Հիմա քրիստոնեական երկրում դրանք ապամոնտաժելն ավելի մեծ հիմարություն է, թող ժամանակին չթողնեին

Հիմա քրիստոնեական երկրում դրանք ապամոնտաժելն ավելի մեծ հիմարություն է, թող ժամանակին չթողնեին

Գրել էինք, որ իշխանությունը որոշել է քանդել բոլոր միջպետական եւ համայնքային ճանապարհներին տեղադրված խաչերը, խաչքարերն ու հուշակոթողները։ Որոշման մասին տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն արդեն տեղեկացրել է մարզպետարաններին, վերջիններս էլ՝ համայնքապետարաններին: «ՀՀ միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներին ինքնակամ կառուցված (տեղադրված) հուշաքարերի, խաչերի եւ խաչքարերի քանդման (ապամոնտաժման) աշխատանքների կատարման համար խնդրում եմ՝ յուրաքանչյուրն իր մասով համագործակցի մարզային տեսչական ստորաբաժանումների հետ»,- նշված է նախարարի գրության մեջ, սակայն այս որոշման հիմնավորումների մասին բառ անգամ չկա։  

Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Hraparak.am-ի հետ զրույցում արդեն իսկ տեղադրված քրիստոնեական սիմվոլները քանդելը հիմարություն է համարում․ «Թող ժամանակին ուժեղ պետություն լինեին, չթողնեին ամեն տեղ տեղադրվեին դրանք։ Ես երբեք խանդավառ չեմ եղել եւ չեմ քաջալերել խաչքարերի, խաչերի, հուշակոթողների տեղադրումը, բայց մարդիկ իրենց ազատ կամքով դրել են, հիմա քրիստոնեական երկրում  դրանք ապամոնտաժելն ավելի մեծ հիմարություն է։ Տեղն այդ ի՞նչ պիտի կառուցեն, մեծ շենքե՞ր պիտի կառուցեն, ի՞նչ պիտի անեն ։ Իրենք են երկրի տերը, ինչ ուզում, անում են, էլի, հզոր են․․․»,-ասաց սրբազանը։