Քաղաքապետարանի 3 մեղադրյալներն ազատ են արձակվել

Քաղաքապետարանի 3 մեղադրյալներն ազատ են արձակվել

Մարտի 21-ի վաղ առավոտյան «Հրապարակին» հայտնի դարձավ, որ Երևանի քաղաքապետարանում հերթական ձերբակալություններն են տեղի ունեցել։ Նախ առավոտյան Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել էր Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի նախկին ղեկավար Սեյրան Մեջլումյանը եւ ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի տեղակալ, վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Դալլաքյանը։ Մեջլումյանը, հիշեցնենք, մարտի 17-ին աշխատանքից ազատման դիմում էր գրել, այլ կերպ ասած՝ նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի հետ հեռացել էր։ 

Հետագայում հայտնի դարձավ, որ ձերբակալվել է և Հակակոռուպցիոն կոմիտեում հարցաքննվում է Երեւանի քաղաքապետարանի՝ Կարգավիճակ չունեցող գույքերի բաժնի պետ, ՔՊ անդամ Տարոն Միրոյանը։ Նշված բոլոր անձինք ձերբակալվել են նույն քրեական գործի շրջանակներում, որը կապված է ենթադրյալ ապօրինի շինթույլտվությունների և ապօրինի շինությունների օրինականացման գործընթացի հետ։ 

Թեև Հակակոռուպցիոն կոմիտեից դեռևս որևէ պարզաբանում չեն տալիս, թե ինչ մեղադրանքներ են առաջադրվել նշված անձանց, սակայն մեզ հայտնի դարձավ, որ քրեական վարույթը նախաձեռնվել է պաշտոնեական լիազորություններ չարաշահելու դեպքերի առթիվ։ Ներկայումս 3 մեղադրյալներն էլ ազատության մեջ են։ Կալանավորման միջնորդություն միայն Սեյրան Մեջլումյանի վերաբերյալ է ներկայացվել դատարան, որը դատարանի կողմից մերժվել է, իսկ մյուս 2 մեղադրյալների մասով ձերբակալման ժամկետը՝ 48 ժամը լրացել է և նրանք ազատ են արձակվել։