Արցախի տոնը`վախի մթնոլորտում եւ պառակտված «միասնականությամբ»

Արցախի տոնը`վախի մթնոլորտում եւ պառակտված «միասնականությամբ»

Արցախի պատմության մեջ առաջին անգամ Հայաստանի բարձրաստիճան ղեկավարությունից ոչ ոք չի այցելել Արցախ` մասնակցելու Արցախի Հանրապետության օրվան նվիրված միջոցառումներին: Այս տարին, ի դեպ, հոբելյանական էր` նշվում էր Արցախի Հանրապետության 30-ամյակը: Պատճառը շատ պարզ է` Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցներն Ալիեւից էին վախեցել, քանզի Ադրբեջանի նախագահն այս ընթացքում քանիցս հայտարարել է, որ արգելում է Հայաստանի իշխանություններին այցելել Ղարաբաղ: Եվ, հավանաբար, հենց Ալիեւի ահից կամ Ադրբեջանին չզայրացնելու համար այս տարի չայցելեցին Արցախ: Եվ սա այն դեպքում, երբ պարբերաբար խոսում են Արցախի շուրջ բոլոր ուժերի միասնականության մասին։ Իսկ այսօր այսպես պառակտված «միասնականությամբ» ենք նշում Արցախի Հանրապետության օրը, եթե դա կարելի է «նշում» անվանել:

Հայաստանից ԱԺ պատվիրակություններ են ժամանել Արցախ` մասնակցելու ԱԺ հատուկ կամ հանդիսավոր նիստին, որը նախատեսված էր անցկացնել երկու խորհրդարանների պատգամավորների մասնակցությամբ: Ի դեպ, նման նիստ Արցախի օրն առաջին անգամ էր տեղի ունենում, դա Սահմանադրությամբ եւ ԱԺ կանոնակարգով նախատեսված չէր, արհեստածին նիստ էր, որը կազմակերպել էին, որպեսզի դրանով փակեին Արցախի Հանրապետության օրվան նվիրված միջոցառումներ չկազմակերպելու բացը: Իսկ միջոցառումներ` որպես այդպիսին, Արցախի իշխանությունները չէին կազմակերպել, ընդամենը երեկ գնացել են եղբայրական գերեզմանոց` ծաղիկներ դնելու, եւ վերջ:

Մինչդեռ նախորդ տարիներին մեծ շուքով էին նշում Արցախի Հանրապետության օրը` Ստեփանակերտում Հայաստանի եւ Արցախի բարձրաստիճան պաշտոնատար անձանց մասնակցությամբ հանդիսավոր արարողություններով, հետո ավտոերթով դեպի Շուշի էին մեկնում, այնտեղ եւս՝ միջոցառումներ, ճաշկերույթ: Հիմա Շուշիում արդեն ադրբեջանցիներն են, Ստեփանակերտում էլ տոնական տրամադրություն չէր զգացվում:

Ի դեպ, սկանդալային էր նաեւ Հայաստանի Ազգային ժողովին ուղղված պատվիրակության հրավերը: Պարզվեց` Հայաստանի իշխանությունների թելադրանքով, վստահաբար` Ալիեւին չնեղացնելու ներքին պատճառաբանությամբ, Արցախի ԱԺ-ն «նախատեսել» էր ընդունել ընդամենը 11 պատգամավորի՝ երեք խմբակցություններից, որոնցից 7-ը` ՔՊ-ից, 3-ը` «Հայաստան», իսկ 1-ը` «Պատիվ ունեմ» խմբակցությունից: Բայց ընդդիմադիր խմբակցությունները չէին ընդունել այդ պայմանն ու ներկայացել էին նախատեսվածից ավելի մեծ կազմով:

Օրինակ` «Հայաստան» խմբակցությունն Արցախ էր ժամանել եւ ԱԺ նիստին մասնակցում էր 11 հոգանոց կազմով, «Պատիվ ունեմ»-ից էլ երկու հոգի էր այցելել Արցախ` Արթուր Վանեցյանն ու Տիգրան Աբրահամյանը, թեպետ նիստին միայն Վանեցյանն էր ներկա: Ի դեպ, ընդդիմադիրների` «Հայաստան» խմբակցությունից Արմեն Ռուստամյանի եւ «Պատիվ ունեմ»-ից Արթուր Վանեցյանի ելույթներից հետո դահլիճից հնչեցին ծափահարություններ, փոխարենը ծափ չտվեցին ՔՊ-ից Ռուբեն Ռուբինյանի ելույթից հետո: Սա եւս վերաբերմունք էր Հայաստանի իշխանությունների հանդեպ։ Նկատելի էր, որ արցախցիները վիրավորված են, որ Հանրապետության տոնին Արցախ այցելած ամենաբարձր պաշտոնյան ընդամենը ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանն է:

