Ջինը բաց են թողել շշից

Ջինը բաց են թողել շշից

Ինչպե՞ս պատահեց, որ մենք մեր թավշյա, լուսավոր հեղափոխության արդյունքում, որի գլխավոր նպատակը կոռումպացված եւ երկրի զարգացմանը խոչընդոտող իշխանություններից ազատվելն էր, հայտնվեցինք այս խառնաշփոթի մեջ ու անկառավարելի վիճակում, երբ, մի կողմից, 30 տարվա վաղեմության հարցերն են վերադարձել մեր օրակարգ, մյուս կողմից՝ ջնջվում են այս 30 տարվա բոլոր ձեռքբերումները, եւ գլուխ են բարձրացնում հետամնաց ու թերզարգացած հասարակություններին բնորոշ հարցադրումներն ու քննարկումները։

Ո՞ր պետությունում են հիմա քննարկվում հոմոսեքսուալիզմի կամ սեռափոխության հարցերը, այն էլ՝ այսչափ ագրեսիվ ու ատելության համատեքստում։ Աշխարհը վաղուց հաշտվել է այն իրողության հետ, որ մարդիկ տարբեր են եւ ստիպված են հանդուրժել միմյանց տարբերությունները, մանավանդ եթե դրանք չեն խանգարում մյուսներին, եւ «տարբերներն» օրենք չեն խախտում։ Կոնչիտային ու Էլթոն Ջոնին, Չիչոլինային եւ Շվարցենեգերին ընդունած մարդկությունը կսարսափեր ԱԺ-ի մոտ երեկվա մեր հոմոֆոբների ակցիան տեսնելով։

Բայց դա նաեւ հետհեղափոխական իրականության դրսեւորումներից է, երբ ակցիա անելն ու ինչ-որ մեկին մերժելը դարձել են հերոսությանը համազոր քայլ, իսկ մարդու արժանապատվությունը վիրավորելը, հայհոյելն ու քարկոծելը՝ հերոսության դրսեւորում։ Երբ ամենաբարձր ատյանից կոչ էին անում հավաքվել ԱԺ-ի մոտ եւ արգելափակել պատգամավորների ճանապարհը, քանի որ նրանք օրվա իշխանության ցանկություններից դուրս օրինագիծ էին ընդունել, պետք է գիտակցեին, որ այդ եղանակով բազմություն հավաքելն ու այս կամ այն խմբի դեմ «քսի» տալը մեզանում դառնալու է հարցեր լուծելու միջոց։ Իսկ երբ կա «գործիքակազմ», այն այսօր կիրառվելու է մեկի, վաղը՝ մյուսի դեմ։ Եվ այլեւս պրոցեսները դառնալու են անկառավարելի։