Մոլդովայում փակում են ռուսական մշակութային կենտրոնը

Մոլդովայի ԱԳՆ-ն հայտարարել է մշակութային օջախների գործունեության վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության հետ համաձայնագրի խզման մասին՝ Մոսկվայի վրա դնելով հանրապետության տարածքում մի շարք անօդաչու թռչող սարքերի ընկնելու պատասխանատվությունը։ Այս մասին ասվում է նախարարության Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։
«Ի պատասխան այս սադրանքների՝ արտաքին գործերի նախարարությունը որոշում կայացրեց միակողմանիորեն չեղյալ հայտարարել մշակութային օջախների ստեղծման և գործունեության մասին մոլդովա-ռուսական միջկառավարական համաձայնագիրը, որը կնքվել է 1998 թվականին։
Պայմանագրի խզման ընթացակարգի ավարտից հետո Ռուսական մշակութային կենտրոնը կդադարեցնի իր գործունեությունը մեր երկրում»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մոլդովայի հարավում ոստիկանները հայտնաբերել են անօդաչու թռչող սարք, որը կործանվել է Սալսիա գյուղի մոտ։ Ռուսաստանի դեսպան Օլեգ Օզերովը կանչվել է Մոլդովայի ԱԳՆ՝ անօդաչու թռչող սարքերի վթարի հետ կապված միջադեպից հետո։
Օզերովը հայտարարել է, որ երկրի տարածքում ընկած անօդաչու թռչող սարքերի հետ կապված Ռուսաստանին ուղղված մեղադրանքներն անհիմն են, և կոչ է արել սպասել հետաքննության արդյունքներին։
Կարծիքներ