Մեր կյանքի պես դառն ու անսեր

Մեր կյանքի պես դառն ու անսեր

Նախորդ հատվածը՝ այստեղ

Սեղանի շուրջ նստածները մի որոշ ժամանակ լուռ էին, հետո խոսեց հիմնական աշխուժակը.
- Վարդուշ մորքուրը լավ էր սկսել, բայց վերջում իրեն չարդարացրեց։
- Հա, էդ վարկերը զրոյացնելու թեման արդեն վառված գաղափար ա,- գլխով համաձայնության նշան արեց աշխուժակի թայը։- Կարա՞նք էս անգամ էլ ժողովրդին հավատացնենք, որ իրենց ամբախ-զամբախ վերցրած վարկերը ջրվելու (փակվելու) են։
Առաջին քաղտեխնոլոգը ծանր հոգոց հանեց. дааа, вряд ли пипл ещё раз это схавает (սլենգ. դժվար թե ժողովուրդը էդ կուտը նորից ուտի)։
- Լավ, լավ,- ծափ տվեց հիմնական աշխուժակը։- Ռիթմը, տեմպը չենք թուլացնում։ Վարկերի թեմային հետո կանդրադառնանք, միգուցե մի նոր մոտեցմամբ կմատուցենք։ Հիմա վերադառնանք Վարդուշ տոտայի ավելի առողջ գաղափարներին։

Աշխուժակի թայն արդեն խոսում էր դժվարությամբ։ Քարահունջի օղին եւ վիսկարիկը հասցրել էին իրենց քայքայիչ ազդեցությունը թողնել մտավոր գործունեության ու լեզվական սահունության վրա։
- Քանի որ մեր կուսակցությունն էն բանի ջատագովն ու կողմնակիցն ա,- անվստահ սկսեց,- ո՞նց էին ասում, էէէ, մոռացա (շխկացնում է ձեռքի մատներով՝ իմիջիայլոց, վատ չի զնգում), արա, դե, չեք հիշո՞ւմ էդ տերմինը, էն, որ շորերի խանութ կա, էէէ։ Հաա` Հենդերսոն, Գենդերսոն։ Հիշեցի` գենդերային հավասարություն։ Բնականաբար, Վարդուշ մորքուրը խնդիրները վեր հանեց` ելնելով իր իգական սեռի պատկանելության տեսանկյունից։ Մենք այդ ամենը պետք է արտացոլենք հայելային սկզբունքով, այսինքն` երկկողմանի։

Երրորդ քաղտեխնոլոգը շոյեց ճակատը։ Միշտ այդպես էր անում, երբ մոտեցած էր լինում սեփական մտավոր գերազանցությունը ցուցադրելու պահը.
- Այ, դուք ասում եք, որ ամեն ինչ պետք է կուսակցական ծրագրում արտացոլվի հայելային։ Իսկ ինչպե՞ս դա անել՝ այն դեպքում, երբ խոսք է գնում կնոջ ամլության, կոպիտ ասած` չբերության մասին։
Երկրորդ քաղտեխնոլոգը, որ միշտ հարմար առիթներ էր փնտրում՝ ինքնահաստատվելու այլոց հաշվին, հատկապես` գործատուների ներկայությամբ եւ հատկապես ծիրան վիճակում (ալկոհոլի ազդեցության տակ), քմծիծաղեց.
- Իսկ ոչի՞նչ, որ տղամարդիկ նույնպես կարող են ամուլ լինել։ Սովորել եք՝ ամեն ինչ գցել խեղճ կանանց գրպանը։

Հիմնական աշխուժակը ձեռքը խփեց սեղանին ու զայրացած ասաց.
- Մի հատ թարգեցինք էս հարբած բազառները։ Կարեւորը` վեր հանեցինք խնդիրը։ Ծրագրի մեջ պետք է գրել՝ կուսակցությունը խոստանում է բոլոր չբեր կանանց հղիացում եւ բոլոր ամուլ տղամարդկանց բուժում։
- Ու լիքը-լիքը էրեխեք,- ավելացրեց առաջին քաղտեխնոլոգը։ Ամեն դեպքում, երեխաների թեման շատ պոզիտիվ ազդեցություն է ունենում հասարակության մասսայական հոգեբանության վրա։ Կուսակցական ծրագրում պետք է խոսել հատուկ միջոցառումների մասին, որոնք զարկ կտան ծնելիության մակարդակի բարձրացմանը։
- Լավ է, շատ լավ է,- ձեռքերը շփեց հիմնական աշխուժակը։- Անցնենք երկրորդին։
Այդ խոսքերի վրա ներս մտավ Վարդուշ մորքուրը` տարածելով թարմ բաստուրմայով ձվածեղի բուրմունքը։ Քանի որ նա նմանատիպ «կամպանյաների» հետ շփումների մեծ փորձ ուներ, որոշել էր լոլիկի փոխարեն բաստուրմա օգտագործել, որպեսզի մի քիչ մեղմացնի ալկոհոլի ազդեցությունը։
Պետական գործիչները եւս մեկ բաժակով ամփոփելով ծնելիության հարցը` անցել էին, այսպես ասած, «տանը մնացած» աղջիկների ու, ելնելով գենդերային հավասարության սկզբունքից, չամուսնացած տղաների շատ արդիական խնդրին։

