Պարոն Հակոբյանը հանդիսացել է ՀՀԿ խորհրդի անդամ. ավագանու անդամը հակադարձում է

Պարոն Հակոբյանը հանդիսացել է ՀՀԿ խորհրդի անդամ. ավագանու անդամը հակադարձում է

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը գրում է

Շաբաթն ուզում եմ ամփոփել «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿի շուրջ առաջացած հարցերով։ Արձանագրենք, որ քաղաքում շների ոհմակների և մարդկանց վրա հարձակումների թիվը մտահոգիչ մեծ է և փաստորեն այդ կենտրոնն էլ իր գործառույթներն իրականացնում է հակասանիտարական և անթույլատրելի պահմաններում։ Նախ անդրադառնալով ՀՈԱԿի տնօրենի ասուլիսին որտեղ նա պնդում է, որ Լույս խմբակցությունը պետք է ներողություն խնդրի կենտրոնի աշխատակիցներից, կարծում եմ, որ դա առաջին հերթին պետք է վերաբերի հենց տնօրինությանը։ Պարոն Բեգոյան, դուք պետք է ներողություն խնդրեք ձեր աշխատակիցներից, ովքեր աշխատում են այդպիսի պայմաններում, իսկ դուք զբաղեցնում եք քաղաքապետարանի վարչական շենքի մի բարեկարգ կաբինետ ու դեռ մի բան էլ ասում եք, որ կենտրոնի պայմանները իդեալական չեն, բայց բավարար են․․․

Այս ՀՈԱԿի աշխատանքներն համակարգում է քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետը, ով այդ ասուլիսին աչքի ընկավ իր ապշեցուցիչ հայտարարությամբ, թե մեր խմբակցության «հետին» նպատակն էր ապացուցել «Հրապարակի» հոդվածներից մեկում ներկայացված փաստերը։ Երևի պարոն Հակոբյանը մոռացել էր, որ նման հրապարակումներին արձագանքող թիվ 1 պատասխանատուն հենց ինքն է և լրատվականի ահազանգով խնդրին ծանոթանալը դա միայն հետևողականության արդյունք է։

Իհարկե միշտ էլ նախկինի հետ համեմատվելով կարելի է լավը երևալ, ինչն արեց բնապահպանության վարչության պետ Խաչիկ Հակոբյանը, համեմատելով նորաստեղծ ՀՈԱԿի աշխատանքը կենդանասպան Յունիգրաֆի հետ, բայց առանց նշելու, որ նման պայմաններում կենդանիներին պահելը գուցե պակաս, բայց կրկին ոչ մարդասիրական մոտեցում է։ Զարմանալի է, որ նման հայտարարություններով հանդես է գալիս պետական պաշտոնների բազմամյա փորձ ունեցող պաշտոնյան, ով 2012 թվականին նշանակվել է ՀՀ բնապահպանության փոխնախարար (երբ նախարար էր հանդիսանում ներկայումս հետախուզման մեջ գտնվող Արամ Հարությունյանը, (բուլկի Արամը) ով մեղադրվում է 14 մլն դրամ կաշառք ստանալու և փողերի լվացման մեջ) և այդ պաշտոնում պաշտոնավարել է շուրջ 6 տարի։

Ըստ վիքիպեդիայի իր էջի պարոն Հակոբյանը հանդիսացել է Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ, ինչը հետաքրքրական է, քանի որ ներկայիս իշխանություններն հաճախ են փորձում մարդկանց սևացնել նախկինի հետ կապելով։

Մի հետաքրքիր դրվագ ևս․․․ նախկին բնապահպանության փոխնարար, ներկայիս քաղաքապետրաանի բնապահպանության վարչության պետ Խաչիկ Հակոբյանը պարգևատրել է Դինգո թիմի համահիմնադիր Օվսաննա Հովսեփյանին «Երիտասարդ 2017» մրցանակաբաշխությանը «Երիտասարդ բնապահպան անվանակարգում»։ Այս ամենը ուշագրավ չէր լինի, եթե այդ իսկապես օրինակելի կազմակերպության համահիմնադիրը ավագանու անդամ դառնալուց հետո չհամարեր, որ 5 շուն մեկ վանդակում պահելը նորմալ է, չհամարեր, որ այդ ՀՈԱԿ-ում սննդի բացակայությունը նորմալ է և առհասարակ, ով այդ պայմաններում կենդանիների պահումը և մարդկանց աշխատելը թեկուզ մեկ օրով նորմալ համարեր։

Հարգելիներս, խնդիրներին պետք է տալ օպերատիվ, բայց միևնույն ժամանակ պատշաճ լուծում։ Դա է արդյունավետ կառավարումը։