Արցախի խորհրդարանից էլ Արցախի իշխանությունների հանդեպ իր վերաբերմունքն արտահայտեց Արցախի Ազգային ժողովի ընդդիմադիր «Արդարություն» խմբակցությունը, որի ղեկավար Դավիթ Գալստյանը մեզ հետ զրուցում ասաց, որ իրենց արգելել են ելույթ ունենալ նիստի ընթացքում, իսկ իրենք չեն ցանկացել ձայնազուրկի կարգավիճակում մասնակցել նիստին եւ որոշել են բոյկոտել նիստը:

ՔՊ-ական պատգամավորների յոթ հոգանոց խմբին, ի դեպ, ՊՊԾ-ից տրամադրված 12 կամ գուցե ավելի թվով անվտանգության աշխատակիցներ էին ուղեկցում: Եվ սա այն դեպքում, երբ Ռուբինյանից սկսած` այս պատվիրակության ՔՊ-ական պատգամավորներից եւ ոչ մեկը հատուկ պահպանվող անձ չէ: Բայց բյուջեի հաշվին նրանց տասից ավելի թիկնապահ էր տրամադրվել, որ նրանց անվտանգությունն ապահովեին: Թե ումից էին վախենում, այն էլ՝ Արցախում, դժվար է ասել: Հազիվ թե ադրբեջանցիները որեւէ վտանգ սպառնային իրենց համար խաղաղության դարաշրջան բացող Հայաստանի իշխանության ներկայացուցիչներին: Վստահաբար, ՔՊ-ականները նաեւ գործուղման ծախս էին դուրս գրել բյուջեից՝ Արցախ մեկնելու համար: Իսկ ընդդիմությունը, հակառակը, Արցախ էր այցելել իր միջոցներով:

Երբ ՔՊ-ից Արմեն Խաչատրյանին հարցրինք, թե ինչու Հայաստանի բարձրաստիճան ղեկավարությունից ոչ ոք չի այցելել Արցախ, նա նախ ասաց` բա մենք ի՞նչ ենք: Երբ բացատրեցինք, որ վարչապետի, նախագահի, ՔՊ-ական որեւէ նախարարի մակարդակով ոչ ոք ներկայացված չէ Արցախում, Խաչատրյանը սկսեց կցկտուր արդարացումներ բերել, թե՝ նախագահին հարցրեք, Ռուբինյանը եկել է որպես փոխնախագահ, վարչապետն արձակուրդում է եւ այլն: Իսկ երբ նկատեցինք, թե գուցե Ադրբեջա՞նը թույլ չի տվել այցելել Արցախ, Խաչատրյանն «աքլորացավ», թե Ադրբեջանը չի կարող թույլ տալ կամ չտալ: Բայց փաստն այն է, որ թույլ չի տվել, եւ նրանք էլ վախեցել են գալ:

Նիստից հետո Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի հրավերով պատգամավորները մեկնեցին Գանձասար` մասնակցելու մշակութային միջոցառման, ապա նաեւ՝ պաշտոնական ճաշի: ՔՊ-ականները, բնականաբար, մասնակցել էին ճաշին: «Պատիվ ունեմ» խմբակցությունը կտրականապես մերժել էր հրավերը եւ չէր մասնակցել «Արցախը հանձնած իշխանությունների հետ» նույն սեղանի շուրջ կազմակերպված ճաշկերույթին: Նրանք նաեւ նախորդ օրն էին մերժել հրավերը: Իսկ «Հայաստան» խմբակցությունից Արցախի ԱԺ նախագահի հրավիրած ճաշին մասնակցել էր մի մասը միայն` հիմնականում ՀՅԴ-ականներն ու Արթուր Ղազինյանը, Վահե Հակոբյանի թեւը ես մերժել էր հրավերը:

Պատգամավորներից ոմանք նիստից հետո, իրենց օրակարգով, առանձին հրավերներ ունեցան Արցախում գործող տարբեր քաղաքական ուժերի եւ անհատների հետ, մասնավորապես, մեր տեղեկություններով, ոմանք այցելել են Բակո Սահակյանին: