Եթե ՀՀ կառավարությունը հրատապ չավելացնի հանրային պաշտպանների քանակը, ապա անվճար իրավաբանական օգնության հետ կապված խնդիրներն անխուսափելի են

Եթե ՀՀ կառավարությունը հրատապ չավելացնի հանրային պաշտպանների քանակը, ապա անվճար իրավաբանական օգնության հետ կապված խնդիրներն անխուսափելի են

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը հայտարարություն է տարածել, ըստ որի՝

«ՀՀ Ազգային ժողովը, կողմ` 24, դեմ` 66, ձեռնպահ` 3 ձայներով, այսօր չի ընդունել ««Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ):

Դեմ քվեարկածների հիմնական մասը «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն էին:


Փաստաբանների պալատն իր մտահոգությունն է հայտնում այս անհեռատես և անկանխատեսելի վարքագծի կապակցությամբ, հաշվի առնելով, որ՝

Նախագիծը ներկայացվել է ՀՀ կառավարության կողմից 07.03.2019թ. թիվ 207-Ա որոշմամբ.

Նախագիծը ՀՀ Ազգային ժողովի գլխադասային հանձնաժողովում առաջին ընթերցումից առաջ քննարկվել և տրվել է դրական եզրակացություն.

Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է ՀՀ ազգային ժողովի կողմից՝ 95 կողմ ձայներով.

Նախագիծը ՀՀ Ազգային ժողովի գլխադասային հանձնաժողովում երկրորդ ընթերցումից առաջ քննարկվել և տրվել է դրական եզրակացություն:

Նախագծով, ի թիվս այլ կազմակերպչական հարցերի, լուծվել էին նաև անվճար իրավաբանական օգնության հետ կապված որոշ խնդիրներ: Պետք է հիշեցնենք, որ կառավարությունը մի քանի տարի է, ինչ չի ավելացնում հանրային պաշտպանների քանակը՝ ի հակառակ յուրաքանչյուր տարի ավելացող գործերի թվի (որը պայմանավորված է նաև պետության կողմից անվճար իրավաբանական օգնություն ստացող անձանց ցանկը ընդլայնելու հանգամանքով):

Պետության ռեսուրսները խնայելու և արդյունավետ լուծում գտնելու նպատակից ելնելով, կառավարության հետ կազմվել էր հանրային պաշտպանի գրասենյակին օժանդակելու լրացուցիչ հարթակ, որը հանրային պաշտպանի գրասենյակի շարունակական աճող ծանրաբեռնվածությունը զսպելու էր և պետության համար անհամեմատ ավելի քիչ ծախսեր էր առաջացնելու: Մինչդեռ, որոշ պատգամավորներ, անտեսելով իրենց քաղաքական ուժի առաջնորդի ստորագրած որոշումը, հավանաբար Փաստաբանների պալատի նկատմամբ ունեցած իրենց անբարյացկամ վերաբերմունքով պայմանավորված, մյուս պատգամավորներին հորդորել են ձախողել կառավարության նախաձեռնությունը:

Հատկանշական է, որ մերժելու ենթակա խնդիր պարունակող օրինագիծը չպետք է անցներ այս փուլերով՝ (1) կառավարություն, (2) գլխադասային հանձնաժողովի առաջին քննարկում, (3)առաջին ընթերցում, (4) գլխադասային հանձնաժողովի երկրորդ քննարկում:

Այս պայմաններում, եթե ՀՀ կառավարությունը հրատապ չավելացնի հանրային պաշտպանների քանակը, ապա անվճար իրավաբանական օգնության հետ կապված խնդիրներն անխուսափելի են»: