Ինչո՞ւ Արարատ Միրզոյանը այդպես արագ «հեղափոխվեց» (տեսանյութ)

Ինչո՞ւ Արարատ Միրզոյանը այդպես արագ «հեղափոխվեց» (տեսանյութ)

Ազգային ժողովի իշխող «Իմ քայլը» խմբակցությունը Սահմանադրական նդատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հրաժարականին հասնելու գործընթաց է սկսել։ Եվ դրան կողմ է անձամբ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, որը երեկ ԱԺ ամբիոնից խնդրահարույց հայտարարությամբ հանդես եկավ՝ ընդդեմ ՍԴ-ի։ 

Նա դժգոհեց ՍԴ-ի աշխատանքից, Քոչարյանի գործով կայացրած որոշումից, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանից՝ բերելով մի շարք «փաստարկներ», որ ՍԴ-ն վատն է, լավ չի աշխատում, չի արտահայտում հանրության ակնկալիքները և այլն։ 


2018 թվականի ապրիլին ուժի մեջ մեջ մտած սահմանդրական կարգավորումներով, ՍԴ դատավորներին ՍԴ նախագահ ընտրելու իրավունք է վերապահվել, մինչդեռ այդ կարգավորումների ուժի մեջ մտնելուց օրեր առաջ՝ 2018-ի մարտի 23-ին, ՍԴ անդամ, իսկ մինչ այդ պաշտնում ընտրվելը ՀՀԿ անդամ, ԱԺ քաղաքական մեծամասնության՝ ՀՀԿ խմբակցության անդամ, քաղաքական գործիչ Հրայր Թովմասյանի ՍԴ նախագահ նշանակվելու փաստը, ինչպես նաեւ այդ փաստի բերումով այս պաշտոնում Հրայր Թովմասյանի մինչեւ 2035 թվականը նախատեսվող պաշտոնավարումը, ըստ էության, ՍԴ դատավորներին ՍԴ նախագահ ընտրելու հնարավորությունից զրկել է: Սա հանրության կողմից մեկնաբանվել է որպես իշխող քաղաքական ուժի կողմից կամայականություն՝ ուղղված իր ներկայացուցչին ՍԴ նախագահի պաշտոնում նշանակելուն, ինչպես նաեւ ոտնձգություն ՍԴ ինքնավարության դեմ»,-ասել է Միրզոյանը՝ հավելելով, որ ՀՀ Ազգային ժողովը՝ որպես Հայաստանի Հանրապետության ժողովրդի օրինական և լեգիտիմ ներկայացուցիչ և առաջնային մանդատով օժտված միակ պետական ինստիտուտ, իր իրավասությունների շրջանակներում իր դիրքորոշումը պիտի արտահայտի վերը նկարագրված խնդիրների և իրավիճակի կապակցությամբ։

Խորհրդարանի կողմից ՍԴ նախագահից «ազատագրվելու» ճիգերն ու Միրզոյանի ելույթը մի շարք գիտակից գործիչների մոտ մտահոգություն առաջացրեց, թե «Իմ քայլում» չեն գիտակցում իշխանության տարանջատման սկզբունքի էությունը և որ սա դատական իշխանության նկատմամբ ակնհայտ ճնշում է։

Մինչդեռ երեկվանից արդնե սկսել են հիշել մեկ տարի առաջ՝ 2018 թվականի հուլիսի 5-ին Սահմանադրության օրվան նվիրված միջոցառման ժամանակ Արարատ Միրզոյանի և Հրայր Թովմասյանի ջերմ զրույցն ու Միրզոյանի այն հայտարարությունը, թե Հրայր Թովմասյանի հրաժարականի հարցը իր իրավասությունների տիրույթում չի գտնվում:

Միրզոյանը սա ասաց, երբ լրագրողը նրանից հետաքրքրվեց՝ չի՞ կարծում, արդյոք, որ Հրայր Թովմասյանի հրաժարականը անհրաժեություն է։ Այդ պահին կոնյակով լի բաժակը ձեռքին` Միրզոյանին է մոտենում Հրայր Թովմասյանը, և Միրզոյանը ջերմ, անգամ շողոքորթ ժպիտոսվ Թովմասյանին ներկայացնում է, թե ինչ հարց էին իրեն տալիս և ինքն էլ ինչ է պատասխանել․ «Հարցը էսպիսին ա, պարոն Թովմասյան՝ Հրայր Թովմասյանը իշխանափոխությունից հետո պաշտոնավարելը շարունակող պաշտոնյաներից մեկն է, չե՞ք կարծում, արդյոք, որ նրա հրաժարականն անհրաժեշտություն է։ Ես էլ ասացի, որ չեմ կարծում, և, ընդհանրապես, դա իմ իրավասությունների տիրույթում չի գտնվում։ Համաձա՞յն չեք»։

Սրանից անցել է մեկ տարի, ու Արարատ Միրզոյանը տրամագծորեն հակառակ կարծիքն է արտահայտում՝ հակասելով ինքն իրեն։ Թերևս Միրզոյանին այդպես արագ «հեղափոխել է» այն, որ ՍԴ-ն Քոչարյանի մասով չի արդարացնում իրենց իշխանության ակնկալիքները։ Բայց դա չի նշանակում, որ պետք է մեկ տարի առաջ ջերմ մթնոլորտում կոնյակ խմել ՍԴ նախագահի հետ ու հայտարարել, թե նրա հրաժարականի հարց չկա, իսկ մեկ տարի անց հեղափոխվել ու հետ կանգնել ասածներից։ Թեպետ՝ քաղաքականության մեջ սկզբունքների փոփոխությունն ու երերուն կեցվածք դրսևորելը նորություն չէ, ավելին՝ շատ տարածված, անգամ խրախուսելի երևույթ է դարձել։