Ալիեւը բոլոր սահմաններն անցնում է 

Ալիեւը բոլոր սահմաններն անցնում է 

Ալիեւն այնքան է չափերն անցել, որ Բաքվում ընթացող բնակլիմայական ֆորումի ժամանակ առանձին երկրների ղեկավարների հետ հանդիպումների ժամանակ ներկայացնում է իր տեսակետը հայ-ադրբեջանական սպասվող «խաղաղության պայմանագրի» վերաբերյալ՝ հատուկ շեշտադրելով, որ այն կնքելու համար պարտադիր պայման է Հայաստանի սահմանադրությունը փոխելը, քանզի մեր սահմանադրության նախաբանում գրված է, որ Հայաստանն ու Արցախն իրար հետ գործելու են որպես մի ամբողջություն, ինչը սարսափեցնում է Ալիեւին: 

Փաստորեն, Հայաստանի իշխանությունների պահվածքն է թույլ տալիս, որ Ադրբեջանի ղեկավարը Հայաստանից պահանջի՝ փոխել Հայաստանի  սահմանադրությունը, ինչն աննախադեպ է` աշխարհում երբեւէ նման բան չի եղել, որ հարեւան երկրի պահանջով որեւէ երկրի սահմանադրություն փոխվի: Ալիեւի երեկվա բարբաջանքները սփռվում էին ամբողջ աշխարհով մեկ, եւ կարելի է ենթադրել, թե քաղաքակիրթ երկրներում հիմա ինչ են մտածում Հայաստանի մասին: Չէ՞ որ նաեւ կարող են մտածել, որ բնավ պատահական չէր 44-օրա պատերազմում Հայաստանի պարտությունը, եւ իրենք որքան ճիշտ են վարվել, որ չեն օգնել նման անթասիբ երկրին, որը ոչ թե 44 օր է պարտվել, այլ արդեն 4 տարի է՝ պարտվում է եւ վախկոտությունից ու բազում դավաճանություններից բացի այլ կերպ չի դրսեւորում իրեն: 
Արտերկրում հիմա շատերը զարմացած են, որովհետեւ շփվելով իրենց երկրներում ապրող հայկական համայնքի ու լոբբիի հետ, փաստորեն, սխալ կարծիք են ունեցել հայերի մասին, երբ հարգել ու գնահատել են նրանց: Նրանք երեւի խիստ զարմացել են, որ իրենց երկրների պառլամենտները ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, իսկ Հայաստանն այսօր հրաժարվում է իր պահանջից: 

Աշխարհը, իհարկե, գիտակցում է, որ միայն  Թուրքիայի աջակցության շնորհիվ Ադրբեջանը կարողացավ նման շռնդալից հաղթանակ տանել, սակայն պատերազմում նման պարտությունը միայն զենքով ու երկրի աղքատութամբ չէր պայմանավորված, այլ ժողովրդի ու իր իշխանության անթասիբությամբ, վախերով, դավաճանություններով: Հայաստանի իշխանություններին թող չթվա, թե աշխարհը չի հասկացել՝ իրականում ինչ տեղի ունեցավ 44-օրյա պատերազմի ընթացքում եւ դրանից հետո: Չէ՞ որ նրանց աչքի առաջ էր, երբ փոքրիկ Հայաստանը 2016թ. քառօրյա պատերազմի ընթացքում հետ շպրտեց թշնամուն, եւ ոչ մի Թուրքիա չկարողացավ օգնել Ադրբեջանին ու հաղթել հայերին: Ընդամենը 4 տարի անց` 2020-ին, արդեն իրավիճակ էր փոխվել, եւ անհնարինը հնարավոր էր դարձել: 

Հասկանում են, որ 2016-ին Հայաստանում կար իշխանություն, որը մեկից ավելի անգամ արդեն հաղթել էր Ադրբեջանին, հետեւաբար,  ոչ մի դեպքում թույլ չէր տա նման բան։ Եվ կար հաղթած ու պինդ ժողովուրդ, որը տեր էր իր Արցախին ու իր հաղթանակին: Եվ այս իշխանությունը, որ 6 տարի զբաղված է նախկիններին հայհոյելով ու վատաբանելով, բառ անգամ չի ասում այն մասին, թե ինչու նույն մեծն Թուրքիան 2016-ին չկանգնեց Ադրբեջանի կողքին, իսկ 2020-ին կանգնեց: Եվ այս կեցվածքն է պատճառը, որ Ալիեւը հիմա` ի լուր աշխարհի հոխորտում է, որ Հայաստանը պետք է փոխի իր սահմանադրությունը, իսկ 2018-ից առաջ անգամ չէր համարձակվի ծպտուն հանել այդ մասին:

Միայն այսքանը բավական է՝ հասկանալու համար, թե Հայաստանի այսօրվա իշխանությունը «խաղաղության» ինչպիսի պայմանագիր է պատրաստվում կնքել Ադրբեջանի հետ։ 

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