Վարդուշ մորքուրը դիմեց նրանց.
- Էրեխեք ջան, քանի տաք է, կերեք։ Համ էլ, տեսնում եմ, մի քիչ քարահունջը չարաշահել եք, հը՞:
- Ծյոծ Վարդուհի,- առաջին քաղտեխնոլոգից իր գալանտությամբ որոշեց ետ չմնալ երրորդը,- սա մեզ համար քանակ չի։ Եկեք միասին բաժակ բարձրացնենք Ձեր առաջադրած առաջին խնդրի ամբողջացման համար։

Խմեցին ու շարունակեցին ուղեղա-ալկոհոլային ալեբախումները։
- Ինչ վերաբերում է Վարդուհի ծյոծյայի առաջ քաշած երկրորդ խնդրին,- առաջին քաղտեխնոլոգն արդեն դժվարությամբ էր բառերն արտաբերում, -ապպա, պապա, ապա սրա լուծումն ամենահեշտն ու լուսավորն է. բոլոր չամուսնացած կանանց՝ մի լավ ամուսին եւ բոլոր չամուսնացած տղամարդկանց` գեղեցկուհի, առաքինի, բարի զուգընկերուհի։
Աշխուժակի թայը երջանիկ էմոցիաների ազդեցության տակ գլուխն էր թափահարում ու ինչ-որ անհասկանալի բառեր քրթմնջում։
Տեսնելով, թե ինչ ահավոր ավերածությունների է հանգեցրել քարահունջի օղու եւ վիսկարիկի ոչ ավանդական կոկտեյլը, Վարդուշ մորքուրը խղճահարությամբ նայեց «ուղեղային» խմբակին ու հարցրեց.
- էրեխեք ջան, մի հատ ընտիր սուրճ չեփե՞մ` խմենք։
Մի երկուսը միայն կարողացան տմբտմբացնել գլուխները եւ ինչ-որ անհասկանալի բառեր մրթմրթալ։
- Դե, ես գնացի,- ասաց Վարդուշ մորքուրն ու սկսեց աստիճաններով բարձրանալ։ Հասնելով վերեւի հարթակին ու հիշելով, որ չի պարզել ամենակարեւորը, ձայն տվեց։- Էրեխեք, մոռացա հարցնեմ, կոֆեն ո՞նց պատրաստեմ։
Աշխուժակի թայը, որը դեռ կարողանում էր կենդանության նշաններ ցույց տալ, մի կերպ բարձրացրեց գլուխը, շաղված հայացքը փորձեց կենտրոնացնել ձայնի ուղղությամբ ու լալահառաչեց.
- Մեր կյանքի պես դառն ու անսեր։

Հաջորդ առավոտյան Վարդուշ մորքուրը թակեց հիմնական աշխուժակի առանձնասենյակի դուռը։ Երեւաց ծանր խումհարից տառապող մարդու դեմքը, որը մի կերպ արտաբերեց.
- Ի՞նչ կա, մորքուր ջան։
Վարդուշ մորքուրը, դուռը զգուշորեն ծածկելով, ներս մտավ.
- Երեկ հոգնած էիք, չհասցրի ասել ամենակարեւոր խնդրի մասին` թոշակների։ Էդ կոպեկներով խեղճ թոշակառուն ինչպե՞ս ապրի։
- Վայ, Վարդուշ մորքուր, ժամանակ գտա՞ր,- նեղսրտեց աշխուժակը։- Մեռանք բարձրացնելով էդ անտեր թոշակները։
Հետո, տեսնելով, որ խոհանոցի հուրուն նեղանալու նշաններ է ցուցաբերում, խաղաղասիրաբար ավելացրեց.
- Լավ, հետո էդ հարցն էլ կքննարկենք տղաների հետ։
- Հա, մոռացա հարցնեմ,- հանկարծ հիշեց Վարդուշ մորքուրը,- թոռնուհիս հարցնում էր, թե Սնուփ Դոգի՞ց ինչ լուր կա։

Հիմնական աշխուժակը բազկաթոռից դանդաղ իջավ գետնին ու հուսահատ տնքաց.
- Մորքուր, որոշել ես ինձ վերջնական սպանե՞ս։ Ավելի լավ ա մի գրաֆին թան բեր։
ՀԳ. Հաջորդ օրը Վարդուշ մորքուրի ֆուրոր առաջացրած «Տրամաբանական օրակարգ» անվանումով նոր կերակրատեսակը ծանրագույն հետեւանքներ ունեցավ հայկական պետականության վրա։ Այդ օրը պետք է ընդունվեր կենսական նշանակության նոր օրենք։ Բայց... Նիստը տեղի չունեցավ։ Քվորում չկար։ ՔՊ-ական ազգընտիրները ճաշից հետո շարված էին ոչ թե ԱԺ դահլիճի մուտքերի մոտ, այլ՝ շենքի միջանցքի վերջնամասում գտնվող այլ դռների դիմաց, եւ միակ բանը, որ մեկը մյուսին ասում էր, սա էր՝ մի քիչ արագ, էլի, խնդրում եմ, էլ չեմ դիմանում։

Աշոտ Նազարյան