ԲԴԽ-ի այդ որոշումն ունեցել է պատվիրատու, եւ դա Գագիկ Ջհանգիրյանն է

Երեւանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի օգտին որոշում է կայացրել՝ համարելով, որ Վարդազարյանին առաջադրված մեղադրանքով խախտվել են նրա իրավունքները։ Ի՞նչ է սա նշանակում՝ հարցրինք Ռուբեն Վարդազարյանին, ում դեմ քրգործ է հարուցվել արդարադատությանը միջամտելու առթիվ, եւ լիազորությունները ժամանակավորապես կասեցված են այս պաշտոնում։
«Այո, իմ լիազորությունները կասեցված են, եւ այն աշխատասենյակը, որը ԲԴԽ նախագահինն է, այժմ զբաղեցված է Գագիկ Ջհանգիրյանի կողմից։ Վստահ եմ՝ ժամանակավոր։ Գործ է հարուցվել գլխավոր դատախազի կողմից, եւ մեղադրանք է առաջադրվել ինձ, ես բողոքարկել եմ մեղադրանք առաջադրելու վերաբերյալ այդ որոշումը, գտել եմ, որ հաղթահարված չէ դատավորի անձեռնմխելիությունը, եւ գտնում եմ, որ նման մեղադրանք առաջադրելուց եւ քրգործ հարուցելուց առաջ Գլխավոր դատախազությունը պետք է ստանար ԲԴԽ համաձայնությունը, որը տեղի չի ունեցել։ Այդ իսկ պատճառով բողոքարկել եմ, եւ իմ բողոքը բավարարվել է։ Սակայն ավելի մանրամասն չեմ կարող ասել, որովհետեւ որոշումը դեռ չունեմ եւ, հետեւաբար, որեւէ մեկնաբանություն անելու իրավասություն ու ցանկություն չունեմ»,-ասաց նա։
- Դատարանի որոշումը հրապարակման պահից ուժի մեջ է մտնում։ Սա ենթադրո՞ւմ է, արդյոք, որ Ձեր լիազորությունները ԲԴԽ նախագահի պաշտոնում պետք է վերականգնվեն։
- Այո, միակ եզրակացությունը, որը կարելի է անել՝ այսօրվա գործող կարգավորումների շրջանակներում, հետեւյալն է, որ դատարանի որոշումն օրինական ուժի մեջ է մտել հրապարակման պահից, հետեւաբար, դատախազությունն ու ՀՔԾ-ն պետք է անհապաղ, ժամ առաջ վերացնեն մեղադրանք առաջադրելու որոշումը, եւ քրեական գործի հարուցումը կարճվի։ Այնուհետեւ հնարավորություն կունենան բողոք տանելու քրեական վերաքննիչ դատարան։ Բայց նման տեղեկություն ես այս պահին չունեմ․ ո՛չ գործն է կարճված, ո՛չ մեղադրանքի որոշումը, ո՛չ էլ բողոք է ներկայացված։
- Կարծում եք՝ Գագիկ Ջհանգիրյանը հեշտությա՞մբ կհեռանա Ձեր կաբինետից։
- Չեմ ուզում մեկնաբանել Գագիկ Ջհանգիրյանի՝ կաբինետից հեռանալու փաստը, դա ածանցվում է այն իրավական գործընթացներից, որ այսօր տեղի են ունենում։
- Ի՞նչ եք անելու, որպեսզի դատարանի որոշումը կյանքի կոչվի։
- Ես այս պահին անելիք չունեմ, անելիք ունեն գործը վերահսկող դատախազը եւ քննիչը։ Կսպասեմ նրանց գործողություններին, եթե անգործություն ցուցաբերեն, ինչ-որ ձեւով կարձագանքեմ։
- Վերադառնալու դեպքում ինչպե՞ս եք պատրաստվում աշխատել մի կոլեկտիվի հետ, որտեղ, նախ, էլի Ջհանգիրյանն է լինելու, նաեւ՝ նրանք, որոնք Ձեր լիազորությունների կասեցման օգտին քվեարկեցին, այդ թվում՝ Սերգեյ Չիչոյանը, ումից նման բան ամենաքիչն էիք սպասում։
- Հարցի մեջ «եթե»-ն դուրս չեկավ, բայց փորձեմ պատասխանել։ Ասեմ, որ շատ կառուցողական եմ աշխատելու, շարունակելու եմ նույն ոճով աշխատել, եւ իմ որոշ բարեկամներ որ ասում են՝ այ, հիմա դու կվերադառնաս եւ բոլորին իրենց տեղը ցույց կտաս, վրեժխնդիր կլինես, միանշանակ կարող եմ հայտարարել, որ ոչ․․․
- Այսինքն՝ վենդետա չի՞ լինելու։
- Ոչ, ընդամենը ցույց կտամ, որ այն ժամանակվա իրենց որոշումը փոքր-ինչ ժամակավրեպ է եղել՝ շտապեցին։
- Իսկ ի՞նչ վենդետա կարող է իրականացնել ԲԴԽ նախագահը ԲԴԽ անդամների նկատմամբ, դժվար կախաղան հանի կամ բռնության ենթարկի, իրավական մեխանիզմներ կա՞ն՝ նրանցից «օրինական վրեժ լուծելու»։
- Օրինական կարգով վրեժ լուծելու որեւէ մեխանիզմ չկա, բայց վստահ եմ՝ ԲԴԽ իմ գործընկերները կհասկանան, որ որեւէ դժվարություն չի լինի, եթե ԲԴԽ նախագահն ուզենա ԲԴԽ անդամին այդ կոմֆորտ զոնայից հանել։ Շատ հանգիստ կարող է ԲԴԽ նախագահն այնպիսի մթնոլորտ ստեղծել խորհրդում, որ ԲԴԽ անդամներն իրենց լավ չզգան․․․
- Ինձ հետ զրույցում ԲԴԽ անդամներից նույն Սերգեյ Չիչոյանը, Գրիգոր Բեքմեզյանն ասում էին, որ իրենք օրենքի տառին համապատասխան են գործել՝ Ձեր լիազորությունները կասեցնելու օգտին քվեարկելով։ Դուք համաձա՞յն եք, որ նրանք օրենքի տառը պահպանել են, թե՞ նրանց վրա, այդուհանդերձ, ճնշումներ եղել են։
- Ճնշումներ եղել են, թե չէ՝ չեմ կարող ասել, տեղեկություն չունեմ, բայց որ որոշումը եղել է քաղաքական, դա միանշանակ է, ես դրանում վստահ եմ, որ իմ լիազորությունները կասեցնելու վերաբերյալ որոշումը, որի օգտին քվեարկել են 5 գիտնական-անդամներ եւ 1 դատավոր, ունեցել է պատվիրատու, եւ այդ պատվիրատուն, իմ համոզմամբ, այսօր ԲԴԽ նախագահի գործող պաշտոնակատարն է՝ Գագիկ Ջհանգիրյանը։
- 6 «կողմ» քվեարկած ԲԴԽ անդամներից կա՞ մեկը, ումից չէիք սպասում նման քվեարկություն։
- Զուտ անձնակա՞ն դաշտի հարց եք տալիս, թե՞ ինստիտուցիոնալ կարող եմ բացատրել։
- Երկուսն էլ։
- Շատ լավ։ Չէի սպասում, իհարկե, դատավոր-անդամ Սերգեյ Չիչոյանից նման քվեարկություն։ Շատ նորմալ եմ վերաբերվում 5 գիտնական-անդամների քվեարկությանը՝ այդ որոշման օգտին, քանի որ նրանք ընտրված են քաղաքական մարմնի կողմից եւ նրանք կատարել են ընդամենը քաղաքական մարմնի կամքը։ Եղել է խնդիր՝ Վարդազարյանի լիազորությունները կասեցնել այս փուլում, եւ այդ խնդիրը նրանք կատարել են։ Օրինական ճանապարհով, թե անօրինական՝ ժամանակը ցույց կտա։ Այս պահին դատարանը գտել է, որ մեղադրանք առաջադրելու որոշումն ապօրինի է եղել։
- Ջհանգիրյանն այս ընթացքում ակտիվ հանդիպումներ է ունենում դատավորների, գործադիրի տարբեր պաշտոնյաների հետ։ Սա Ջհանգիրյանի կողմից դատական համակարգն իր բուռը հավաքելու փո՞րձ է, ինչպես գրվել է մամուլում, եւ հաջողվո՞ւմ է դա նրան։
- Այդ նույն հարցը ես Ձեզ՝ որպես Վահե Մակարյան, ՀՀ քաղաքացի, կարող եմ տալ` ինչպե՞ս է Ձեզ թվում, պարոն Մակարյան, ստացվո՞ւմ է։
- Ես դատական համակարգի ներկայացուցիչ չեմ, չեմ կարող ասել․․․
- Ես վստահաբար կարող եմ պնդել, որ ոչ ոքի չի հաջողվի Հայաստանում դատական համակարգը հավաքել իր բուռը։
- Ի դեպ, դատավոր Դավիթ Հարությունյանին փորձում էին Ձեր դեմ տրամադրել, որ նա Ձեր դեմ որոշում կայացնի՝ Դուք ժամանակին իրեն գաղտնալսելու թույլտվություն եք տվել․ այդ ճնշումները, փաստորեն, չազդեցին նրա վրա։
- Եվ փառք ու պատիվ պարոն Հարությունյանին, քանի որ այն, ինչ Դուք ասացիք, իրականություն է, եւ, փաստորեն, չազդեցին․ պարոն Հարությունյանը կայացրել է օրինական որոշում։ Չնայած այն հանգամանքին, որ չեմ տեսել որոշումը, բայց քանի որ եզրափակիչ մասն իմ օգտին է, այդքանով կսահմանափակվեմ։ Ավել բան չեմ կարող ասել։
Կարծիքներ