Վովա Գասպարյանը դատարան է ներկայացել Դոն Պիպոյի գործով․ մանրամասներ 

Վովա Գասպարյանը դատարան է ներկայացել Դոն Պիպոյի գործով․ մանրամասներ 

Քրեական հեղինակություն համարվող Արթուր Ասատրյանի (Դոն Պիպո) գործով երեկվա դատական նիստն այդքան էլ հանդարտ չի անցել։ Նիստին ներկայացել է նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, որը նախաքննական իր ցուցմունքի մասին ասել է, թե այն ստորագրել է առանց կարդալու՝ վստահելով քննիչին։ Նա նաեւ ավելացրել է․ «40 տարվա իմ աշխատանքից ելնելով հավատացել եմ քննիչին ու ստորագրել եմ առանց կարդալու»։ 

Մեզ ասացին, որ մինչ Գասպարյանի հարցաքննությունը՝ Ասատրյանի եւ նրա միջեւ ընդհարում է տեղի ունեցել։ Վերջինս մեղադրել է նրան նախաքննական փուլում կեղծ ցուցմունք տալու մեջ, սակայն դատարանում հարցաքննությունից հետո Ասատրյանը զարմացած է եղել ցուցմունքի փոփոխությամբ։ 

Հիշեցնենք, որ Արթուր Ասատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ միաժամանակ ՀՀ ՔՕ 38-131 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ եւ 6-րդ կետերով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ, երեք անձի առեւանգումը։ 

Համաձայն մեղադրական եզրակացության՝ Արթուր Ասատրյանը 2017թ. մայիսի 20-ին կազմակերպել եւ ղեկավարել է նախնական համաձայնությամբ գործող մի խումբ անձանց ներգրավմամբ՝ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ երեք անձանց՝ Վազգեն Ղազախեցյանի, Արտակ Այվազյանի եւ Արկադի Քոչինյանի առեւանգումը:  

Նրանք այն անձինք են, որոնք նախապատրաստել էին  Արթուր Ասատրյանին, «օրենքով գող» Օշականցի Գեւորիկ մականունով հայտնի Գեւորգ Մելիքյանին եւ «Զապ» մականունով հայտնի Անդրանիկ Սողոյանի սպանության  ուղղված գործողություններ։