Վերանորոգումը Դարբինյանների հողեր չի մտնում

Վերանորոգումը Դարբինյանների հողեր չի մտնում

Լոռու մարզպետարանին հարակից հրապարակում շինարարական աշխատանքներ են ընթանում, հրապարակը վերանորոգվում է, սակայն մարզպետարանի աջ և ձախ կողմերը և հարակից տարածքները չեն վերանորոգվի։ Համենայնդեպս, այս պահին այդ տարածքները ներառված չեն ծրագրում։ Բանն այն է, որ վերոնշյալ 2 տարածքները կոնկրետ սեփականատերեր ունեն։ 2004 թվականին Վանաձորի քաղաքապետարանի և Լոռու մարզպետարանի հարակից 850 քառակուսի մետր տարածքի վարձակալության համար մրցույթ է հայտարարվել՝ առանց մրցութային հանձնաժողովի։ Որպես մրցույթի միանձնյա կազմակերպիչ՝ Վանաձորի այդ տարիների քաղաքապետ Սամվել Դարբինյանը տարածքը վարձակալությամբ տվել է որդուն՝ Աղասի Դարբինյանին։ Երկու տարի անց քաղաքապետը դարձյալ միանձնյա՝ առանց ավագանու, որոշում է կայացրել՝ 850 քառակուսի մետր տարածքը, արդեն սեփականություն իրավունքով, հանձնել է որդուն։

Մարզպետարանի մյուս կողմում 250 քառակուսի մետր տարածքը ևս գրեթե նույն մեխանիզմով դարձել է նախկին փոխմարզպետ Արսեն Դարբինյանի որդու՝ Հարություն Դարբինյանի սեփականությունը։ Վերջինս նախկին քաղաքապետի հորեղբոր թոռն է։

Այսինքն՝ ստացվում է, որ Դարբինյանները մարզպետարանին կից սեփական հողեր ունեն, ինչի հետևանքով էլ այդ տարածքներին որևէ մեկը ձեռք տալ չի կարող, ուստի չեն էլ ընդգրկվել վերանորոգման ծրագրում։ 

Վանաձորի ավագանու անդամ Քրիստ Մարուքյանը մեզ հետ զրույցում ասաց, որ պետական սուբսիդիայով հրապարակի վերանորոգման հարցն ավագանին է հաստատել, բայց էդ նախագծում մարզպետարանի հարակից տարածքները չկան, հիմա դրանց հատկացման-գնման օրինականության հիմքերն են ուսումնասիրվում։

Վանաձորի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Էդիկ Հովսեփյանը նույնպես նշեց, որ այդ տարածքները ներառված չեն ծրագրում՝ հավելելով, որ դրանցով մարզպետարանն է զբաղվում։ 

Մարզպետ Անդրեյ Ղուկասյանն այդպես էլ չպատասխանեց մեր հեռախոսազանգերին, սակայն նա ամիսներ առաջ գրել էր․ «Վանաձորցիներից, լոռեցիներից զավթվածը, խլվածը ետ եք վերադարձնելու, պարոնայք: Այլընտրանք չկա՝ կա՛մ կամովին, կա՛մ օրենքի ուժով:
Սիրելի լոռեցիներ, մարզում առկա նմանատիպ խնդիրներով զբաղվելու եմ շարունակաբար ու հետևողականորեն: Նմանատիպ բոլոր փաստերը հերթականությամբ ներկայացնելու եմ լոռեցիների դատին, ապաև, անհրաժեշտության դեպքում, նաև համապատասխան մարմիններին»։

Փորձեցինք նաև խոսել Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի հետ, սակայն նա մշտապես անջատում էր հեռախոսը։