Բաց նամակ վարչապետին

Բաց նամակ վարչապետին

Հարգելի՛ պարոն Վարչապետ

Ի կատարումն մեր 20.01.2020թ. գրության վերաբերյալ Ձեր կողմից տրված հանձնարարականի՝ մեկ անհաջող հրավերից հետո, ի վերջո, փետրվարի 20-ին ոչ աշխատանքային ժամի՝ 18:30, մեր հ/կ-ն հրավիրվեց Առողջապահության նախարարություն՝ օրակարգային խնդիրների շուրջ քննարկումների: Մեզ դիմավորեցին ոլորտի հարցով իրավասու փոխնախարարը, «Ակադ. Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» մասնագիտական գործունեության հավաստագրման ազգային կենտրոնի ղեկավարը և այլ պաշտոնյաներ:
Մեր նամակով Ձեզ ներկայացված հարցերից բացի հանդիպման օրակարգում ընդգրկել էինք այլ հարցեր, քանի որ անցած երկու տարիների ընթացքում ԱՆ-ն մեր հ/կ-ի հետ որևէ կառուցողական և արդյունավետ քննարկում չէր իրականացրել: Ուստի, որոշել էինք շատ երկար սպասված այդ հանդիպման հիմքում ի սկզբանե, առաջնահերթության կարգով, դնել երկկողմանի բարեհաջող համագործակցության սկզբունքը, որի համար էլ, ի դեպ, հանդիպումն սկսեցինք փոխնախարարի հետ գործնական ձեռքսեղմումով…

Սակայն հանդիպումը, մեր սպասմանը հակառակ, սկսվեց լուրջ խոչընդոտներով ու հոգեբանական ճնշումներով, որոնք թույլ չէին տալիս ըստ էության ներկայացնելու թեմաները: Մասնավորապես, երբ հարց ուղղեցինք շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) կենտրոնի տնօրենին՝թե ինչպե՞ս են բուժքույրերը հավաքելու ՇՄԶ միավորներ (ըստ օրենքի՝ բուժքույրը 5 տարվա ընթացքում պետք է հավաքի 140 միավոր), այս հարցին նա դժվարացավ կոնկրետ պատասխանել, իսկ փոխնախարարը անսպասելի և անհասկանալի, ակնհայտ անզուսպ և էմոցիոնալ կեցվածքով մի քանի անգամ ձեռքով ուժգին հարվածեց սեղանին: Մենք այդպես էլ չհասկացանք՝ ինչո՞ւ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյայի կողմից նման խայտառակ, ամոթալի վարքագիծ դրսևորվեց մեր՝ ՀՀ  քաղաքացիներիս նկատմամբ: Ուստի մեզ այլ բան չէր մնում, քան հանդիպման վայրից մինչև հոգու խորքը վիրավորված, անխոս հեռանալը՝ մեկ օր գոնե Ձեր կողմից լսված ու չարհամարհված լինելու հույսով:

Պարոն Վարչապետ, թույլ տվեք հարցնել՝ այս ի՞նչ վերաբերմունք է: Մենք, ի վերջո, նախ Ձեզ ենք դիմել հանդիպման խնդրանքով, և նոր միայն Դուք նամակը մակագրել եք առողջապահության նախարարությանը: Մի՞թե նման պարագայում մենք արժանի էինք նման անհարգալից վերաբերմունքի: Շատ ներողություն, բայց որքան էլ Ձեզ հարգենք, մենք նաև մեզ ենք հարգում և ունենք արժանապատվության բարձր զգացում, հետևապես չենք հանդուրժի մեզ հետ այդպիսի վերաբերմունք:

Փոխնախարարի վերաբերմունքը մեր հանդեպ կամա-ակամա նույնացվում է մեր հանդեպ Ձեր վերաբերմունքին: Սա պաշտոնական դիրքի չարաշահում է փոխնախարարի կողմից, ուստի սույն պարագայում մենք այլևս նպատակահարմար չենք գտնում մեր առաջարկների փաթեթի հետագա ներկայացումը և, ընդհանրապես, համագործակցությունը նախարարության՝ վերոհիշյալ վարքագծի տեր որևէ պաշտոնյայի հետ:

Իսկ խնդիրները շատ են, դրանցից մի քանիսը՝ խիստ առաջնային:
 1. Առողջապահության նախարարության և շահագրգիռ կողմերի որակյալ, փոխշահավետ համագործակցության ապահովում:
2. Շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) մասին օրենքի վերանայում:
3. Կլինիկաների լիցենզավորմանը վերաբերող օրենքների բարեփոխում: 
 4. Ներդաշնակության ապահովում կլինիկական օրդինատուրայի մասին և կլինիկաների լիցենզավորման մասին օրենքների միջև:

Հ.Գ. - Ի դեպ, որքանով մեզ հայտնի է, ՀՀ կառավարությունում նամակներով զբաղվում է վարչապետի աշխատակազմի ղեկավարը: Սակայն, ելնելով մեր նամակում շարադրված խիստ մտահոգիչ երևույթների և գործընթացների հրատապությունից, ցանկանում ենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անձամբ և մանրամասնորեն ծանոթանա այս նամակի բովանդակությանը:

 Հարգանքով՝                           

Հովհաննես Գևորգյան     
Վիրաբույժ ստոմատոլոգ
«Կառուցողական ստոմատոլոգիա» ՀԿ-ի նախագահ