«Եզակի լինելու» հնարավորությունը

«Եզակի լինելու» հնարավորությունը

Հունիսի 22-ին Երեւանում անցկացվել է «Orion Summit 2022» անվանումը կրող տեխնոլոգիական գագաթնաժողով, որի ընթացքում քննարկվել են տեխնոլոգիական բիզնես-աշխարհի թեմաներ: Ըստ կազմակերպիչների, «Orion Summit»-ը վերածվում է գործարքներ կնքելու հարթակի: Հաջորդ տարի այն տեղի է ունենալու Նյու Յորքում, իսկ 2024-ին՝ Ֆրանկֆուրտում: Նպատակը հայկական ծագում ունեցող ստարտափներին խոշորագույն համաշխարհային ընկերությունների տեսադաշտում հայտնվելու, համագործակցելու հնարավորություն տալն է: Այդ հարթակում ելույթ է ունեցել նաեւ ՀՀ կենտրոնական բանկի (ԿԲ) նախագահ Մարտին Գալստյանը, ով հռետորական հարց է տվել, թե ԱՄՆ դոլարի նկատմամբ դրամի 5-10% արժեզրկումն արդյո՞ք այն խթանն է, որն անհրաժեշտ է արդյունավետ լինելու համար։ Դրան անդրադարձել է «Հրապարակի» իմ գործընկեր Էդիկ Անդրեասյանը: Լավ է անդրադարձել՝ այդ թեմայով ավելին ասելու տեղ էլ չի թողել: Ընդամենը ավելացնեմ, որ ԿԲ նախագահի ելույթն ինձ հիշեցրեց նախկիններին՝ որքա՜ն նման են իրար նախկիններն ու նորերը:

Իսկ ես ուզում եմ ընթերցողին ներկայացնել «Orion Summit»-ին առնչվող՝ ԿԲ նախագահի ելույթի թեզը: Անդրադառնալով դրամն արհեստականորեն արժեզրկելու՝ արտահանողների կոչին՝ վերջինս նրանց խորհուրդ է տվել «լինել եզակի»: Եվ կոչ է արել հույս չդնել միայն արհեստականորեն արժեզրկված փոխարժեքի՝ որպես ԿԲ «ինովացիոն քաղաքականության գործիքի» վրա:

Նորարարական գործարար համաժողովում արտահանողներին «եզակի լինելու» խորհուրդն առաջին հայացքից թվում է տեղին: Մնում է տեսնել, թե հիմնականում ինչ է արտահանվում Հայաստանից: Կարճ որոնումից հետո կանգ առա Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական կայքի «Արտահանման վիճակագրություն» բաժնի աղյուսակներից մեկի վրա: 

Հոդվածի վերջում ներկայացրել եմ ՊԵԿ կայքից պատճենված աղյուսակը՝ միայն 2021 թ․ տվյալներով: Այն ցույց է տալիս, թե որքանով է հայաստանյան արտահանումը համապատասխանում «եզակի լինելու» հնարավորությանը: Ինչ մնում է նորարարական տեխնոլոգիաներին, ապա իրավիճակը պատկերացնելու համար ասեմ, որ հեղահաղորդակցման, համակարգչային եւ տեղեկատվական ծառայությունների արտահանման բաժինն ընդհանուր արտահանման ծավալում կազմում է ընդամենը 10 տոկոսից մի փոքր ավելի: ԿԲ նախագահն ինձնից լավ գիտի, որ Հայաստանը Սիլիկոնային հովիտ (ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգում գտնվող՝ տեխնոլոգիական ընկերությունների հավաքատեղի) դարձնելը նույնիսկ մեկ տասնամյակի խնդիր չէ: Եթե, իհարկե, ՀՀ-ն ունենա ադեկվատ իշխանություն: Այն, ինչ, դժբախտաբար, գոյություն չունի այսօր:

Աղյուսակում ներկայացված են ապրանքներ, որոնց գները կարող են փոփոխվել ոչ թե նորարարական լուծումների, այլ ընդամենը դոլար-դրամ փոխարժեքի, լոգիստիկ ծախսերի եւ այդ ապրանքների նկատմամբ պահանջարկի-առաջարկի փոփոխությամբ պայմանավորված: Այնպես որ, «եզակի լինելու» հնարավորությունը պետք է փնտրել ոչ թե հայաստանյան արտահանողների շրջանում, այլ նախկինների գործն ու ավանդույթները շարունակող՝ գործող իշխանության գործունեության մեջ: 

Անցնենք Հայաստանից արտահանված առավել բարձր մաքսային արժեք ունեցող ապրանքների քանակական եւ արժեքային տվյալներին: Առավել բարձր մաքսային արժեք ունեցող արտահանվող ապրանքների ցանկում առկա է 37 ապրանքային խումբ, եւ միայն 10-ն է, որ գերազանցում է 50 մլն ԱՄՆ դոլարի շեմը: Եվս 6 ապրանքային խումբ գերազանցում է 20 մլն ԱՄՆ դոլարի շեմը: Մնացած 21-ը տեղավորվում են 10-20 մլն ԱՄՆ դոլարի տիրույթում: Ինչպես երեւում է, աղյուսակում ներկայացված ապրանքախմբերից միայն հատուկենտում է տեսականորեն հնարավոր նորարարական ինչ-որ լուծումների շնորհիվ բարձրացնել դրանց ավելացված արժեքը եւ ըստ այդմ՝ մաքսային արժեքը: