Ի՞նչ ուղերձներ է կրում ՔՊ նոր վարչության ձևավորումը

Ի՞նչ ուղերձներ է կրում ՔՊ նոր վարչության ձևավորումը

Ընդունված է կարծել, որ իշխող կուսակցության ղեկավար մարմնում (վարչություն, խորհուրդ եւ այլն) ընտրվում են այն անձինք, որոնք լուրջ ազդեցություն ունեն կուսակցական ներքին, հետեւաբար եւ՝ պետական-քաղաքական հարթություններին առնչվող կարեւոր որոշումների կայացման վրա։ Առնվազն այդպես է եղել ՀՀՇ-ի, ապա եւ՝ ՀՀԿ-ի օրոք։ Փոքր-ինչ այլ է ներկայումս իշխող ՔՊ-ի պարագան, թեեւ «դասական» սկզբունքներն այս դեպքում էլ հիմնականում պահպանվել են։ Ասել, որ նոր վարչություն ձեւավորելիս այս կուսակցության ներսում անձի դերակատարության հանգամանքն էական դեր չի ունեցել, ճիշտ չի լինի։ Սակայն նկատելի է, որ որոշ «հին» սկզբունքներ ՔՊ-ի նոր վարչության ձեւավորման դեպքում շրջանցվել են։ 

ՔՊ ղեկավար կազմում ընդգրկվել են վարչապետը, վարչապետի աշխատակազմի ղեկավարը, փոխվարչապետը, երեք նախարարներ, մեկ պետական կոմիտեի նախագահ, խորհրդարանի նախագահը, խորհրդարանական այլ պաշտոնյաներ ու պատգամավորներ։ Վարչության նոր անդամների ազդեցիկության առումով, կարծես, ամեն ինչ կարգին է, նորընտիրները բարձրաստիճան պաշտոնյաներ են, թեեւ նրանցից ոմանց հանրությունը պարզապես չի ճանաչում։ Ոմանց էլ, հավանաբար, առաջիկայում ինչ-որ պաշտոններ կվստահվեն։ 

Ինչպես տեսնում ենք, երկրի փաստացի ղեկավարն այս դեպքում էլ չի դարձել իշխող կուսակցության ղեկավար։ Սա, թերեւս, Նիկոլ Փաշինյանի անձնական որոշումն է։ Ժամանակին, երբ նա ընդդիմադիր պատգամավոր էր, հաճախ էր խոսում մեկ անձի շուրջ ձեւավորված կուսակցությունների անարդյունավետության մասին, «Քաղաքացիական պայմանագիր»-ը ստեղծելիս նա ի սկզբանե հրաժարվեց կուսղեկավարի պաշտոնից՝ հայտարարելով, որ երկրին նոր տիպի՝ ապակենտրոնացված ուժեր են պետք։ Ինչպես տեսնում ենք, այս սկզբունքը նա պահպանեց նաեւ երկրի փաստացի ղեկավար դառնալուց հետո։ Այդուհանդերձ, քչերը կհավատան, որ կուսակցության ներսում որոշումներ կայացնելիս ՔՊ վարչության նախագահ Սուրեն Պապիկյանի ազդեցությունն ավելի էական է լինելու, քան Նիկոլ Փաշինյանինը։

Աչք է զարնում մեկ այլ հանգամանք եւս։ ՔՊ նորընտիր վարչությունից բացակայում են այնպիսի «ականավոր» կուսակցականներ, ինչպիսիք են սոցապնախարար Զարուհի Բաթոյանը, ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը եւ տեւական ժամանակ վարչապետի մերձավոր զինակիցը համարվող Սասուն Միքայելյանը։ Նազարյանի դեպքում ինչ-որ բացատրություններ շրջանառվում են․ վերջինս պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանի կինն է, ու թերեւս «տնից մեկը կդառնա ՔՊ վարչության անդամ» հանգամանքը որոշ դեր է խաղացել։ Զարուհի Բաթոյանին չներառելը, գոնե առաջին հայացքից, այնքան էլ հասկանալի չէ։ Ամենայն հավանականությամբ, դրա պատճառը վերջին շրջանում նախարարուհու տված՝ ոչ այնքան միանշանակ արձագանքներ հարուցած հարցազրույցներն են ու ֆեյսբուքյան գրառումները։ Բայց հատկապես հարցեր է առաջացնում Սասուն Միքայելյանի բացակայության պարագան։ Վերջինս երկար ժամանակ համարվել է Նիկոլ Փաշինյանի մերձավորագույն զինակիցներից մեկը, եւ իշխող ուժի ղեկավար կազմում նրան չներառելը, գոնե հայ արդի քաղաքական մենթալության պայմաններում, ընկալվում է որպես այդ 2 գործիչների միջեւ առաջացած ինչ-ինչ հակասությունների ու տարաձայնությունների վկայություն։ Այդպե՞ս է արդյոք՝ թերեւս պարզ կդառնա առաջիկա զարգացումների տրամաբանությունից։ 

Հետաքրքիր է ՔՊ նոր վարչության կազմում վարչապետի եղբորորդու՝ Սիփան Փաշինյանի հայտնվելը, որի հիմնական արժանիքը հենց երկրի ղեկավարի եղբորորդի լինելն է։ Թեեւ չի բացառվում, որ նա այլ արժանիքներ էլ ունի, որոնց մասին, սակայն, հանրությանը ոչինչ հայտնի չէ։ Սիփան Փաշինյանի ընտրությունն իշխող ուժի ղեկավար կազմում ակամա ուղերձ է առ այն, որ բարեկամ-խնամիական ինստիտուտը, որի կազմաքանդման անհրաժեշտության մասին շատ են սիրում խոսել ՔՊ-ականները, այնուամենայնիվ, դեռ գործում է։ Եթե այս ենթադրություններն ու մտորումները մասնակի կամ ամբողջությամբ իրականությանը չեն համապատասխանում, ապա իշխող ՔՊ-ն ու առհասարակ՝ իշխանությունը առաջիկայում դա գործով ապացուցելու հրաշալի հնարավորություն ունեն։