Դատարանը թույլ չի տվել, որ Գագիկ Խաչատրյանը մեկնի Գերմանիա՝ բուժման

Դատարանը թույլ չի տվել, որ Գագիկ Խաչատրյանը մեկնի Գերմանիա՝ բուժման

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում,  դատավոր Արթուր Մկրտչյանի նախագայությամբ, ՊԵԿ նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի եւ նրա եղբորորդու՝ Կարեն Խաչատրյանի գործով դատական նիստը հետաձգվեց, քանի որ Գագիկ Խաչատրյանն իր գործով նիստին ներկա չէր։

Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը դատարանից դուրս գալով` լրագրողների հետ զրույցում ասաց, որ Գագիկ Խաչատրյանը դատական նիստին չէր կարողացել ներկայանալ, քանի որ առողջական վիճակը թույլ չի տալիս, որպեսզի նիստերին մասնակցի. «Ինչու թույլ չի տալիս, որովհետեւ այս մեկ տարվա ընթացքում պետական մարմիններն ամեն ինչ արեցին, որ միայն բացասական դինամիկա տեղի ունենա։ Նույնիսկ նույն դիրքում երկարաժամկետ նստելուց ուժեղ ցավեր են առաջանում, ինչն անհնարին է դարձնում նիստին իր մասնակցությունը»։

Պաշտպանական կողմը դատական նիստի ընթացքում ներկայացրել է բժշկական փաստաթուղթ, որում արձանագրված էր, որ կա բացասական դինամիկա, այդ պատճառով չի ներկայացել Գագիկ Խաչատրյանը։

Դատարանին միջնորդել են` թույլ տալ, որ Գագիկ Խաչատրյանը մեկնի Գերմանիա՝ բուժման, սակայն դատարանը մերժել է այդ միջնորդությունը․

«Մերժեց անհասկանալի պատճառաբանություններով։ Պատճառաբանություններն այնպիսին են, որ Հայաստանում կարող են պատշաճ բժշկական օգնություն ստանալ, բայց մոռանում ենք՝ հենց պետությունը նախաձեռնել է 2 բժշկական կոնսիլիումներ՝ ՀՀ լավագույն մասնագետների ներգրավմամբ, հենց իրենք էին արձանագրել, որ Հայաստանում այս վիրահատությունը հնարավոր չի կատարել»։

Երեմ Սարգսյանի խոսքով՝ Գագիկ Խաչատրյանն իր բուժումը ստանում է տնային պայմաններում։

Դիտարկմանը, որ Գագիկ Խաչատրյանը չի ներկայանում դատական նիստերին, եւ, ըստ էության, նիստերը հետաձգվում են, հարցին՝ ինչպե՞ս է ինքը պատկերացնում այս դատական գործի հետագա ընթացքը, պաշտպանն ասաց.

«Անձը պետք է վիրահատվի, որպեսզի կարողանա ներկայանալ դատական նիստերին։ Եթե պետությունն այս միջոցները չի ձեռնարկում, սա նշանակում է, որ դիտավորյալ գործողություններ են կատարվում, այդ թվում՝ խոշտանգման հետ կապված։ Երբ անձն ունի սուր ցավեր, եւ պետությունն այնպես է անում, որ ինքը պարտադրված այդ ցավերը կրի, սա նշանակում է՝ վատ վերաբերմունք, խոշտանգում»։

Հիշեցնենք. Գագիկ Խաչատրյանն ազատ էր արձակվել հոկտեմբերի 29-ին՝ գրավի դիմաց։

Գագիկ եւ Կարեն Խաչատրյանները մեղադրվում են պետական գործունեության ընթացքում թույլ տված ենթադրյալ պաշտոնեական դիրքի չարաշահման, գույքի վատնման եւ պաշտոնեական կեղծիքի համար։ Երկուսն էլ չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքը։

Գագիկ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ), 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (յուրացնելը կամ վատնելը` առանձնապես խոշոր չափերով), 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (կաշառք ստանալը), 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք):

Կարեն Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (յուրացնելը կամ վատնելը` առանձնապես խոշոր չափերով) եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք):