Չենք կարող տեղեկանք բերել, որ տեղի է ունեցել քաղաքական պայմանավորվածություններ․ «Ա1+» -ն ընդդեմ կառավարության

Չենք կարող տեղեկանք բերել, որ տեղի է ունեցել քաղաքական պայմանավորվածություններ․ «Ա1+» -ն ընդդեմ կառավարության

Վարչական դատարանում այսօր շարունակվեց «Ա1+» հեռուստաընկերության դատական հայցի քննությունն ընդդեմ ՀՀ կառավարության։
Լրատվամիջոցը մտադիր է հասնել նրան, որ նախկինում պարտված 7 մրցույթներն ու դրանց վերաբերյալ դատարանների որոշումները դատական կարգով անօրինական ճանաչվեն։

Այսօրվա դատական նիստին կառավարությունից ոչ  ոք չէր ներկայացրել, լրատվամիջոցի ներկայացուցիչները պնդեցին՝ ցանկանում են պատասխանող կողմին տեսնել դատական նիստին, լսել նաեւ նրանց տեսակետը։ Թեպետ պատասխանող կողմը բացակայում էր, այնուամենայնիվ, նիստը տեղի ունեցավ, որի ընթացքում հայցվոր կողմը միջնորդություն ներկայացրեց։

Նրանք պահանջում են որպես ապացույց ներկայացնել 7 մրցույթում ներկայացված մրցութային փաթեթները, դրանց գնահատման արձանագրությունները, որպեսզի կարողանան դատարանին ցույց տալ, որ այն ժամանակ մրցույթներով իռացիոնալ որոշումներ են կայացվել։

Նիստին լրատվամիջոցի ներկայցուցիչ Արա Ղազարյանը նաեւ հայտարարեց, որ այն ժամանակ քաղաքական որոշում է եղել եթերազրկելու «Ա1+»-ին, դրսեւորվել է խտրականություն։ Նրանք նաեւ պատրաստվում  են սոցիոլոգիական հարցում իրականացնել՝ ցույց տալու համար դատարանին, որ խտրականություն է տեղի ունեցել տարիներ առաջ։ 

Դատարանը ներկայացված միջնորդությունը թողեց առանց քննության։ Նիստը հետաձգվեց եւ նշանակվեց նոյեմբերի 17-ին։

Նիստի ավարտից հետո լրատվամիջոցի հիմնադիր եւ ղեկավար Մեսրոպ Մովսեսյանը պատասխանելով այն հարցին, թե ինքը նախինում ասել է՝ այն  դատավորները, որոնք փակել են իր լրատվամիջոցը պետք է անցնեն ինքնամաքրման ճանապարհով, երեկ ԱԺ-ում ՍԴ դատավոր ընտրվեց Երվանդ Խունդկարյանը, որը մասնակցել է «Ա1+»-ի փակման գործընթացին, ինչպիսի՞ վերաբերմունք ունի այս առումով, նշեց․ <Ինքնամաքրման ճանապարհը ոնց որ թե սկսվել է, որովհետեւ այսօրվա դատավարությունն էլ ինձ շատ դուր եկավ, դատավորի՝ գործին լավ ծանոթանալու միտումը, որը ժամանակին չի եղել։ Նույն ճանապարհին է նաեւ Երվանդ Խունդկարյանը, որը կնքահայրը դարձավ մերժման դատավարությունների շարքի, իսկ հիմա երեւի ինքնամաքրման ճանապարհ է ընտրել։ Իր նշանակելը, ճիշտն ասած, ինձ համար միևնույն է, միայն թե մաքրված ինքը նստի»։

Փատաբան Արա Ղազարյանն էլ նշեց, որ իրենց խնդիրն է ցույց տալ՝ խտրականությունը․ «Եթե ես գնում եմ մրցույթի, գիտեմ, որ ամենաթույլը չեմ, մինչեւ այս ունեցել եմ այնպիսի տնտեսական կամ արտադրանքի հետ կապված միավորներ, որի մասին իմ մրցակիցները չէին էլ կարող երազել, ապա ինչպե՞ս պատահեց, որ ես 7 անգամ պարտվեցի։ Մենք հուսով ենք, որ Վարչական դատարանը կգտնվի բարձունքի վրա։ Պետք է ապացուցենք մի բան, որն առերեւույթ չի երեւում, մենք չենք կարող տեղեկանք բերել, որ կուլիսների հետեւում տեղի է ունեցել քաղաքական պայմանավորվածություններ։ Բոլորը գիտեն, որ դա տեղի է ունեցել»։

Նշենք, որ խոսքը 2003թ.-ին ՀՌԱՀ կայացրած որոշման մասին է, որով հեռուստաընկերոթւյունը զրկվեց հաճախականությունից։ Այս որոշումը ՀՀ  ներպետական ատյաններում բողոքարկելու երկարատև գործընթացը ոչ մի արդյունք չտվեց։

Բացի այդ, 2003թ.-ից ի վեր «Ա1+»-ը պարտվել է նաև ՀՌԱՀ հայտարարած հետագա 7 մրցույթներում։ Այդ որոշումները ևս բողոքարկվել են ՀՀ ներպետական ատյաններում։ Բայց «Ա1+»-ի պահանջները մերժվել են։
2008 թ. -ին, ՄԻԵԴ-ն արձանագրեց «Ա1+»-ի իրավունքների խախտման փաստն ու ՀՀ–ին պարտավորեցրեց «Ա1+» -ի սեփականատեր «Մելտեքս» ՍՊԸ-ին վճարել 30 000 եվրո` որպես ոչ նյութական վնասի ու դատական ծախսերի փոխհատուցում։
Աննա Պապիկյան