Խելացի լինեն՝ կասեն, որ հատուկ էինք արել՝ պրովոկացիա էր

Խելացի լինեն՝ կասեն, որ հատուկ էինք արել՝ պրովոկացիա էր

Նախօրեին մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի տարածքում իրականացված «ՀուԶԱՆՔ ու ԶԱՆԳ» պերֆորմանսը մեծ իրարանցում առաջացրեց թե՛ սոցիալական ցանցերում, թե՛ մամուլում։ Գուցե պայմանավորված նաեւ այն հանգամանքով, որ նախագիծն իրականացվել էր ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, որի համար նախարարությունը հատկացրել էր 2․7 մլն դրամ։ 

Իսկ ներկայացումը, ինչպես գրված է միջոցառման էջում, 1920-ական թվականների ֆուտուրիզմ պոեզիայի (Կարա Դարվիշ, Գեւորգ Աբով, Ազատ Վշտունի) հետազոտական/էքսպերիմենտալ վերընթերցումն է՝ Լիլիթ Պետրոսյանի հեղինակային պոեզիայի միջամտություններով եւ Հասմիկ Թանգյանի ապագայամետ շարժման աշխարհագրությամբ․ «Հուզանք ու զանգը հարցականի տակ է դնում կնոջ պահվածքի, խոսելու եւ շարժվելու ձեւի հանրային ընկալումը»։ 

Նկարիչ, արվեստագետ Աշոտ Ավագյանը, ով 1999 թվականից Սիսիանի տարածաշրջանի նեոլիթյան ժամանակաշրջանի մշակութային հուշակոթողներում՝ Ուխտասարի ժայռապատկերների տարածքում, Զորաց քարերում, Պորտաքարում կազմակերպել է մեկ տասնյակի հասնող պերֆորմանսներ, ասում է, որ հանրային անհանդուրժողականությունն իր համար ո՛չ նորություն է, ո՛չ էլ անհանգստացնող, որովհետեւ ժամանակ առ ժամանակ նաեւ իր վրա է զգացել այդ ամենը․ «Ի վերջո, դա անցողիկ բան է, ժամանակն ամեն ինչ իր տեղն է գցելու»։

Ինչ վերաբերում է «ՀուԶԱՆՔ ու ԶԱՆԳ»-ին, ապա նկատում է, որ տեխնիկական առումով խնդիր կար, ոչինչ չէր լսվում, գեղագիտական մասով էլ չհասկացավ, թե ինչ էին ուզում ասել աղջիկները․ «Հայկական ֆուտուրիզմից էին խոսում, որն ընդհանրապես շատ կարճատեւ ու գավառական բան է եղել, այսինքն՝ եթե Կառլո Կարան, Մարինետին, Սեւերինին, Բոչոնին հիմա զարթնեին, կամաչեին, որ հիմա սենց են ֆուտուրիզմով զբաղվում։ Կդժվարանամ որեւէ կոնկրետ բան ասել, որովհետեւ այդպես էլ չհասկացա, թե որն էր իրենց անելիքը։ Սովորական ներկայացում էր, ու եթե այդ աղմուկը չլիներ, այդպես անցնելու էր գնար, բայց եթե ես իրենց փոխարեն լինեի, ներկայացման կեսից միջամտած բոլոր պերսոնաժներին, այդ թվում՝ ոստիկաններին, կմիացնեի իրար, ու դրանով շատ զիլ պերֆորմանս կդառնար՝ իր կուլմինացիայով հանդերձ, որովհետեւ իրենց արածը, որպես այդպիսին, միջակ բան էր՝ կիսաթատրոն, գավառական մի բան, բայց այդ տղայի ներկայությունը, հետո մյուսների միջամտությունը, քոչարին իրար հետ միասին կարող են շատ ամբողջական ու սիրուն պերֆորմանս դառնալ։ Բայց դրա համար գաղափարական լուծում պետք է տրվի, կոնցեպտ սարքվի։ Եթե խելացի լինեն, կասեն, որ հատուկ էինք սա արել՝ պրովոկացիա էր»։ 

