Մարդու ադեկվատության մի ցուցանիշ կա

Մարդու ադեկվատության մի ցուցանիշ կա
Սիրուշո, Արմեն Գևորգյան, Արման Եղոյան

Ինձ համար մարդու ադեկվատության մի ցուցանիշ կա՝ քննադատության հանդեպ նրա վերաբերմունքը։ Ինձ համար ժողովրդավարության մեկ ցուցիչ կա՝ մամուլի, ազատ խոսքի հանդեպ տվյալ հասարակության, նաեւ իշխանության ու ընդդիմության վերաբերմունքը։ Չասեք, որ մամուլը վատն է, ազատ խոսքի ամենաթողություն կա եւ մենք՝ լրագրողներս, մեր վարքով ենք արժանացել այդ վերաբերմունքին։ 

Այո, մենք շատ վատն ենք ու վատ բաներ շատ ենք արել, մեր մեջ կան ծախու, տգետ, բանսարկու եւ ապատեղեկատվություն տարածողներ եւ մենք շատ հաճախ ենք սխալներ թույլ տալիս, բայց դա ոչ մի կապ չունի մամուլ, ազատ խոսք, լրագրություն հասկացությունների հետ։ Եւ մարդը պետք է առնվազն կույր լինի ու ինտելեկտից բացարձակ զուրկ, որ չհասկանա, թե ինչ մեծ դեր են խաղացել մամուլն ու առհասարակ՝ ԶԼՄ-ները մեր երկրի կյանքում։ Ընդդիմությունը պետք է բացարձակ բարոյազուրկ լինի, որ չգնահատի լրագրողների աշխատանքն այս բոլոր տարիներին, իսկ նոր իշխանությունը՝ հեղափոխության իրականացման հարցում։ Անգամ նախկին իշխանությունը պետք է ազնվություն ունենա եւ խոստովանի, որ իր անկումը մենք՝ լրագրողներս ենք հասունացրել եւ այդ առումով լրագրողների դերն անչափ մեծ է երկրում տեղի ունեցող պրոցեսների մեջ։

Կթերագնահատես մամուլն ու ԶԼՄ-ներին, չես կարողանա լրագրողների հետ աշխատել, չես ունենա հաջողություն։ Չես թերագնահատի՝ կհարգես ու կաշխատես ԶԼՄ-ների հետ, պատշաճ վերաբերմունք կդրսեւորես, քո աշխատանքը մեծապես կշահի դրանից եւ կլինի շարունակական։ 
Ինձ համար նաեւ կողմնորոշիչներ կան, թե տվյալ պաշտոնյան որքանով է հասուն եւ որքանով է պատրաստ հանրային դերակատարում ստանձնելուն, դա՝ մամուլի, լրագրողների հանդեպ վերաբերմունքն է։ Երբ վարչապետի մամուլի խոսնակն անհարգալից է վերաբերվում որեւէ լրատվամիջոցի, անգամ, իրենց կարծիքով «ճ» կլասի լրատվամիջոցին, դա ոչ թե ընդգծում է տվյալ լրատվամիջոցի կարգավիճակն ու նսեմացնում նրան, այլ խոսում է խոսնակի ոչ պրոֆեսիոնալիզմի եւ իշխանության, կոնկրետ՝ վարչապետի, ԶԼՄ-ների հանդեպ ունեցած անհարգալից վերաբերմունքի մասին։

Կարդում եմ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի հարցազրույցը։ Ուշադրությամբ եւ հարգանքով եմ կարդում՝ փորձառու պետական գործչի կշռադատված խոսք է, օգտակար ու զուսպ։ Բայց մինչեւ այն պահը երբ ասում է՝ «Ի տարբերություն նախորդ իշխանության շատ ներկայացուցիչների, ինձ երբեք թույլ չեմ տվել որեւէ մեկի դեմ, լինի նա գործընկեր կամ ընդդիմախոս, մամուլով նյութեր պատվիրել։ Չի եղել նման գոնե մեկ դեպք։ Իսկ իմ հանդեպ հաճախ այդ մեթոդները կիրառել են։ Մարդը, որ համարվում էր գործընկեր կամ թիմակից, կարող էր վճարել եւ քո դեմ արշավ պատվիրել՝ ընդդիմադիր մամուլի միջոցով»։ 

