Հռոմի պապին քանդակ եմ նվիրել, բայց կառավարությունում ոչ մեկին դա չի հետաքրքրում

Հռոմի պապին քանդակ եմ նվիրել, բայց կառավարությունում ոչ մեկին դա չի հետաքրքրում

Իտալահայ քանդակարգործ Վիգեն Ավետիսն  այս տարվա հունվարից «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում հիմնել է «Վիգեն Ավետիս» քանդակի դպրոցը, որի մեջ են մտնում ոսկերչական, խեցեգործական դպրոցները, նախատեսված է հիմնել նաեւ ռեստավրացիայի դպրոցը։ Վիգեն Ավետիսը նշեց,  որ ինքը դասավանդում է նաեւ Գեղարվեստի ակադեմիայում։

Քանի որ Վիգեն Ավետիսը մշտապես հանդես է եկել քաղաքացիական ակտիվ դիրքորոշմամբ, քննադատել է նախկին իշխանություններին, նրանից հետաքրքրվեցինք, թե որն է համարում թավշյա հեղափոխությունից հետո նկատելի փոփոխությունը Հայաստանում։

«Նկատելի փոփոխություն է այն, որ, օրինակ, Լֆիկ Սամվելի կարծիքը չի հանրայնացվում։ Ինձ համար շատ կարեւոր է, որ ես իրեն չեմ լսում, չեն հանրայնացվում նաեւ մնացած կիսագրագետ եւ անգրագետ մտքերը։ Դա այն ժամանակ դարձել էր սովորական երեւույթ, այդ անգրագիտություններն ընդօրինակում էին։ Շատ կարեւոր ազդակ է, որ ազատվել ենք հակազգային եւ հակաէսթետիկ նման երեւույթներից»,- նշեց Վիգեն Ավետիսը։

Վիգեն Ավետիսին հիշեցրինք, որ ժամանակին ինքը դեմ էր արտահայտվում սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին, հիշեցնում նրա կոմունիստական անցյալը։ Թավշյա հեղափոխությունից հետո սփյուռքի նախարար նշանակվեց Մխիթար Հայրապետյանը, սակայն ամիսներ անց լուծարվեց այդ նախարարությունը, իսկ Մխիթար Հայրապետյանը «գործուղվեց» Ազգային ժողով եւ այժմ ղեկավարում է ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, սպորտի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովը։ 

Ի՞նչ հասցրեց փոխել Մխիթար Հայրապետյանը սփյուռք-Հայաստան հարաբերություններում, պե՞տք էր, արդյոք, լուծարել սփյուռքի նախարարությունը, թե՞ ոչ։
«Մեր պատմությունն այնպիսին է, որ ուզած թե չուզած, պետք է հարաբերվենք սփյուռքին։ Ճիշտ կլիներ, որ սփյուռքի նախարարությունը գործեր։ Իսկ նոր նախարարը ոչ մի վստահություն չներշնչեց։ Ես իրեն որպես ԱԺ պատգամավոր էլ չեմ տեսնում, ո՛չ միտք եմ լսում, ո՛չ խոսք։ Շատ սխալ նշանակումների շրջան էր։ Շատ ավելի վատ է, որ հիմա նա ԱԺ պատգամավոր է։ Ընդհանրապես կադրային քաղաքականությունն ահավոր թույլ է։ Ես տեսնում եմ մարդկանց, որոնք սեփական միտք չունեն։ Իսկ դա սխալ մոտեցում է։ Մենք պետություն ենք, պետք է լինի բազմակարծություն։ Իսկ այն մարդիկ, որոնք սեփական կարծիք չունեն, բայց պաշտոններ են զբաղեցնում, ի՞նչ պետք է անեն։ Ընդհանուր առմամբ՝ եթե մենք մեր պետության ղեկը վստահել ենք Նիկոլ Փաշինյանին, եւ ինքը կարծում է, որ պետք չեն մշակույթի եւ սփյուռքի նախարարությունները, պետք է սպասենք ու տեսնենք, թե ինչ փոփոխություններ կանի։ Ինձ արդյունքն է հետաքրքրում»,- նշեց Վիգեն Ավետիսը։

Մեր հարցին, թե, որպես սփյուռքահայ, ինքը զգո՞ւմ է այդ նախարարության բացակայությունը, Վիգեն Ավետիսն արձագանքեց․ «Իհարկե, զգում եմ։ Եթե այդ նախարարությունը վատ էին կառավարում, ապա դա չի նշանակում, որ այն պետք չէ։ Մենք ունենք մեծ սփյուռք։ Ես տեսնում եմ, որ արտերկրում  մեր դեսպանատներն էլ չեն գործում։ Եթե դեսպանատները գործեին եւ անեին այն աշխատանքը, որն անում էր սփյուռքի նախարարությունը, ապա նորմալ կլիներ։ Օրինակ՝  Իտալիայում ՀՀ դեսպանատունը ոչնչով չի զբաղվում։ Մենք՝ հայերս, Հայաստանի հետ դեսպանատների միջոցով շփվելու, հարաբերվելու կարիքն ունենք, սակայն կապը մեր հայրենակիցների հետ կտրվում է։ Իսկ այդ կապը պահպանելու համար պահանջվում է ամենաօրյա աշխատանք, ինչը չկա։ Ես Հռոմի պապին քանդակ եմ նվիրել երկու տարի առաջ։ Այդ քանդակը ներկայացնում է մեր պատմությունը, ցեղասպանության հարցն է արծարծում, բայց մեր պետության կողմից ոչ մի աջակցություն չկա։ Ինձ պետք է զանգեին ու ասեին՝ Վիգե՛ն, ինչո՞վ կարող ենք քեզ օգնել։ Բայց ո՛չ Իտալիայում ՀՀ դեսպանատունը, ո՛չ կառավարությունից չեն հետաքրքրվել։

Իսկ այդպիսով մենք կորցնում ենք այդ պետություններում մեր պատմությունը ներկայացնելու հնարավորությունը։ Չկա՛ այդ ուշադրությունը։ Հիմնականում արտերկրում մեր դեսպանատները ձեւական բնույթ են կրում։ Իսկ քաղաքական, տնտեսական, մշակութային կապերն այնքան ամուր պետք է հաստատվեն, եւ դա պետք է լինի դեսպանատների միջոցով։ Սերժ Սարգսյանի ժամանակ շատ ծրագրեր իրականացնում էին փողի միջոցով, հիմա այդ փողը չկա, ոչինչ տեղից չի շարժվում»։