Թրամփի պաշտոնավարման երկրորդ ժամկետը համարում են «քաոսային եւ վախեցնող»

Թրամփի պաշտոնավարման երկրորդ ժամկետը համարում են «քաոսային եւ վախեցնող»

The New York Times պարբերականը գրում է, որ ամերիկացիների մեծ մասը ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնավարման ներկայիս երկրորդ ժամկետը համարում են քաոսային եւ վախեցնող։ Համաձայն հրապարակման, նախագահ Թրամփի պաշտոնավարման երկրորդ ժամկետի հարյուր օրվա լրանալուն ընդառաջ իրականացված սոցիոլոգիական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հարցված ամերիկացիների 65 տոկոսը Թրամփի պաշտոնավարման երկրորդ ժամկետը համարում է «քաոսային», 59 տոկոսը՝ «վախեցնող»։ 42 տոկոսը հայտարարել են, որ հավանություն են տալիս նրա՝ որպես պետության ղեկավարի գործողություններին, 54 տոկոսի համար Թրամփի՝ որպես նախագահ իրականացրած քայլերը ընդունելի չեն։ Մնացածը չեն կարողացել միանշանակ պատասխանել։ Ներգաղթյալների խնդրի հետ կապված Թրամփի որդեգրած քաղաքականությանը կողմ են եղել հարցվածների 47 տոկոսը, տնտեսական քաղաքականությանը՝ 43 տոկոսը, այլ երկրների հետ առեւտրի հետ կապված կուրսին՝ 42 տոկոսը․ Ռուս-Ուկրաինական հակամարտության մասով որդեգրած կեցվածքին՝ 35 տոկոսը։ Հարցվածների 56 տոկոսի համաձայն՝ նախագահ Թրամփը չափազանց հեռու է գնացել ներկրումային ապրանքների հանդեպ բարձր մաքսատուրքեր սահմանելով։ Հարցվածների 61 տոկոսն էլ կարծում է, որ նա այլեւս մաքսատուրքեր չպետք է սահմանի՝ առանց Կոնգրեսի համաձայնության։ Թրամփի հարյուր օրերի ընթացքում վարած քաղաքականությունը հատկապես անհանգստացնող են համարում նրանք, ովքեր անձնապես վնաս են կրել նրա այս կամ այն գործողությունից։ Այս խմբին են պատկանում հարցվածների 36 տոկոսը։ Նրանք երկու անգամ ավելի շատ են, քան այն ամերիկացիները, ովքեր կարծում են, որ Թրամփի քայլերն իրենց օգուտ է բերել։ Երկրորդ խմբին պատկանում են հարցվածների 17 տոկոսը։ Իսկ ահա 45 տոկոսի համար որեւէ տարբերություն չկա։ 2 տոկոսը հարցվածների, կոնկրետ չի կարողացել պատասխանել։ Հարցմանը մասնակցած ամերիկացիները Իլոն Մասկի հանդեպ առանձնապես դրական վերաբերմունք չունեն։ Դաշնային կառավարության արդյունավետության դեպարտամենտը ղեկավարող միլիարդատեր եւ գործարար Իլոն Մասկի հանդեպ դրական են արտահայտվել հարցվածների 35 տոկոսը, բացասաբար՝ 56% տոկոսը։ 7 տոկոսը չի կարողացել Մասկի հանդեպ կոնկրետ վերաբերմունք արտահայտել։