Այդ արտահայտությունն արդեն ինձ համար ցուցիչ է՝ մարդու ինտելեկտի, լայնախոհության, մամուլի ու քննադատության հանդեպ հարգանքի։ Անմիջապես արձանագրում եմ, որ գերագնահատել եմ մարդուն։ Եւ կարեւոր չէ, թե որ «մամուլի» մասին է խոսքը եւ ինչքանով է ճշմարիտ ասվածը ու ինչքանով են հիմնավոր Գեւորգյանի կասկածները։ Անհասցե ու անանուն մեղադրանքները, «պատվեր» բառի օգտագործումն արդեն խոսում է ոչ խորը մտքի, նեղմտության, հանրային կարծիքն ու ազատ խոսքը սեփական պատկերացումներին համապատասխան «ձեւելու» մասին։ 
Կարդում եմ երգչուհի Սիրուշոյի ստատուսը՝ հօգուտ սկեսրայրի։ Կարդում եմ հարգանքով․ այն, որ երիտասարդ կինը որոշել է պաշտպանել իր մերձավորին եւ հանրությանը ներկայացնել նրա դրական որակները, միայն հարգանքի է արժանի։ Չէ որ մեզանում նեղ պահին քչերն են մարդուն ձեռք մեկնում, կիսում նրան հասած զրկանքներն ու տառապանքը, անգամ ընտանիքի անդամներն են հաճախ երես թեքում, թաքնվում ապահով տեղում՝ մինչեւ անցնի վտանգը։ 

Եւ Ռոբերտ Քոչարյանի զավակների, խնամու, հարսի պահվածքն այս օրերին միայն հիացմունքի ու հարգանքի է արժանի։ Բայց մի նախադասություն Սիրուշոյի տեքստում ինձ վանում է անմիջապես․ «Պատվերներ կատարող մամուլը ջանք չխնայեց` խեղաթյուրելու մարդու իրական տեսակը․․․ Շողոքորթությունը, սուտը և պրոֆեսիոնալ մանիպուլյացիան կուրացրել են շատերին»։ 

Ուզում եմ ասել, սիրելի Սիրուշո, հասկանալի է ձեր նեղացածությունը մամուլից ու լրագրողներից, բայց եթե ուզում եք Ռ․Քոչարյանին պաշտպանել եւ ձեր խոսքը հասցնել հանրությանը, պիտի հարգալից վերաբերվեք մամուլին ու լրագրողներին։ Այն նույն մամուլը, որը ժամանակին քննադատում եւ փոխանցում էր քո սկեսրայրի նկատմամբ հանրային նեգատիվ վերաբերմունքը, այսօր փոխանցում է նաեւ ձեր ու Ռ․Քոչարյանի պաշտպանների խոսքը, փաստարկները, տեսակետը։ Եւ դա է իրական մամուլի դերը՝ հասարակության խոսափողի, հանրային դժգոհությունների փոխանցողի, նաեւ՝ մարդու իրավունքների պաշտպանի ու երաշխավորի դեր կատարելը։

Երբեմն դժգոհությունն ու մեղադրանքներն անարդա՞ր, հորինվա՞ծ, չափազանցվա՞ծ են։ Համաձայն եմ, բայց դա պատճառ չէ ատելու մամուլն առհասարակ եւ լրագրողներին՝ մասնավորապես։ Պատճառ չէ, որ վիրավորեք ու նսեմացնեք նրանց աշխատանքը։ Բոլորին վիրավորեք «պատվեր կատարող» եւ այլ որակումներով։

Անգամ ամենաանարդար ու սուբյեկտիվ մամուլն ավելի շատ օգուտ է տալիս հանրությանը, քան շատ ու շատ ինստիտուտներ։ Եւ անգամ այս վեյրիվերումների մեջ այդ ինստիտուտի ծառայություններից ու պաշտպանությունից օգտվում են բոլորը, այդ թվում՝ ամենից շատ քննադատված պաշտոնյաներն ու գործիչները։