը:
Կարծիքներ