Ես 18 տարեկանում ունեցել եմ սեփական տուն, բնակարան՝ իմ անունով, երկու ավտոմեքենա
ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանն իր որդու՝ Հարություն Մաշադյանի՝ Երեւանի կայազորի զինդատախազ նշանակվելու շուրջ աղմուկը համարում է հիստերիա։ «Չեմ խառնվում նրա գործերին, կարծում եմ՝ դատախազության հրապարակումը բավարար է, որ թեման փակվի։ Համենայնդեպս, ես չեմ ընկնում այդ ասեկոսեների հետեւից, որոնք հիստերիկ բնույթ են կրում եւ ոչ ճիշտ են»,- ասաց Ռաֆիկ Մաշադյանը։
- Պարոն Մաշադյան, ինչպե՞ս եղավ, որ Դուք, երկար ժամանակ լինելով փոքր բիզնեսի համար պատասխանատու ստորաբաժանման ղեկավար, մի ոլորտի, որը տապալված է Հայաստանում, ավելի բարձր նշանակում ստացաք հեղափոխությունից հետո։
- Իսկ ո՞վ է ասում, որ ես եղել եմ փոքր բիզնեսի պատասխանատու։ Ընդհանրապես, ՊԵԿ-ը ոչ մի բիզնեսի պատասխանատու չի։ Ինքն իր գործառույթներն է իրականացնում, իսկ բիզնեսի պատասխանատուն, կարծում եմ, էկոնոմիկայի նախարարությունն է։
- Ձեր պաշտոնը մինչեւ տեղակալ նշանակվելը ինչպե՞ս էր կոչվում։
- Փոքր հարկ վճարողների վարչության պետ։
- Վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ բարեկամական կապի մասին ի՞նչ կասեք։
- Աննա Հակոբյանը մեր կապերի մասին իր հրապարակումն արդեն արել է, որը 100 տոկոսով համապատասխանում է իրականությանը։
- Ճի՞շտ է, որ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արման Պողոսյանը Ձեր աներորդին է։
- Ես լիքը հարազատներ եւ բարեկամներ ունեմ նաեւ այլ ոլորտներում։ Իմ բարեկամների ու հարազատների՝ ինչ-որ տեղ աշխատելը ես չեմ ուզում մեկնաբանել ու քննարկման առարկա դարձնել։
- Ձեր որդու ծառայության մասին ի՞նչ կասեք։ Այսօր նրա համածառայողներից մեկը համացանցում գրել էր, որ ոչ մի օր նրան չի տեսել ծառայության մեջ, իսկ դատախազությունը նրա բանակային լուսանկարներն էր տարածել՝ հանդիսավոր միջոցառման ժամանակ։
- Ես Ձեզ առաջարկում եմ դիմել պաշտպանության նախարարություն, քանի որ ՊՆ ենթակայության տակ են մեր զինվորները։ Իր համածառայողներից մեկը կարող է գիշերը լավ չքնել, արթնանալ ու իր մասին մի բան ասել, ինչը որ կարող են ասել շատերը, ում հետ ես շփվել եմ։ Դա չի նշանակում, որ այդ ամենը համապատասխանում է իրականությանը, ու պետք է դարձնեք հանրային քննարկման առարկա։
- Ձեր որդին պաշտոնապես միլիոնատեր է։ Ինչպե՞ս է նա հարստացել 24 տարեկանում։ Ինչի՞ հաշվին։
- Միլիոնատերը ո՞րն է։ Ինչո՞ւ եք ասում՝ միլիոնատեր։ Էդ միլիոնատեր ասողը, գնահատական տվողը կարողանո՞ւմ է ինքը հասկանալ, թե ինչ է նշանակում մի միլիոնը։ Որտե՞ղ է հայտարարագրված այս միլիոնը, ուզում եմ հասկանալ։
- Դրամով՝ միլիոնատեր է։
- Ա, տենց, հա՞, դա՞ նկատի ունեք։
- 12 մլն դրամ ունի, նաեւ 100 հազարից ավելի դոլար, «Տուարեգ» ավտոմեքենա։
- Պետեկամուտների կոմիտեի ցանկացած աշխատող, եթե Ձեր մեկնաբանությամբ ենք գնահատական տալիս, երեք ամսից միլիոնատեր է դառնում, որովհետեւ այդքան են վաստակում։ Եթե Դուք դրան եք նայում։
- 22-24 տարեկան տղայի համար դա շատ չէ՞։ Ո՞նց է այս երկրում նման կարողության տեր դարձել։
- Ես Ձեզ առաջարկում եմ, որպեսզի այդ գնահատականները տալուց առաջ հաշվի առնեք, որ ես 18 տարեկանում ունեցել եմ սեփական տուն, բնակարան, իմ անունով երկու ավտոմեքենա։ Եկեք գնանք հետ ու այդտեղից գնահատական տալով գանք։
Կարծիքներ