Ավագյանի կարծիքով՝ նման անհանդուրժողական վերաբերմունքի հիմքում ընկած է հասարակության ինքնապահպանման բնազդը, իսկ Ստամբուլյան կոնվենցիան, դրա շուրջ ծագած աղմուկը եւ մնացած ամենը կողմնակի գործոններ են։ «Իրականում, գավառը ծանոթ չէ եւ չի ընկալում ֆուտուրիստական կամ ժամանակակից որեւէ այլ բան, ինքը չգիտի դրա մասին։ Այս ամենը խառնվում է իրար հատկապես ինքնապահպանման բնազդի հետ կապված, որովհետեւ հիմա քաղաքական շատ բարդ ժամանակներ ենք ապրում»,- ասում է ու ընդգծում, որ ներկայացումը հանրային հարձակման ենթարկվեց նաեւ, որովհետեւ նախարարությունն էր ֆինանսավորել։ Իսկ հանրությունն արդեն դժգոհ վիճակում էր, որովհետեւ վերջերս պարզ դարձավ, որ նախարարությունը ֆինանսավորել է նաեւ Մել Դալուզյանի մասին նկարահանվող ֆիլմը․ «Այս եւ մնացած հարցերը պետք է ընդհանուրի մեջ նայել։ Կիսաանգրագետ վիճակ է, եւ այս բոլորը գալիս է ինքնապաշտպանական բնազդից, նաեւ բարդ քաղաքական իրավիճակ է ստեղծվել՝ կապված Սիրիայի, Թուրքիայի հետ, իսկ սրանք բոլորը վախեր են, որոնք ուղղվում են տարբեր տեղեր դրսեւորվելու համար։ Այս սարերի բարձունքից այնքան լավ է ամեն ինչ երեւում, ուղղակի ծիծաղելի է շատ բան, երբ նայում ես ներքեւ՝ Երեւան։ Շատերի մոտ կարող է նաեւ նախանձը խոսել, ասեն՝ ինչո՞ւ նրանց տալիս են, մեզ՝ ոչ։ Միշտ էլ էդպես է եղել, ու հիմա եկել է ժամանակը, որ սրանք են պալատական դարձել»։  

Պերֆորմանսներ անելու մշակույթ մեզանում եղել է շատ վաղուց, բայց նման արձագանք չի եղել, բացառությամբ մի քանի փոքր դրվագի՝ նկատում է Աշոտ Ավագյանը․ «Կախված, թե որ զանգվածին ինչը դուր չի գալիս, եւ նա սկսում է մանիպուլացնել, թե չէ՝ պերֆորմանսներ միշտ էլ եղել են ու հիմնականում՝ լուսանցքային փոքր մասսաների համար, ժողովուրդն անցել է կողքներով ու չի էլ հասկացել՝ սա պերֆորմա՞նս է, թե՞ ոչ։ Սա ընդամենը այս ժամանակի արդյունքն էր։ Ստամբուլյան կոնվենցիան, նախարարի կերպարը, իր արած հայտարարությունը ցենզուրայի մասին, սատանիստների համերգը, եւ այս ընդհանուր խառնարանի միջից հանկարծ մի բան պայթեց։ Խիստ առաջադեմներն ասելու են, որ սրանք անգրագետ են, բայց նրանք էլ պակաս անգրագետ չեն, արդյունքում երկու կողմն էլ իրար արժեն»։

Ինչ վերաբերում է նախարարի հայտարարությանը, որ արվեստում ցենզուրա չի լինելու, ապա, Ավագյանի կարծիքով, հնարավոր է նաեւ այդ արտահայտությունը հանրության մի մասին իր դեմ տրամադրեց․ «Գավառում ապրելն այսպես է լինում, վաղը մի ուրիշ իշխանություն գա, մի ուրիշ բան ասի, էլի նույն արձագանքն է լինելու․ «արվեստում ցենզուրա չպետք է լինի» կոնցեպցիան արդեն սխալ է, որովհետեւ տիեզերքում բնությունն արդեն իր ցենզորն է, եթե մի տեղ անձրեւ շատ է տեղում, հետո մի պահ դադարում է, քանի որ հասկանում է՝ չափն անցավ, այսինքն՝ ներքին կուլտուրայի խնդիր կա, ներքին ցենզորը պետք է մեջդ խոսա։ Ցենզուրա չպետք է լինի, բայց արվեստագետը պետք է ցենզուրա ունենա․ սրա մասին է խոսքը»։ 

Ավագյանի կարծիքով՝ մեզ նման փոքր եւ աղքատ երկրում, որն անդերգրաունդում է, մշակութային հեղափոխություն չի կարող լինել։ «Դա այնպիսի երկրներում կարող է լինել, որտեղ լուրջ գումարներ են տրվում մշակույթին, որտեղ լուրջ փիլիսոփաներ կան, ու բացի արվեստից, գիտությունն է աշխատում։ Ո՞նց կարող է այստեղ մշակութային հեղափոխություն լինել, ավելին՝ որեւէ փոփոխություն չի եղել, ռաբիսը ռաբիս է մնացել, դասականը՝ դասականի իր դիրքերում, եւ միայն ժամանակակից արվեստը մի փոքր ակտիվացավ, որովհետեւ իրենց ընկերները եկան իշխանության։ Եվ հետո՝ հեղափոխություն չի եղել, այլ՝ իշխանափոխություն, այսինքն՝ բոլոր արժեքները մնացել են նույնը, որովհետեւ հեղափոխություն լինում է, երբ ինչ-որ նպատակ ու ծրագիր է լինում՝ կոնցեպտ, եթե դա չի եղել, միայն մարդիկ են փոխվել, բյուջեն նույնձեւ է բաշխվում, կառավարումը՝ նույնձեւ իրականացվում, արվեստի մեջ էլ ոչ մի փոփոխություն չի լինում, միայն անուններն են փոխվում»։