Ադրբեջանը սադրա՞նք է ծրագրում

Ադրբեջանը սադրա՞նք է ծրագրում

Ադրբեջանական լրատվամիջոցներից մեկը չափազանց ուշագրավ մեկնաբանություն է արել ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի կողմից Արցախի արաքսամերձ տարածքներ այցելելու կապակցությամբ: Ըստ այդմ, վարչապետ Փաշինյանի Իրան այցից եւ տեղի հայկական համայնքի հետ հանդիպումներից հետո Արդեբիլ նահանգում Իրանի հոգեւոր առաջնորդի ներկայացուցիչ այաթոլլա Սեիդ Հասան Ամելին ուրբաթօրյա նամազի ժամանակ հանդես է եկել քաղաքական հայտարարությամբ, որ Լեռնային Ղարաբաղի հարցում Իրանի դիրքորոշումը չի փոխվել, եւ աստծուց խնդրել է հնարավորություն, որպեսզի «նամազ անցկացնի Ադրբեջանի օկուպացված տարածքներում»: Մեկնաբանության հեղինակը պնդում է, որ այդ կարգի հայտարարությունը չի կարող չհամաձայնեցված լինել Իրանի հոգեւոր առաջնորդի գրասենյակի հետ, եւ եզրակացնում է, որ հենց այդ հանգամանքն է անհանգստացրել Հայաստանի իշխանություններին, եւ ԱԱԾ տնօրեն Վանեցյանն «շտապել է Ֆիզուլի-Ջեբրայիլ ուղղություն»:

Ադրբեջանցի հեղինակը գտնում է, որ այաթոլլա Ամելին կարող է «թեթեւ տեխնիկական միջոցներով իր հիսուն համակիրների հետ անցնել Արաքս գետը եւ ուրբաթօրյա նամազ անցկացնել Ադրբեջանի օկուպացված տարածքներում, որի միջազգային արձագանքը կլինի աննախադեպ»: Նա կարծում է, որ այդ դեպքում հայկական կողմը չի համարձակվի կրակ բացել սահմանն անցնող իրանցիների ուղղությամբ: Արդեբիլը մաս է կազմում, այսպես կոչված, իրանական Ադրբեջանին, տեղի բնակչության մեծամասնությունն էթնիկ ադրբեջանցիներ են: Հավանական է, որ նրանց շրջանում Բաքվի գործակալները որոշակի աշխատանքներ արդեն իսկ իրականացնում են: Եթե դրան գումարվի նաեւ կրոնական մոլեռանդությունը, ապա Իրանի հետ Արցախի սահմանին սադրանքները բացառված չեն լինի:

Ադրբեջանը մեծ ջանքեր է գործադրում՝ շահագրգիռ ուժերի ուշադրությունը հրավիրելու Իրանի հետ սահմանի իրավիճակի վրա: Մեծ է հավանականությունը, որ ադրբեջանական հատուկ ծառայությունները փորձում են լարվածություն սադրել հատկապես Իրան-Արցախ սահմանահատվածում եւ այդ նպատակին հասնելու համար կարող են օգտագործել կրոնական մոլեռանդության գործոնը: Իհարկե, դժվար է հավատալ, որ Իրանի սահմանապահ ուժերը չեն կանխի նման արկածախնդրությունը, բայց միաժամանակ էլ, թվում է, արժե չբացառել սադրանքի հավանականությունը: Պաշտոնական Բաքվի համար հայ-իրանական դիմակայություն սադրելը, երեւում է, դարձել է գերնպատակ: