Մենախոսություն

Մենախոսություն

Շան ծիծ կերածնե՜ր... Եկել են, թե` Շաքար պապի, պապան կանչում է, ասում է` հրացանդ էլ հետդ բեր: Ի՞նչ կա, այ լակոտներ: Ասում են` մեր շունը սպանելու է (սպանելու ժամանակն է): Հերն ամոթու չի եկել, երեխեքին է ուղարկել: Տո Շաքարն էդ ե՞րբ շուն սպանող դարձավ, Շաքարը` որսկան մարդ: Ես ձեր կերած կաթը... (Մյուս կողմից էլ` դե շուն է` մեզ պես ծերանում, աչքից-ատամից զրկվում-տան վրա բեռ է դառնում, ի՞նչ անեն, հո բահով-քլունգով չե՞ն սպանելու... Բայց դե հո կրակը չընկա՞նք, էդքան շան մեղք իմ վրա են գցում... Ես ձեր...):

Չէ՜, աչքները վրես չորս են արել, ձին ի՞նչ է, ձիուս էլ են աչքի տակ առել: Էն օրն էն Երեմը (հարամզադա՜) տնազ է անում, թե` այ Շաքար բիձա, մեծ մարդ ես, օրը մի ձի ես փոխում, ձին ինչի՞դ է պետք, գնա մի կարավաթ առ` վրեն պառկիր-հանգստացիր: Ասի` կա՜ց, ճանկս կընկնես... Հետո մի օր եկավ, թե` Շաքար բիձա, ձիդ տա՜ս, գնամ Օձուն` ատամս քաշել տամ: Կտա՜մ, բա ո՜նց... Ասի` գնա ձեր կարավաթին նստի ու գնա... Շան որդի... Մի հարցնող լինի, թե` Երեմ տղա, դու ինչացո՞ւ ես, որ ինձ պես մարդուն էլ ձեռ ես առնում: Էդ դու չէի՞ր, որ գեղի տղերքին հավաքել-տարել էիր ջհանդամի ծերը` Իրկուտսկ, խոպան:

Մի գոմ էիր պատել (Երեմը պատշար էր), պատել-պրծել` փողերն ստացել էիք: Տղերքն ասել էին` ուստա Երեմ, ի՞նչ կլինի` մի քանի օր մնանք, քեֆ անենք, նոր` տուն վերադառնանք: Ասել էր (Երեմը)՝ էդ ի՜նչ եք ասում, շուտ արեք` փասա-փուսեքդ հավաքեք` գնանք, ես իմ պատածը չգիտե՞մ... Քանզի ժամանակին Սադախլոյի կողմերը մի թուրքի համար գոմ էր պատել, վերջում` հացի սեղանին, բաժակի վրա ասել էր. «Բարով վայելեք», ու հենց էդ «բարովվայելեքի» վրա դրսից նոր շարած գոմի փուլ եկող պատի գռռոցն էր լսվել...

Շուն-շանորդի... Իր հորոխպեր Ակոփի պես` անֆայմ: Էն տարին, կռվի տարին, որ ծմակներում ղաչաղ էի, վանքի վերեւն Ակոփն անտառում հանդիպեց (եկել էր անտառից փայտ տանելու), միամիտ էի, ոնց եղավ` ինձ տեսավ: Ասի` Ակոփ, ինձ ճանաչո՞ւմ ես: Ասավ` ո՜նց թե, այտա, մեր Շաքարը չե՞ս: Մի հատ սիլլա խփեցի, ասի` Ակոփ, ինձ ճանաչո՞ւմ ես: Սա էլի` այտա, ո՞նց թե, մեր Շաքարը չե՞ս... Մի հատ էլ սիլլա կերավ: Վերջը, տեսա գլխի չի ընկնում անֆայմ շանորդին, ասի` Ակոփ, գնա` գեղում բան չասես, չասես` Շաքարին տեսել եմ:

Բա (էս էլ ասեմ) ղաչաղ չընկնեի` ի՞նչ անեի: Թվանք չեն տվել, ասում են՝ Շաքար, նեմեցի վրա կռիվ գնա, աչքդ գցիր` թե ընկերոջդ կխփեն, հրացանը վերցրու-կռվիր... Շրջապատման մեջ ընկանք, մի ամիս: Ռազվեդկից եկա-տեսա` վերջին ձին էին մորթել-կերել, էլ ուտելու բան չկար: Ասին` Շաքար, էս է մնացել ձիուց, ուզում ես` կե՜ր, չես ուզում` մի կեր... Ասելն ամոթ չլինի` ձիու առնանդամն էր մնացել...

Հիմի եկել են, թե` Շաքար պապի, շուն կա սպանելու... Շուն-շանորդիք... Դուք որտե՜ղ էիք, որ Լոռվա կռվին, վրացոնց կռվին, Շաքարը մոսին հրացանն ուսին՝ Շուլավեր մտավ: Մի վրացի ջահելի դիակի վրա մերը մղկտում էր. «Շվիլո ջա՜ն, Շվիլո ջա՜ն...»: Տո քո Շվիլոն Լոռվա սարերում ի՞նչ գործ ուներ որ, դե արի` մի ասա... Կամ որ Արմենակի հետ գնացինք Դսեղ` Անդրանիկի զորքին միանալու: Հե՜յ գիտի... Զորավարին իմաց տվին` եկավ, սպիտակ ձիու վրա:

Ձիու վրից որոտաց. «Քաջանցի՞ եք» (այսինքն թե` քաջերի՞ց եք, քա՞ջ եք): Էդ ասելու, որոտալու հետ սպիտակ ձին առջեւի ոտքերը կտրեց գետնից, ծառս եղավ, մեր ձիերը վախից կուչ եկան, փորները գետնին խփեցին: Զորավարը երեւի մտածեց` ինչ իրենց ձիերն են, նույնն էլ իրենք կլինեն, ու նորից որոտաց. «Գնացեք ձեր բանին»:

Հիմի գալիս եք, թե` Շաքար քեռի, շուն կա սպանելու, հրացանդ չե՞ս վերցնի-գա... Շաքարն էն մարդն է եղել, որ ղաչաղ ժամանակ Զամանլվի կամրջի վրա գնացքը կանգնեցրել, մաշինիստից յուղ է ուզել` հրացանը յուղելու համար... Է՜, ի՜նչ օրի հասանք...
...Ձին փոխելու ժամանակն է, վարգն առաջվանը չի: Ախչի Սաթենիկ (կնոջը), մի էն թութունից բեր...

Զավեն 
ԲԵԿՅԱՆ